Մեկնաբանություն

24.12.2018 13:20


Փողոցն՝ ընդդեմ իշխանության

Փողոցն՝ ընդդեմ իշխանության

Քանի դեռ Նիկոլ Փաշինյանը փողոցից կաբինետ չի տեղափոխվել, իրեն ձեռնտու են փողոցային ինքնաբուխ և ոչ այնքան ինքնաբուխ ակցիաները: Բայց վաղ թե ուշ նա պետք է տեղափոխվի կաբինետ ու սկսի որոշումներ կայացնել՝ երբեմն ցավոտ, երբեմն ճիշտ, երբեմն սխալ, երբեմն ստիպված, իսկ որպես կանոն՝ էկլեկտիկ որոշումներ: Ահա այդ ժամանակ արդեն նրան կսկսի խանգարել «փողոցը»:

Եթե այսօր կարելի է «փողոցին» հանել Մանվել Գրիգորյանի ու նրա խափանման միջոցը փոխող դատավորի դեմ և դեմքի անմեղ արտահայտությամբ հայտարարել, թե բա գեներալի խափանման միջոցը փոխելու որոշումը անակնկալ է եղել քո համար, ապա վաղը նույն այդ «փողոցը» կարող է անկեղծորեն հավատալ, որ որոշումները հենց փողոցում են կայացվում ու սկիզբ դնել անարխիայի: Հո չե՞ս կարող ոստիկանական ուժ կիրառել կամ փողոց դուրս եկածներին հռչակել հակահեղափոխականներ:

Փողոց դուրս եկածների դեմքերից զգացվում է, որ իրենք լրիվ «թրենդի» մեջ են՝ գոռգոռում են, պատառ-պատառ անելու կոչեր են հնչեցնում, մորուք են թողնում ու «լայվ» են մտնում «դեպքի վայրից»: Այնպես որ նրանց դեմ ոստիկանություն հանելը գոնե սկզբնական փուլում դժվար կլինի: Իսկ դա իր հերթին կդժվարացնի որոշումների կայացումը: Այսինքն՝ ստացվում է, որ փողոցով իշխանության եկածների թիվ մեկ խնդիրը ... փողոցն է:

Ցանկացած իշխանություն, անկախ այն բանից, թե ինչպես է եկել իշխանության, աթոռին հասնելուն պես դեմ է լինում իշխանափոխությանը և դառնում խիստ պահպանողական: Մեր դեպքում բացառություն չկա: Փաշինյանը, բնականաբար, արդեն դեմ է, որ մարդիկ հավաքվեն փողոցում, քանզի «փողոցն» արդեն այս իշխանության դեմ է: Միգուցե «փողոցի» հռետորաբանությունը դեռ հակաիշխանական չէ, բայց դա ժամանակի հարց է: Հենց իներցիան անցավ, իշխանությունն ու «փողոցը» դառնալու են խոր անտոգոնիստներ:

Ի դեպ, մինչև այժմ Փաշինյանը շատ բաներ է արել, որը նախկինում քննադատել է, այդ թվում՝ ոստիկանական ուժի կիրառումը:

Հայկ Ուսունց

Այս խորագրի վերջին նյութերը