Քաղաքական

20.12.2018 16:01


Աննա Հակոբյանի Շվեյցարիա կատարած այցն արժեցել է 6 միլիոն 130 հազար դրամ

Աննա Հակոբյանի Շվեյցարիա կատարած այցն արժեցել է 6 միլիոն 130 հազար դրամ

ՀՀ վարչապետի պաշտոնակար Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է իր՝ Շվեյցարիա կատարած այցի շուրջ քննարկումներին՝ ներկայացնելով, թե ինչ միջոցներով է կատարվել այցը։

«Հաշվի առնելով Շվեյցարիա կատարած իմ այցի շուրջ մեծ հետաքրքրությունը, հնչած տարատեսակ մեկնաբանությունները և լրագրողների չդադարող հարցերը, թե ինչ միջոցներով եմ այցելել Ժնև, հարկ եմ համարում մանրամասն հաշվետվություն ներկայացնել այցի մասին:

Եվ այսպես.
1. Գաղափարը: Ժնև այցելելու գաղափարը ծնվել է Շվեյցարիայի հայ համայնքի տարբեր ներկայացուցիչների մոտ: Նման այց կատարելու առաջարկ ինձ ներկայացրել է Շվեյցարիայում ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատար Անահիտ Հարությունյանը:

2. Ծախսերը: Այցի ընթացքում ինձ ուղեկցել են «Իմ քայլը» հիմնադրամի տնօրենը, մամուլի խոսնակը, արարողակարգի բաժնի երկու ներկայացուցիչ: Անձամբ իմ, հիմնադրամի տնօրենի և մամուլի խոսնակի մասով այցի ծախսերը փակվել են հիմնադրամի միջոցներից, կառավարության արարողակարգի բաժնի աշխատակիցներինը` պետական միջոցներից:

3. Այսպիսով` հիմնադրամից ծախսվել է 3.613.034 ՀՀ դրամ, պետական միջոցներից` 2.516.000 ՀՀ դրամ: Շվեյցարիա կատարած այցի վրա հիմնադրամից և բյուջեից ծախսվել է ընդհանուր առմամբ 6.130.000 ՀՀ դրամ:

4. Արդյունքները: Ժնևում ունեցած իմ հանդիպումների ընթացքում հայ համայնքի ներկայացուցիչները բոլորը միասին «Իմ քայլը» հիմնադրամին են փոխանցել 75,435,620.73 ՀՀ դրամ: Ձեռք են բերվել հետագա համագործակցության բազմաթիվ պայմանավորվածություններ: Լուծվել է պետական նշանակության մի ծրագրի (400 հազար եվրո արժողությամբ) ֆինանսավորման հարցը:

Շվեյցարիայի խորհրդարանում ունեցած հանդիպման ժամանակ ներկայացրել եմ «Կանայք հանուն խաղաղության» արշավը, հայ կանանց դերը Հայաստանի հեղափոխության մեջ: Եվ վերջապես, Ժնևի համայնքի ներկայացուցիչների հետ ունեցել եմ անչափ ջերմ, սրտամոտ շփումներ, ճանաչել ենք իրար և ձևավորել ենք հարաբերություններ, որոնք երբեք փողով չես չափի»,-գրել է Աննա Հակոբյանը։

Այս խորագրի վերջին նյութերը