Մեկնաբանություն

14.12.2018 12:00


«Վարորդը նաև հսկիչ է» (տեսանյութ)

«Վարորդը նաև հսկիչ է» (տեսանյութ)

Երբ մի մարդը լրիվ տարբեր ֆունկցիաներով է զբաղվում, արդյունքում ճողվում է և ոչ մի բան չի հասցնում նորմալ անել:

Սովետական ժամանակներում հասարակական տրանսպորտի մեջ մի գրություն կար փակցված՝ «Վարորդը նաև հսկիչ է»: Հսկողությունը վերաբերում էր կտրոններին, որոնք պետք է հատուկ սարքերի մեջ դակեին ուղևորները (ուղեվարձն այդ ձևով էր տրվում), բայց հիմնականում չէին դակում, այսինքն՝ երթևեկում էին ձրի: Վարորդը, բնականաբար, չէր հասցնում հսկել բոլորին: Այդ մոդելով էր աշխատում սովետական ամբողջ տնտեսությունը և ի վերջո այն փլուզվեց:

Սովետական ավտոբուսների գրությունը հիշեցի, երբ տեսա, թե ինչպես է Նիկոլ Փաշինյանը գնացել Չարենցավան՝ դպրոցի տնօրենի հարցը լուծելու և աշակերտներին համոզելու, որպեսզի նրանք դասադուլը դադարեցնեն: Հարց է առաջանում, թե արդյոք Փաշինյանի՞ գործն է հասնել Չարենցավան ու «մռութներ ջաններին» համոզել, որպեսզի նրանք դասի գնան: Բա ո՞ւր մնաց խորհրդարանական ընտրությունների ժամանակ հազարավոր ձայներ «խփած» Կոտայքի մարզպետը:

Վարչապետի գործը շուկայում լոլիկի գին հարցնելը (մանավանդ, որ դրանից հետո գները ոչ թե իջան, այլ բարձրացան) և դպրոցի երեխաների հետ հանրահավաք անելը չէ: Եթե նա այսպես շարունակի, ապա սովետական վարորդի օրը կընկնի, ով չէր հասցնում հսկիչություն անել: Վարորդը պետք է վարի, իսկ հսկիչը՝ հսկի: Ամեն մարդ իր գործով պետք է զբաղվի, իսկ եթե զբաղվի ամեն ինչով, ապա ամեն ինչ կձախողի:

Նիկոլ Փաշինյանը զբաղվում է ամեն ինչով, այսինքն՝ սովետական տրանսպորտի վարորդի պես նաև հսկիչություն է անում, բայց դա շատ անարդյունավետ կառավարման ոճ է: Դա ավելի շուտ քաղաքական հրշեջություն է, քան պետական կառավարում, բայց ամբողջ խնդիրն այն է, որ պետական կառավարման համակարգում բացի Փաշինյանից չկա մեկը, ով հեղինակություն ունենա և իր վրա պատասխանատվություն վերցնի:

Դատելով ամենից՝ Փաշինյանը լինելու է վարչապետ, նախարար, մարզպետ, քաղաքապետ, գյուղապետ, դպրոցի տնօրեն, պատգամավոր, ԱԱԾ, ՀՔԾ, ՊՊԾ, ավտոտեսուչ և այլն: Խորհրդարանական ընտրություններն է՛լ ավելի խորացրեցին այս վիճակը, որովհետև «Իմ քայլը» դաշինքով պատգամավորների գրեթե 100 տոկոսին ՀՀ քաղաքացիները չեն ճանաչում, քանզի քվեարկել են ոչ թե նրանց, այլ Նիկոլ Փաշինյանի օգտին: Այդ պատգամավորներն աշխատելու են պետական ռեսուրսները մսխելու և զրոյական պատասխանատվության ռեժիմում:

70 տոկոս քվե ստանալը լավ բան է և նույնիսկ կարող է էյֆորիա առաջացնել ստացողի մոտ, սակայն խնդիրն այն է, որ 70 տոկոսը դրել է 100 տոկոս պատասխանատվություն մեկ մարդու՝ Նիկոլ Փաշինյանի վրա: Դափնիներն էլ են իրենը, սխալներն էլ: Ու քանի որ դափնիների փուլը հետևում է, իսկ առջևում սխալների փուլն է, ուստի՝ պատասխանատվությունն ամբողջությամբ ընկնելու է Փաշինյանի վրա:

Թիմակիցներն օգտվեցին Փաշինյանի բարձր վարկանիշից, բայց ստանձնել են զրո պատասխանատվություն: Ընտրվել է մեկ մարդ և այդ մեկ մարդուց են հանրային ակնկալիքները: Իսկ դա ծանր բեռ է մեկ մարդու համար, բայց դա Փաշինյանի ընտրությունն է: Ինքն ընտրեց «վարորդի» և «հսկիչի» համատեղման ճանապարհը և ուրեմն ինքն էլ պետք է աշխատի վարչապետ, ԱԺ նախագահ, պատգամավոր, դպրոցի տնօրեն, տեսուչ, մարզպետ, հրշեջ, ոստիկան ...

Հայկ Ուսունց

Այս խորագրի վերջին նյութերը