Մեկնաբանություն

17.12.2018 10:00


1995-2018թթ.. ով ինչքան է «խփել» (տեսանյութ)

1995-2018թթ.. ով ինչքան է «խփել» (տեսանյութ)

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանն ամփոփել է ընտրությունների վերջնական արդյունքները։ Ըստ այդմ՝ խորհրդարանում ներկայացված կլինի մեկ դաշինք և երկու կուսակցություն:

Ընտրություններին մասնակցել է 1.261.105 մարդ կամ քվեարկության իրավունք ունեցողների 48,63 տոկոսը:

Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Իմ քայլը» դաշինքը «խփել» է 884.864 քվե կամ ընտրություններին մասնակցածների 70,42 տոկոսը:

Գագիկ Ծառուկյանի ԲՀԿ-ն ստացել է 103.801 քվե կամ 8,62 տոկոս:

«Կլասիկ» Էդմոն Մարուքյանի «Լուսավոր Հայաստանը» հավաքեց 80.047 ձայն կամ 6,37 տոկոս:

Թեև Նիկոլ Փաշինյանը մինչև վարչապետ դառնալը քննադատում էր «ռեյտինգային» կոչված ընտրակարգը և խոստացել էր այն փոխելուց հետո միայն անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ, այդուհանդերձ պահպանեց ՀՀԿ-ի համար կարված Ընտրական օրենսգիրքը և օգտվեց Սերժ Սարգսյանի համար ստեղծածից:

«Իմ քայլը» ներկայացնող «ռեյտինգային» թեկնածուներից շատերը, որոնք ընդամենը 1,5 տարի առաջ տեղի ունեցած ԱԺ ընտրությունների ժամանակ իրենց տարածքներում հավաքել էին 100-ից 300 ձայն, այս անգամ, օգտվելով Նիկոլ Փաշինյանի ստվերից, «խփեցին» 5, 10, 20 հազար ձայն: Ինչպես ասում են՝ վերջինները դարձան առաջիններ:

Նորանշանակ մարզպետները, նախարարները և մյուս պաշտոնյաները, որոնցից շատերին, թերևս, իրենց ապրած շենքի կամ տան բակում չեն ճանաչում, հսկայական թվեր հավաքեցին:

Ընտրողների գրեթե 100 տոկոսը չի ճանաչում իր ապագա պատգամավորների գրեթե 100 տոկոսին, բայց քվե է տվել, քանզի «Իմ քայլից» է եղել թեկնածուն: Ըստ այդմ՝ եթե գեներալ Մանվելը, Տարոն Մարգարյանը կամ Շմայսը «ռեյտինգային» թեկնածու լինեին «Իմ քայլը» դաշինքով, ապա, անկասկած, «կխփեին» 5, 10, 20 հազար կամ նույնիսկ ավելի շատ թվեր:

«Ռեյտինգայինը» ձևով համամասնական, իսկ բովանդակությամբ 100 տոկոս մեծամասնական ընտրակարգ է և ամբողջությամբ ապաքաղաքականացնում է ընտրությունները: Դա ձեռնտու էր Նիկոլ Փաշինյանին ու նա «մոռացավ», որ «ռեյտինգայինի» դեմ է եղել:

Ի դեպ, «Իմ քայլը» ամենապսեվդո դաշինքն է նորանկախ Հայաստանի խորհրդարանական ընտրությունների պատմության մեջ, քանզի դաշինքի մաս կազմող «Առաքելություն» կուսակցությունը զուտ «կնիքային» մասնակցություն է ունեցել դաշինքում և ունի հանրային զրո ճանաչվածություն:

Ընտրություններին մասնակցած հպարտ քաղաքացիները կատարեցին իրենց ընտրությունը, և այժմ մենք կունենանք 27-ով ավելի պատգամավոր, քան 2017-ին, ինչը տարեկան կես միլիոն դոլարով լրացուցիչ բեռ կդառնա պետական բյուջեի համար: Թե ինչքանով կավելանա օրենսդիր մարմնի աշխատանքի արդյունավետությունը բառիս բուն իմաստով այս «կոճակային» իշխանության ճյուղում, դժվար չէ կռահել:

Մենք ստացել ենք առանց ընդդիմություն խորհրդարան, ինչպիսին, որ չի եղել երբևէ: Սա շատ վտանգավոր երևույթ է: Այս խորհրդարանը կառուցված է մեկ մարդու վարկանիշի վրա: Իսկ դա ենթադում է, որ իշխանության գործադիր ճյուղն էլ է մեկ մարդու վարկանիշից կախված լինելու: Այդ վարկանիշն օբյեկտիվորեն անկում է ապրելու և կարելի է պատկերացնել, թե ինչ վիճակում կհայտնվի դրանից հետո պետական կառավարման համակարգը: Ինչևէ:

Եկեք այժմ մի փոքր պատմական էքսկուրս կատարենք և տեսնենք, թե 1995-ից սկսած ինչպիսի մասնակցություն է եղել խորհրդարանական ընտրություններում և որ ուժն ինչքան համամասնական ձայներ է ստացել:

1995 թ. 1-ին գումարման խորհրդարան

Մասնակցեց ընտրողների 55,6 տոկոսը կամ 1 միլիոն 183 հազար մարդ (մասնակիցների թվերը որոշակիորեն կկլորացնենք այսուհետ):

1-ին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին սատարող «Հանրապետություն» դաշինքը, որի մեջ էր, ի դեպ, նաև ՀՀԿ-ն, «խփել» է 42,66 տոկոս:

Վանո Սիրադեղյանի աջակցությունը վայելող «Շամիրամ» կուսակցությունը՝ 16,88 տոկոս:

Սերգեյ Բադալյանի գլխավորած Հայաստանի կոմունիստական կուսակցությունը՝ 12,1 տոկոս:

Վազգեն Մանուկյանի գլխավորած ընդդիմադիր ԱԺՄ-ն՝ 7,51 տոկոս:

Պարույր Հայրիկյանի ԱԻՄ-ը, որը նույնպես ընդդիմադիր էր, ստացել է 5,57 տոկոս:

1999 թ. 2-րդ գումարման խորհրդարան

Ընտրություններին մասնակցել է ընդհանուրի 51,74 տոկոսը կամ 1 միլիոն 137 հազար մարդ:

Ամենաշատ ձայն է հավաքել քաղաքականություն վերադարձված Կարեն Դեմիրճյանի ու Վազգեն Սարգսյանի գլխավորած «Միասնություն» դաշինքը՝ 41,69 տոկոս:

Հայկումկուսը՝ 12,09 տոկոս:

Արտաշես Գեղամյանի ու Հրանտ Խաչատրյանի գլխավորած «Իրավունք և միաբանություն» դաշինքը՝ 7,96 տոկոս:

Տերպետրոսյանական իշխանության կողմից հետապնդված ու 1998-ի իշխանափոխությունից հետո ազատության մեջ հայտնված ՀՅԴ-ն՝ 7,86 տոկոս:

Արթուր Բաղդասարյանի ՕԵԿ-ը՝ 5,28 տոկոս:

ԱԺՄ-ն՝ 5,17 տոկոս:

2003թ. 3-րդ գումարման խորհրդարան

Ընտրություններին մասնակցել է ընդհանուրի 52,7 տոկոսը կամ 1 միլիոն 233 հազար մարդ:

Առաջին տեղը զբաղեցրել է վարչապետ Անդրանիկ Մարգարյանի գլխավորած ՀՀԿ-ն, որի ցուցակում էր նաև այն ժամանակվա պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը: ՀՀԿ-ն «խփեց» 23,66 տոկոս:

Ընդդիմադիր «Արդարություն» դաշինքը, որը գլխավորում էր Ստեփան Դեմիրճյանը, ստացավ 13,71 տոկոս:

ՕԵԿ-ը՝ 12,60 տոկոս:

ՀՅԴ-ն՝ 11,45 տոկոս:

Գեղամյանի «Ազգային միաբանությունը»՝ 8,91 տոկոս:

Գուրգեն Արսենյանի «Միավորված աշխատանքային կուսակցությունը»՝ 5,67 տոկոս:

2007թ. 4-րդ գումարման խորհրդարան

Մասնակցողների տոկոսը կազմել է 59,4 տոկոս կամ 1 միլիոն 391 հազար ընտրող:

Առաջին տեղում դարձյալ ՀՀԿ-ն էր, որը համամասնական ընտրակարգով «խփեց» 32,08 տոկոս և մեծամասնական պատգամավորների քանակի հետ միասին վերցրեց ԱԺ-ի հսկիչ փաթեթը: Այս անգամ ՀՀԿ ցուցակը գլխավորում էր Սերժ Սարգսյանը, քանզի ընտրությունների նախաշեմին անսպասելիորեն մահացավ ՀՀԿ առաջնորդ Անդրանիկ Մարգարյանը: Սերժ Սարգսյանը զբաղեցրեց նրա տեղը և՛ վարչապետի պաշտոնում, և՛ կուսակցության ղեկավարի դերում: ՀՀԿ-ի «խփած» տոկոսը հնարավորություն տվեց Սարգսյանին 2008-ին դառնալ նախագահի իշխանական թեկնածուն:

Գագիկ Ծառուկյանի գլխավորած ԲՀԿ-ն ստացավ 14,70 տոկոս:

ՀՅԴ-ն՝ 12,70 տոկոս:

ՕԵԿ-ը՝ 6,80 տոկոս:

Առաջին անգամ ընտրություններին մասնակցող «Ժառանգություն» կուսակցությունը, որը գլխավորում էր Րաֆֆի Հովհաննիսյանը, ստացավ 5,80 տոկոս քվե:

2012թ. 5-րդ գումարման խորհրդարան

Ընտրություններին մասնակցել է 62,34 տոկոսը կամ 1 միլիոն 572 հազար մարդ:

Առաջին տեղում ՀՀԿ-ն էր՝ իր «խփած» 44,02 տոկոսով:

ԲՀԿ-ն՝ 30,12 տոկոս:

Տեր-Պետրոսյանի գլխավորած «Հայ ազգային կոնգրես» դաշինքը ստացել է 7,08 տոկոս:

«ժառանգությունը», որի մեջ էր նաև Խաչատուր Քոքոբելյանի «Ազատ դեմոկրատները»՝ 5,76 տոկոս:

ՀՅԴ-ն՝ 5,67 տոկոս:

ՕԵԿ-ը՝ 5,51 տոկոս:

2017թ. 6-րդ գումարման խորհրդարան

Մասնակցել է ընտրողների 60,87 տոկոսը կամ 1 միլիոն 575 հազար մարդ:

ՀՀԿ-ն «խփեց» 49,15 տոկոս, ինչը հնարավորություն տվեց Սերժ Սարգսյանին հավակնել վարչապետի պաշտոնին և ինչը դարձավ նրա հեռացման (մերժման) գլխավոր պատճառներից մեկը:

Ծառուկյանի գլխավորած «Ծառուկյան» դաշինքը՝ 27,35 տոկոս:

«Լուսավոր Հայաստանի», «Քաղաքացիական պայմանագրի» և «Հանրապետություն» կուսակցություններից ձևավորված և Բ26-ի աջակցությունը վայելող «Ելք» դաշինքը ստացավ 7,78 տոկոս քվե:

ՀՅԴ-ն՝ 6,58 տոկոս:

. . .

Ահա այսպիսին էր խորհրդարանական ընտրությունների պատմությունը՝ թվերով:

Ինչպես նկատում եք, ամենաքիչ թվով ընտրող մասնակցել է 1999-ին, իսկ ամենաշատը՝ 2017-ին: Տոկոսային առումով ամենաքիչ մասնակցություն գրանցվել է 2018-ին, իսկ ամենաշատը 2012-ին: Ընդ որում՝ 2018-ին առաջին անգամ մասնակիցների քանակը ընհանուրի կեսից քիչ էր:

Սկսած 1995-ից ոչ մի ուժի չի հաջողվել համամասնական ընտրակարգով «խփել» կեսից ավելին, բացի «Իմ քայլից», ինչը մեզ վերադարձնում է սովետական ժամանակների ստանդարտներին:

Թե որքան կտևի այս խորհրդարանի կյանքը և ինչպիսի զարգացումներ կունենանք, արդեն այլ վերլուծության առարկա է:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը