Մեկնաբանություն

21.12.2018 10:25


Ի՞նչ է որոշելու Փաշինյանը. Հայաստանը «իզգոյացվում» է ՀԱՊԿ-ում

Ի՞նչ է որոշելու Փաշինյանը. Հայաստանը «իզգոյացվում» է ՀԱՊԿ-ում

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի հետ կապված Նիկոլ Փաշինյանի սխալ որոշումը խնդիր է դարձել ոչ միայն Հայաստանի, ոչ միայն ՀԱՊԿ անդամ երկրների, այլ անձամբ իր համար:

Բանն այն է, որ հիմա Փաշինյանը, այլ հարցերից զատ, դեմքը փրկելու խնդիր ունի: Նա փորձեց «տղայական» և էժանագին թերթի գլխավոր խմբագրի ոճով Բելառուսի նախագահ Լուկաշենկոյին «կպնել», բայց փոխարենը ստացավ այնպիսի պատասխան, որ հիմա պարզապես ինքնափչացմանը հավասար բան կլինի Բելառուսի ներկայացուցչին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում համաձայնություն տալը: Հատկապես որ Խաչատուրովի պատմությունից հետո բազմիցս հայտարարվել է, որ այդ պոստը Հայաստանին է մնալու մինչև իր կանոնադրական ժամկետի ավարտը, այսինքն՝ մինչև 2020 թվականը:

Ճիշտ է, հետագայում Փաշինյանը փորձել է ինքն իր համար հետդարձի ճանապարհ ապահովել՝ հայտարարելով, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը չորրորդական է և կարևորը փոխադարձ պարտավորություններն են, բայց Լուկաշենկոյի հայտարարություններից հետո «Իմ քայլը» դաշինքի ղեկավարը հայտնվել է ծանր վիճակում՝ ծանր վիճակի մեջ դնելով նաև Հայաստանին:

Ինչպես հայտնի է, ՀԱՊԿ անդամ 6 պետություններից 4-ը՝ Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը և Տաջիկստանը ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի դերում պաշտոնապես առաջարկում են Բելառուսի ներկայացուցչին: Նրանց այդ որոշումն ուղեկցվեց ՀՀ խորհրդարանական ընտրությունները ցուցադրաբար արհամարհելու և Փաշինյանին չշնորհավորելու ակցիայով: Ակցիա, որը գլխավորում էր Ռուսաստանը, որտեղից Փաշինյանը նույնպես չստացավ շնորհավորանք ու ստացավ ԱԳՆ խոսնակ Զախարովայի «շուլուխը»: Հայաստանն, ըստ այդմ, «իզգոյացվել» է ՀԱՊԿ-ում: Սա՛ էր «դուխով», այլ ոչ թե ԽԵԼՔՈՎ արտաքին քաղաքականության արդյունքը:

Հիմա Փաշինյանն ունի հետևյալ 2 տարբերակները՝

1.Համաձայնել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Բելառուսի ներկայացուցչի թեկնածությանը՝ այդպիսով ինքնանվաստացման գնալով և Հայաստանին զրկելով գլխավոր քարտուղար ունենալու ժամկետային հնարավորությունից,

2.Չհամաձայնել Բելառուսի ներկայացուցչի թեկնածությանը և «վետո» կիրառել, ինչը հնարավոր է, որ բերի ՀԱՊԿ անդամ առնվազն 4 պետությունների միասնական դիրքորոշմանը՝ Հայաստանին ՀԱՊԿ-ից հեռացնելու հարցում, կամ էլ՝ Փաշինյանն ինքը պետք է որոշում կայացնի դրանից հետո դուրս գալ ՀԱՊԿ-ից, քանզի Ռուսաստանը հաստատ չի պաշտպանելու Հայաստանին՝ ընդդեմ ՀԱՊԿ անդամ մյուս 4 պետությունների:

3-րդ տարբերակն այն կլիներ, որ գտնվեր միջանկյալ լուծում, այսինքն՝ մինչև 2020 թվականը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում մնար ներկայիս ժամանակավոր պաշտոնակատարը, որը ՌԴ ներկայացուցիչն է, բայց այդ տարբերակն արդեն օրակարգից դուրս է եկել՝ 4 պետությունների միասնական դիրքորոշման ու ՀՀ-ՌԴ հարաբերությունների վատացման արդյունքում:

Փաշինյանը, փաստորեն, ՀԱՊԿ-ում հիմա ունի վատ և ավելի վատ սցենար: Վատն այն է, որ Հայաստանը Լուկաշենկոյի «փչացումից» հետո «չուժոյի» կարգավիճակ է ունենում «սվոյների» ակումբում և դառնում անկյուն քշված:

Ավելի վատ սցենարն այն է, որ Հայաստանը հեռանում կամ հեռացվում է ՀԱՊԿ-ից: Թե ինչի դա կարող է հանգեցնել, լրացուցիչ բացատրության կարիք չկա: 1920 թվականին մենք համանման իրավիճակում եղել ենք: Տարբերությունն այն է, որ հիմա նույնիսկ պսեվդոպետականություն ունենալու հնարավորություն չենք ունենա:

Այս պատմության մեջ միայն մեկ բան է դեռևս անհայտ մնում. Նիկոլ Փաշինյանն իր «դուխով» քայլերն անում է գիտելիքների ու փորձի պակասի՞ արդյունքում, թե՞ ամեն ինչ գիտակցված է անում: Եթե առաջին տարբերակն է, ապա կարելի է հուսալ, որ ժամանակի ընթացքում կսովորի (այդ ընթացքում Հայաստանը լուրջ հարվածներ կստանա, բայց դե սա է այն գինը, որը մեր ժողովուրդը պետք է վճարեր Սերժ Սարգսյանին 10 տարի հանդուրժելու համար. նրանից հետո, բնականաբար, պետք է գար Նիկոլի պես մեկը, որը նախորդ համակարգի մնացուկն է): Իսկ եթե Փաշինյանը գիտակցված է ՀԱՊԿ-ում խնդիրներ առաջացնում, ՌԴ-ի հետ սրում հարաբերությունները, ՀՀ-ին դնում հարվածի տակ և առաջնորդվում Ջոն Բոլթոնի պլանով, ապա սա արդեն լրիվ այլ խոսակցության թեմա է ու լրիվ այլ գնահատականի է արժանի:

Ամեն դեպքում այս հարցերի պատասխանները ստանալու համար շատ երկար չենք սպասի: Ինչպես ասում են՝ «օբյեկտն» ինքը 5 րոպեից աչքի կընկնի ու ամեն ինչ պարզ կդառնա:

Առջևում Ղարաբաղի հետ կապված զարգացումներն են: Զարգացումներ, որոնց մասին լռում է Փաշինյանը, և որոնց մասին ոգևորված խոսում է Ալիևը:

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը