Քաղաքական

17.12.2018 13:48


Մոսկվան ու Երևանը փաստաթուղթ կստորագրեն կենսալաբորիատորիաների ու զինվորականների մասին (տեսանյութ)

Մոսկվան ու Երևանը փաստաթուղթ կստորագրեն կենսալաբորիատորիաների ու զինվորականների մասին (տեսանյութ)

Հայաստանն ու Ռուսաստանը համագործակցության մասին նոր համաձայնագիր են պատրաստում։ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այս մասին ասաց ուղիղ եթերում` պատասխանելով «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթի թղթակիցների ու ընթերցողների հարցերին։

Անդրադառնալով հետխորհրդային երկրներում կենսալաբորատորիաների գործունեությանը` լրագրող Դարյա Ասլանովան հարցրեց արտգործնախարարին` ինչպե՞ս է Ռուսաստանը պատրաստվում լուծել Հայաստանում ու Վրաստանում արտասահմանյան լաբորատորիաների գոյության ու ակտիվ գործունեության խնդիրը։

«Մոսկվան ու Երևանը կստորագրեն մի փաստաթուղթ, որը կերաշխավորի Հայաստանում արտասահմանցի զինվորականների բացակայությունը»,–նշեց Լավրովը։

Նախարարը կարծում է, որ դա թույլ կտա կենսալաբորատորիաների աշխատանքն ավելի թափանցիկ դարձնել։

Նրա խոսքով` թեև Հայաստանն ու Վրաստանը ռուս դիվանագետների համար ազատ մուտք են բացել դեպի լաբորատորիաներ, այնտեղ պետք է ստուգումներ իրականացնեն մասնագետները, այլ ոչ թե գերատեսչությունների ներկայացուցիչները։

Կենսալաբորատորիաների հետ կապված իրարանցումը նոր թափ ստացավ Վրաստանի պետանվտանգության նախկին նախարար Իգոր Գիորգաձեի այն հայտարարությունից հետո, թե Լուգարի լաբորատորիայում վտանգավոր փորձեր են անցկացնում մարդկանց վրա։ Ռեֆերենս լաբորատորիաները գործում են հետխորհրդային մի քանի երկրներում. 2010 թվականից` Ուկրաինայում, 2011 թվականից` Վրաստանում, իսկ 2016 թվականից` Ղազախստանում, Հայաստանում, Ադրբեջանում ու Ուզբեկստանում։

Դրանից հետո ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի խորհրդական Արսեն Գասպարյանն ասել էր, որ այս տարվա օգոստոսին Ռուսաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչների համար այցելություններ էր կազմակերպվել Երևանում և Գյումրիում գործող լաբորատորիաներ։

***

Ռուսաստանն ԱՄՆ–ի համեմատ ավելի քիչ դիվանագետներ ունի Հայաստանում ու ԱՊՀ այլ երկրներում։ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այս մասին ասել է ուղիղ եթերում` պատասխանելով «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթի թղթակիցների ու ընթերցողների հարցերին։

«Ռուսաստանն իսկապես ոչ միայն Հայաստանում, այլև ԱՊՀ ցանկացած այլ հետխորհրդային երկրներում ԱՄՆ–ից մի քանի անգամ ավելի քիչ դիվանագետներ ունի։ Ամերիկացիներն աշխատելու իրենց չափանիշներն ունեն։ Մենք մեր ֆինանսական չափանիշներն ու սահմանափակումներն ունենք»,–ասել է նախարարը` պատասխանելով ռուսական «փափուկ ուժի» հետ ընկնելու մասին հարցին։

Նրա խոսքով` ամերիկացիներն ակտիվորեն աշխատում են հետխորհրդային երկրներում։ Դրանք USAID–ներն են, միջազգային ինստիտուտերը, որոնց ֆինանսավորում են Դեմոկրատական կամ Հանրապետական կուսակցությունները և, բնականաբար, Ջորջ Սորոսը, որը «բավականին ակտիվ է աշխատում»։

«Այո, նրանք այստեղ քանակական գերակշռություն ունեն։ Շատերը սադրիչ օրակարգ ունեն։ Մենք չենք կարող քանակական պատասխան տալ, հայելային, նոր խամաճիկային կազմակերպություններ ստեղծել»,–ասել է արտգործնախարարը։

Նա խոստովանել է, որ պետք է աշխատել քաղաքական բոլոր ուժերի հետ, այդ թվում` Հայաստանում։ Ռուսաստանն աշխատում է նրանց հետ և ոչ միայն Անդրկովկասում, այլև հետխորհրդային տարածքի այլ հատվածներում։

«Մենք աշխատում ենք համակարգային բոլոր ընդդիմադիրների հետ։ Ընդհատակյա ընդդիմադիրների հետ չենք աշխատում։ Մենք աշխատում էինք նաև Փաշինյանի կուսակցության այն 9 պատգամավորների հետ, որոնք Սարգսյանի խորհրդարանում էին»,–ասել է Լավրովը։

Նա անհրաժեշտ է համարում մշակել ու առաջ տանել այն նախագծերը, որոնք հետաքրքրում են մարդկանց։ Նախարարը վստահ է, որ Ռուսաստանն այդ առումով որոշակի արդյունք է արձանագրել։

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը