Մեկնաբանություն

17.12.2018 14:00


Երբ խելքն իր տեղը զիջում է «դուխին»

Երբ խելքն իր տեղը զիջում է «դուխին»

Երբ մարդը գտնվում է 15-հարկանի շենքի տանիքին և ուզում է շատ արագ հասնել ներքև, ապա կա 3 տարբերակ՝ 1. օգտվել վերելակից, 2. օգտվել աստիճաններից, 3. անմիջապես ցած նետվել:

Առաջին երկու տարբերակների համար խելք է պետք կամ առնվազն՝ անվտանգության բնազդ: Եթե խելացի ես, ապա արագ աշխատող վերելակից ես օգտվում: Եթե չես «ֆայմում» վերելակից օգտվել, ապա ստիպված ոտքով ես իջնում: Երկու դեպքում էլ ողջ կմնաս:

Կա նա 3-րդ՝ «դուխով» տարբերակը: Կարելի է տանիքից միանգամից նետվել ցած ու մարմինդ հասցնել գետնին, բայց այդ դեպքում ողջ չես մնա:

Հայաստանն ու Արցախը՝ ամբոխի զոհ

Մեզանում, չգիտես ինչու, հակադրություն է մտցվել խելքի ու «դուխի» մեջ, մինչդեռ «դուխով» լինելու համար նախ խելք պետք է ունենալ:

«Դուխով» կարելի է Սերժին մերժել, բայց պետություն կառավարելու համար խելք է պետք:

Նիկոլ Փաշինյանը կլասիկ ամբոխավար է: Իսկ ամբոխը սիրում է հույզեր, տեսարաններ և «դուխ»:

Խելքը հակացուցված է ամբոխին, քանզի ամբոխի հավաքական մտավոր կարողությունը չի գերազանցում դպրոցի տարրական դասարանի աշակերտի մտավոր կարողությանը: Ոչ ամբոխին, ոչ էլ ամբոխավարին խելք պետք չէ:

Եթե ամբոխը խելք ունենար, ապա ամբոխավարին կուղարկեր տուն: Օրինակ՝ եթե ամբոխը խելք ունենար, ապա Փաշինյանին շնորհակալություն կհայտներ «մերժումը» գլուխ բերելու համար, բայց նրան ու նրա՝ հիմնականում անգրագետ ու անփորձ թիմակիցներին մոտ չէր թողնի պետական կառավարման համակարգին: Սակայն ունեցանք ճիշտ հակառակը: Ու հիմա ազգովի վճարելու ենք դրա համար:

Ի դեպ, ամբոխին դուր եկողը վերջում ինքն է ամբոխի զոհը դառնում՝ մինչև այդ զոհաբերելով այն համակարգը, որի գլուխն է անցել:

Նիկոլ Փաշինյանը ոչ մի կերպ չի կարողանում փողոցից գնալ աշխատանքի: Նա վամպիրի պես խժռում է ամբոխի էներգիան: Դա նրան դուր է գալիս: Բայց ամեն ինչ հարաբերական է ու ժամանակավոր:

Ամբոխը պահանջում է «դուխ» և չի պահանջում խելք: Թվում է, թե դա շատ լավ է, բայց ժամանակի ընթացքում, դասականի ասած, խիարը կարող է թարս բուսնել:

Փաշինյանը պետք է լավ իմանա, որ ամբոխի պես դավաճան, մոռացկոտ և ուրացող բան չկա աշխարհում: Այսօր ամբոխի սիրելին ես, իսկ վաղը կարող ես ընկնել ամբոխի ոտքերի տակ: Դեռ ոչ մեկին չի հաջողվել խուսափել այդ սցենարից: Փաշինյանին էլ չի հաջողվելու: Պարզապես Հայաստանն ու Արցախն են «քաշվելու» այս ընթացքում:

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը