Քաղաքական

19.12.2018 17:25


ԼՂ հակամարտության կարգավորման հարցում նոր բան չկա. Նիկոլ Փաշինյան

ԼՂ հակամարտության կարգավորման հարցում նոր բան չկա. Նիկոլ Փաշինյան

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում նոր բան չկա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Դիլիջանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի այն հայտարարությանը, թե Միլանում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գերատեսչությունների ղեկավարների հանդիպման ընթացքում փոխըմբռնում է ձեռք բերվել ԼՂ հակամարտության կարգավորման հարցում:

«Միլանում համանախագահների հետ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները համատեղ հայտարարություն են համաձայնեցրել, և ասվել է, որ երկար ժամանակ չէր հաջողվում համաձայնեցնել այդպիսի հայտարարություն: Ղարաբաղի հարցում նոր բան չկա: Եվ ակտիվությունն այնքանով է, որքանով դուք տեսնում եք»,-ասաց Փաշինյանը:

Անդրադառնալով իր և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հանդիպմանը՝ ՀՀ վարչապետի պաշտոնակատարն ընդգծեց, որ Անջեյ Կասպրչիկը պարբերաբար գալիս է տարածաշրջան, իսկ նրա այցերը կրում են խիստ աշխատանքային բնույթ: «Ընդհանրապես եղել են դեպքեր, որ չի լուսաբանվել նրա այցերը, բայց ես աշխատակազմին հանձնարարել եմ, որ բոլոր շփումները պարտադիր լուսաբանվեն, որովհետև պրոցեսը պետք է լինի թափանցիկ»,-նշեց Փաշինյանը:

ՀՀ վարչապետի պաշտոնակատարը նաև նկատեց՝ երբ ադրբեջանական կողմից որևէ մեկնաբանություն է հնչում, որը իր մեջ որոշակի լավատեսության էլեմենտ է պարունակում, իրեն անհանգստացնում է հայաստանցի մի շարք մեկնաբանների մեկնաբանությունը, որոնց առաջին կանխավարկածն այն է, թե այստեղ ինչ-որ դավադրություն կա:

«Իսկ ինչո՞ւ է այդպիսի կանխավարկած, իսկ ինչո՞ւ չկա կանխավարկած, որ Հայաստանի կառավարությանը հաջողվել է համոզիչ փաստարկներ բերել»,-ընդգծեց Նիկոլ Փաշինյանը:

Դիտարկմանը, թե հնարավոր է նման մեկնաբանություններ են լինում նրա համար, որ առաջինն Ադրբեջանն է հայտարարում այդ մասին, Փաշինյանը պատասխանեց. «Ես հիշեցի մի բան, երբ ես Սանկտ Պետերբուրգից գիշերը եկա Գյումրի և հաջորդ օրը մասնակցում էի երկրաշարժի 30-ամյա տարելիցի միջոցառումներին, Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը հաղորդագրություն էր տարածել, որ Սանկտ Պետերբուրգում իմ և Իլհամ Ալիևի միջև տեղի է ունեցել շփում, իսկ մենք պայմանավորվել էինք, որ կարճ տեղեկատվություն կտանք դրա մասին: Այն փաստը, որ առաջինը նրանք էին տեղեկություն տվել, դրանից շատ մեծ եզրակացություններ են արվում: Ես էլի եմ ասում, և ցանկացած ոք կարող է իմ ասածը քննության առնել, Լեռնային Ղարաբաղի հարցում ոչ մի կառավարություն նույնքան թափանցիկ չի եղել, որքան մեր կառավարությունը»:

Հարցին՝ Սանկտ Պետերբուրգի և Վիեննայի պայմանավորվածությունները շարունակում առաջնահերթ լինել Հայաստանի համար, Փաշինյանը պատասխանեց՝ ամբողջ խնդիրն այն է, որ հենց սկզբից Ադրբեջանը պնդել է, որ նման պայմանավորվածություն ընդհանրապես չկա: «Ինչ վերաբերվում է այդ օրակարգերին, դրանք պաշտոնական բանակցային պրոցեսի օրակարգ են, որոնք տեղի են ունեցել համանախագահների մասնակցությամբ: Ես ինքս պաշտոնական բանակցային պրոցեսի չեմ մասնակցել, ես երկու անգամ զրույց եմ ունեցել Իլհամ Ալիևի հետ, Դուշանբեում մեկ անգամ այնպես է ստացվել, որ համաձայնության ենք եկել: Ես կրկին ցանկանում եմ խոսել այս հակասության մասին, երբ կա համաձայնություն, երբ ինչ-որ մի բան կայունանում է, մեկնաբաններն ասում են՝ էս ի՞նչ դավադրություն է, երբ չկա նման բան, մեկնաբաններն ասում են, որ պատերազմ է, և կառավարությունը չի կարողանում կանխել պատերազմը»,-նշեց Նիկոլ Փաշինյանը:

***

Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն հայտարարությանը, թե 2018թ. Ադրբեջանին հաջողվել է Նախիջևանի հատվածում 11 հազար քառակուսի մետր տարածք ամբողջովին վերահսկողության տակ վերցնել: «Նախիջևանի հատվածում տեղի է ունեցել դիրքերի որոշակի տեղաշարժեր, որը եղել է երկու կողմից: Ես պաշտոնապես ասում եմ, որ այն տարածքները, որոնք մայիսի 8-ից առաջ եղել են Հայաստանի զինված ուժերի վերահսկողության ներքո, այդ բոլոր տարածքները շարունակում են մնալ Հայաստանի զինված ուժերի վերահսկողության ներքո»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Փաշինյանը:

Վարչապետի պաշտոնակատարը շեշտեց՝ նույնիսկ այդ պրոցեսների արդյունքում հայկական զինված ուժերի դիրքերը նաև բարելավվել են, իսկ ռազմավարական նախաձեռնությունը, ինչպես եղել է, այնպես էլ շարունակում է մնալ մեր զինված ուժերի ձեռքում:

Այս խորագրի վերջին նյութերը