Քաղաքական

20.12.2018 17:53


«Ի՞նչ եք կորցրել, ինչի հետևից եք ընկել». Բարսեղ Բեգլարյանը դատարանում է (տեսանյութ)

«Ի՞նչ եք կորցրել, ինչի հետևից եք ընկել». Բարսեղ Բեգլարյանը դատարանում է (տեսանյութ)

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների նստավայրում, այսօր՝ դեկտեմբերի 20–ին մեկնարկեց «Ֆլեշ» ՍՊԸ-ի նախագահ Բարսեղ Բեգլարյանի եւ «Ֆլեշ» ՍՊԸ-ի բազայի պետ Հրայր Հովսեփյանի գործով առաջին դատական նիստը։

Դատարանից NEWS.am-ի լրագրողը հայտնում է, որ Բարսեղ Բեգլարյանը մտնելով դատարան եւ տեսնելով, որ իրեն նկարահանում են, ասաց. «Ի՞նչ եք կորցրել, ինչի՞ հետեւից եք ընկել»։ Նա հրաժարվեց խոսել իրեն առաջադրված մեղադրանքի մասին։ Նշենք, որ «Ֆլեշ» ՍՊԸ-ի նախագահ Բարսեղ Բեգլարյանին եւ «Ֆլեշ» ՍՊԸ-ի «Քանաքեռ» բազայի պետ Հրայր Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված բռնություն գործադրելու սպառնալիքներով ինքնիրավչություն կատարելու համար։ Հրայր Հովսեփյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին, իսկ Բարսեղ Բեգլարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը դատախազությունը փոխել էր անձնական երաշխավորությամբ։

Նշենք, որ ինքնիրավչությունն օրենքով սահմանված կարգի խախտմամբ իր իրական կամ ենթադրյալ իրավունքներն ինքնակամ (ինքնագլուխ) իրականացնելն է, որն էական վնաս է պատճառել անձանց իրավունքներին կամ օրինական շահերին։

Նշենք, որ նախնական քննության տվյալներով՝ Ն.Բեգլարյանի հայրը՝ «Ֆլեշ» ՍՊԸ-ի սեփականատեր Բարսեղ Բեգլարյանը, «Ֆլեշ» ՍՊԸ-ի «Քանաքեռ» բազայի պետ Հ.Հովսեփյանի հետ միասին 2016 թվականի մարտի 28-ին՝ ժամը 09:30-ի սահմաններում, «Ֆլեշ Մոտորս» ՍՊ ընկերության կոնֆերենս սրահում ընկերության նախկին կոմերցիոն տնօրենին մեղադրել է յուրացումներ կատարելու մեջ:

Պատճառված վնասը վերականգնելու նպատակով, իրավապահ մարմիններին դիմելու եւ օրենքով սահմանված կարգով ենթադրաբար հափշտակությամբ պատճառված վնասի փոխհատուցումն ստանալու փոխարեն, բռնության գործադրմամբ, ինչպես նաեւ կյանքի եւ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով պահանջել է որպես վնասի փոխհատուցում անվանափոխել Երեւան քաղաքի Ազատության պողոտայում գտնվող վերջինիս բնակարանը կամ վճարել 20.000 ԱՄՆ դոլար գումար:

Արդյունքում՝ նախկին կոմերցիոն տնօրենը, Բ.Բեգլարյանի ուղղորդմամբ, իր սեփականություն հանդիսացող բնակարանը 2016 թվականի ապրիլի 25-ին գրավադրել է բանկում, իսկ գրավի 9.700.000 ՀՀ դրամը փոխանցել ընկերությանը:

Այս խորագրի վերջին նյութերը