Քաղաքական

08.12.2010 18:25


Գագիկ Բեգլարյանը հրաժարական է տվել

Գագիկ Բեգլարյանը հրաժարական է տվել

Արդեն մի քանի օր է տեղեկություններ են տարածվել, թե Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը դեկտեմբերի 4-ին դաժան ծեծի է ենթարկել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի աշխատակազմի արարողակարգային բաժնի աշխատակից Արամ Կանդայանին՝ Կնդոյին: Դրանից հետո լուրեր տարածվեցին, որ միջադեպի կապակցությամբ Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։

Հիշեցնենք՝ երեկ ՀՀ նախագահի մամլո խոսնակ Արմեն Արզումանյանը «7օր»-ին հաղորդել էր, որ Կարեն Կարապետյանի՝ հրաժարականի դիմում ներկայացնելու մասին տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում։

Ինչ վերաբերում է Գագիկ Բեգլարյանի կողմից Արմեն Կանդանյանին ծեծի ենթարկելու մասին լուրերին, այսօր ՀՀ ոստիկանությունից «7օր»-ին ասել են, որ իրենք նման տեղեկություն չունեն։

-Ոստիկանություն  չի դիմել ոչ մեկը։ Հայտարարություն տվող չի եղել,-«7օր»-ին ասել է Ոստիկանության պետի առաջին տեղակալ Արմեն Կրոյանը։

Իսկ քիչ առաջ ՀՀ նախագահի մամուլի խոսնակ Արմեն Արզումանյանն էլ հայտարարել է, որ միջադեպն իսկապես տեղի է ունեցել.

- Այո՛, ցավոք միջադեպ տեղի ունեցել է: Իհարկե՛ մեր մամուլը դեպքերի իր նկարագրության մեջ դրանք չափազանցրել է. մասնավորապես, չի եղել ո՛չ առեւանգում, ո՛չ էլ դաժան ծեծ: Բայց այդպիսի դեպք իսկապես տեղի ունեցել է,- ասել է Արմեն Արզումանյանը։

Դեկտեմբերի 8-ին Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը դիմում է ներկայացրել Երևանի քաղաքապետի պաշտոնից իր հրաժարականի մասին: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։

Խոսակցություններ կան, որ քաղաքապետի պաշտոնին հավակնում է փոխքաղաքապետ Տարոն Մարգարյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը