Մեկնաբանություն

25.12.2018 00:20


Նիկոլ Փաշինյանը վերանայեց իր տեսակետը սուպերվարչապետության մասին

Նիկոլ Փաշինյանը վերանայեց իր տեսակետը սուպերվարչապետության մասին

Մինչև իշխանափոխությունը շատերը, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանը, քննադատում էին Սերժ Սարգսյանին նոր Սահմանադրության շրջանակներում սուպերվարչապետական լիազորություններ սեփականաշնորհելու համար: Սարգսյանը մեղադրվում էր անձնիշխանական համակարգ կառուցելու և խորհրդարանին կցորդ սարքելու մեջ:

Փաշինյանը արդարացիորեն քննադատում էր այդ սուպերվարչապետական համակարգը և խոստանում, որ իշխանափոխությունից հետո այն կվերանայի ու կբալանսավորի:

Խոսվում էր նաև այն մասին, որ խորհրդարանական կառավարման համակարգին անցնելը նշանակում է օրենսդիր մարմնի դերի բարձրացում և այդ մարմնի վերահսկողական լիազորությունների ավելացում: Խոսքը մասնավորապես վերաբերում էր ուժային կառույցների վերահսկողությանը:

Սերժ Սարգսյանն այնպիսի օրենսդրական փաթեթներ էր ներկայացնում ԱԺ-ին, ըստ որոնց՝ ոստիկանությունը և ԱԱԾ-ն ենթարկվում էին վարչապետին: Դրանք վարչապետին կից մարմիններ էին դարձվել, այլ ոչ թե նախարարություններ: Նպատակը պարզ էր՝ ուժայիններին ենթարկեցնել ոչ թե խորհրդարանին, այլ անձամբ վարչապետին:

Ինչպես հայտնի է, առանձին նախարարների խորհրդարանը կարող է պաշտոնանկ անել: Ու թեև խորհրդարանի և՛ իշխանական, և՛ օրենսդիր հատվածները 2017-ի ԱԺ ընտրությունների արդյունքում հայտնվել էին իր գրպանում, այդուհանդերձ նա ուժայիններին մոտ չթողեց օրենսդիրին: Սարգսյանն օրենսդրական փաթեթով զրկել էր իր կողմից ամբողջությամբ վերահսկելի խորհրդարանին ուժայիններին որևէ ձևով միջամտելու հնարավորությունից, ինչը ցույց էր տալիս, որ օրենսդիր մարմինը նրա կողմից դիտարկվում էր ընդամենը որպես դակիչ օղակ:

Տեղի ունեցավ իշխանափոխություն, բայց Նիկոլ Փաշինյանը, ով նախկինում քննադատում էր Ս. Սարգսյանի սուպերվարչապետական լիազորությունները, պահպանեց այն համակարգը, որը «կարվել» էր Սերժ Սարգսյանի վրայով:

Մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողներից մեկը վարչապետ դարձած Փաշինյանից հետաքրքրվել էր, թե արդյոք նա իրեն հարմարավե՞տ է զգում այն սուպերվարչապետական կոստյումի մեջ, որը «պատրաստվել էր» Սերժ Սարգսյանի հագով, և արդյոք չի՞ ցանկանում դրանից հրաժարվել: «Սազո՞ւմ է»,-կեսկատակ արձագանքել էր Փաշինյանը:

Փաշինյանն ասել էր, որ ինքը դեմ է, որ իշխանությունը խորհրդարանական կառավարման համակարգի պայմաններում բալանսավորվի վարչապետի ու նախագահի միջև: Ըստ նրա՝ բալանսավորումը պետք է լինի կառավարության, դատական իշխանության և օրենսդիր մարմինների միջև:

Այսօր ներկայացվել է ««Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որից պարզ է դառնում, որ ոչ մի բալանսավորում օրենսդիր ու գործադիր, ավելի ճիշտ՝ օրենսդիր մարմնի ու վարչապետական ինստիտուտի միջև տեղի չի ունենալու, քանզի ուժայինները մնացել են վարչապետին կից կառույցներ և որևէ կերպ հաշվետու չեն օրենսդիրին: ՊԵԿ-ը նույնպես մնում է անձամբ Փաշինյանին կից կառույցի կարգավիճակում:

Ինչո՞ւ Փաշինյանը կրկնեց Սերժ Սարգսյանին: Վերջինս չէր վստահում իր պատգամավորներին ու նաև չէր կարծում, որ նրանք ունեն այնքան կշիռ, որպեսզի ուժայիններին վերահսկեն:

Խորհրդարանում 70 տոկոս պատգամավորական աթոռներ զբաղեցրած «Իմ քայլը» դաշինքին Փաշինյանը չի՞ վստահում: Թե՞ կարծում է, որ նախկինում հնչեցրած տեսակետները կարելի է շատ հանգիստ մոռանալ, ինչպես որ բազմաթիվ այլ դեպքերում է եղել՝ սկսած պարտադիր կուտակայինից մինչև արագաչափեր:

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը