Կարծիք

17.12.2018 19:36


Լուկաշենկոն սկսել է Ձեր մասին խոսել այն նույն տոնով, որով Դուք խոսում եք Ձեզ դուր չեկած հայրենակիցների հասցեին

Լուկաշենկոն սկսել է Ձեր մասին խոսել այն նույն տոնով, որով Դուք խոսում եք Ձեզ դուր չեկած հայրենակիցների հասցեին

Հարգելի պարոն Փաշինյան: Երեկ մեծ ցավ ապրեցի, երբ համացանցում տեսա, թե ինչ կերպ է մեկ այլ երկրի նախագահը ԶԼՄ-ների ներկայությամբ արտահայտվում Ձեր մասին: Կարծում եմ՝ դրանով նա վիրավորեց ոչ միայն Ձեզ, այլ՝ մեզ բոլորիս: Եվ ամենևին կարևոր չեմ համարում,թե արդյոք նա ճի՞շտ էր վերարտադրում Ձեր ու իր միջև եղած խոսակցությունը, թե իրականում ի՞նչ խոսակցություն է տեղի ունեցել Ձեր ու նրա միջև և թե ի՞նչ եք պատասխանած եղել նրան:

Կարևորը այն է, որ բազմաթիվ լրատվամիջոցների ներկայությամբ նա Ձեր հասցեին արեց այնպիսի արտահայտություններ, որոնք երբևէ, որևէ երկրի ղեկավար իրեն թույլ չի տալիս մեկ այլ երկրի ղեկավարի հասցեին՝ անկախ այդ երկրների կամ դրանց առաջնորդների հարաբերություններից: Սակայն արդյոք Դուք նկատե՞լ եք, որ այդ նույն բառապաշարն եք Դուք ինքներդ օգտագործում Ձեր ժողովրդի մի զգալի մասի նկատմամբ:

Արդյոք նկատե՞լ եք, որ ընդօրինակելով Ձեզ՝ ժողովրդի մի ստվար զանգված սկսել է համացանցում օգտագործել ամենագռեհիկ արտահայտությունները Ձեր ընդդիմախոսների հասցեին, իսկ Դուք՝ Ձեր անտարբերությամբ, ուղղակիորեն նպաստել եք այդ մշակույթի ծաղկմանը:

Ներկայում ուժային բոլոր լծակները Ձեր ձեռքում են ու Դուք ի վիճակի եք Հայաստանում վիրավորել ցանկացած մեկի ու ոչ միայն մնալ անպատասխան, այլ նաև՝ արժանանալ ծափահարությունների: Բայց, միգուցե, հենց դա՞ է պատճառը, որ այլ երկրի առաջնորդը Ձեզ համար բացառություն է արել ու սկսել է Ձեր մասին խոսել այն նույն տոնով, որով Դուք խոսում եք Ձեզ դուր չեկած հայրենակիցների հասցեին:

Հայկ Ալումյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը