Մեկնաբանություն

17.12.2018 12:30


Ես քո կլասիկ ...

Ես քո կլասիկ ...

Դեկտեմբերի 9-ի քվեարկությամբ խորհրդարանը վերածվեց կրկեսի:

«Իմ քայլը» «խփեց» 70 տոկոս, իսկ ԱԺ անցած մյուս երկու ուժերը՝ ԲՀԿ-ն ու «Լուսավոր Հայաստանը» համախառն՝ 15 տոկոսի չափ:

Սա առաջին դեպքն է, երբ ՀՀ ԱԺ-ում չկա ընդդիմություն: Եվ դա բնական է, քանզի մեկ դերասանի թատրոնում չի կարող լինել ընդդիմություն: Կա «կոճակային» մեծամասնություն և դրան կից՝ ծաղրածուներ:

Այդ ծաղրածուների միջև հիմա կռիվ է սկսվել: Կռվի թեման այն է, թե ով պետք է լինի Նիկոլ Փաշինյանի սիրելի ծաղրածուն կամ ավելի ճիշտ՝ թիվ մեկ հաճախորդը:

Էդմոն Մարուքյանը մինչև ապրիլի 23-ը փրփուրը բերանին պաշտպանում էր Սերժ Սարգսյանին, բայց հենց տեսավ, որ բանը բանից անցել է՝ հեղափոխությունն անց 5 միացավ հրապարակին: ԲՀԿ-ն հեղափոխությունից 5 պակաս միացավ հրապարակին, ու հիմա կարծում է, որ խորհրդարանական «հարեմում» ինքը պետք է լինի թիվ մեկ հաճախորդը:

ԲՀԿ-ի ու «Լուսավոր Հայաստանի» տարբերությունն այն է, որ առաջինը չի ուզում ձևեր թափել ու երազում է Նիկոլ Փաշինյանի հետ կոալիցիա կազմելու մասին, իսկ ահա Մարուքյանն ուզում է խաբել ՀՀ հպարտ քաղաքացիներին, թե իբր ընդդիմություն է, այսինքն՝ ուզում է ասել, որ մեկ տարի առաջ ինքը ընդդիմադիր է եղել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, որի հետ դաշինք էր կազմել ու մտցվել խորհրդարան:

Մարուքյանը դեմ չէր լինի, որ հայտնվեր «Իմ քայլի» ցուցակում, բայց քանի որ Փաշինյանը չվերցրեց «լուսավորներին», հիմա սրանք ստիպված ուզում են «ընդդիմություն» աշխատել:

ԲՀԿ-ն էլ, «Լուսավոր Հայաստանն» էլ քծնում են Նիկոլ Փաշինյանին և ուզում ապացուցել, թե ով է ավելի արժանի նրա բարի հայացքին ու լավ աչքին: Ասել է թե, մենք՝ ի դեմս ԲՀԿ-ի ու «Լուսավոր Հայաստանի», ունենք ոչ թե ընդդիմադիր ուժեր, այլ կլասիկ հաճախորդներ:

Փաշինյանին այս պատկերը, բնականաբար, ձեռնտու է: Նա հանգիստ կարող է քսի տալ սրանց իրար դեմ ու հրահանգով կառավարել իր «կոճակային» մեծամասնությանը:

Պարզ է, որ այս ամենի մեջ հանրային շահ գոյություն չունի: Հակառակը՝ ԱԺ պատգամավորների քանակական աճը լրացուցիչ բեռ է դառնալու բյուջեի, այսինքն՝ հարկատուներիս վրա:

Մնում է հուսալ, որ այս կրկեսը երկար չի տևի ու բոլորը կարժանանան հանդիսատեսի կողմից նետվելիք հոտած ձվերին ու լխկած լոլիկներին:

Հայկ Ուսունց

Այս խորագրի վերջին նյութերը