Մեկնաբանություն

13.12.2018 11:10


ՀԱՊԿ-ը մերժեց Նիկոլին. ի՞նչ է սպասվում Հայաստանին

ՀԱՊԿ-ը մերժեց Նիկոլին. ի՞նչ է սպասվում Հայաստանին

ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարներից որևէ մեկը չի շնորհավորել Նիկոլ Փաշինյանին՝ ԱԺ արտահերթ ընտրություններում տարած տպավորիչ հաղթանակի համար: Սա աննախադեպ բան է:

Եթե նույնիսկ այսօր կամ հետագայում շնորհավորանք հնչի Մոսկվայից կամ այլ մայրաքաղաքից, ապա դա չհնչածի հաշիվ է:

Ակնհայտ է, որ ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները՝ Պուտինի գլխավորությամբ, միասնական դիրքորոշմամբ են հանդես եկել Փաշինյանի, իմա՝ Հայաստանի մասով, ինչը ցույց է տալիս, որ հակառակ Նիկոլ Փաշինյանի այն պնդումների, թե հայ-ռուսական հարաբերությունները փայլուն են, թե իր և Պուտինի միջև կապերը շատ լավ են, թե Հայաստանը ԵԱՏՄ-ում ու ՀԱՊԿ-ում խնդիրներ չունի, իրականությունն այլ է:

Մոսկվայից հիմա գալիս են ոչ թե շնորհավորանքներ, այլ գազի գնի թանկացման մասին տեղեկատվական արտահոսքեր: Իսկ դա նշանակում է, որ Կրեմլն արդեն արձագանքում է ՀՀ խորհրդարանական ընտրություններին: Ընտրություններ, որոնց արդյունքում ՌԴ-ի հետ կապերը գործնականում խզվում են առնվազն օրենսդիր մակարդակով, քանզի այն խաժամուժը, որ լցվել է խորհրդարան, բացարձակապես չի տիրապետում ՌԴ-ի ու նաև աշխարհաքաղաքական մյուս կենտրոնների հետ հարաբերությունների այբուբենին:

ՀԱՊԿ-ը մերժում է Նիկոլին մի շարք պատճառներով, որոնցից գլխավորն այն է, որ նա, այսպես ասած, դասակարգային թշնամի է Պուտինին, Լուկաշենկոյին, Նազարբաևին ու մյուսներին: Սա միջտեսակային անտոգոնիզմ է:

ՀԱՊԿ անդամ «միապետերի» համար (նաև՝ արևմտյան դեմոկրատիաների համար) ընդունելի չէ բառիս բուն իմաստով փողոցից եկած իշխանությունը: Ռուսաստանում, Բելառուսում, Ղազախստանում ու նույնիսկ Ֆրանսիայում, Դանիայում կամ Հոլանդիայում, իրենց նիկոլները կան, որոնք Հայաստանի օրինակով կարող են ոգևորվել և փորձել «բոմժական» վիճակից գալ իշխանության:

«Թավշյա հեղափոխությունը», անկախ այն իրականացնողների կամքից, ունի արտահանման պոտենցիալ, ինչը նյարդայնացնում է բոլորին ու նախևառաջ ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարներին, որոնց համար Փաշինյանն այդպես էլ մնաց «чужой» (օտար): Ամբողջ խնդիրն այն է, որ վարչապետ դառնալուց հետո նա ոչինչ չարեց «свой» (յուրային) դառնալու և այդպիսով Հայաստանի շահերը պաշտպանելու համար:

Փաշինյանի համար ավելի կարևոր են «գըմփ-գըմփ-հո՛ւ»-երը, «խփած» տոկոսները և իր «լայվերի» դիտումների քանակը, ինչպես նաև լրահոսը քրեական սերիալներով ու քաղաքական վենդետաներով լցնելը, քան այն խնդիրները, որոնք առաջացել են ու դեռ առաջանալու են իր ներքաղաքական քայլերի պատճառով:

Փաշինյանի առաջին լուրջ սխալը ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Խաչատուրովի հետ կապված պատմությունն էր, երկրորդը՝ Հայաստանի ներսում վենդետաների իրականացումը:

Փաշինյանը չի՞ հասկանում, որ Ռոբերտ Քոչարյանին անձնական վրեժխնդրությունից ելնելով կալանավորելով՝ ինքը անուղղակիորեն կալանքի սանկցիա է տալիս Պուտինին, Նազարբաևին ու Լուկաշենկոյին:

«Хотим как в Армении» կարգախոսը գայթակղիչ է դառնում ՀԱՊԿ անդամ երկրներում բնակվող նիկոլների համար, իսկ դա թշնամացնում է մեզ բոլորի հետ: Մեզ պե՞տք է թշնամանալ ՀԱՊԿ անդամ երկրների հետ՝ ունենալով թշնամական Թուրքիա ու Ադրբեջան:

Եթե Փաշինյանի համար պետական շահը վեր լիներ իր անձնական ամբիցիաներից ու հիվանդագին պատկերացումներից, ապա նա պետք է ամեն ինչ աներ, որպեսզի հատկապես Կրեմլում հաներ կասկածներն ու միջտեսակային թշնամանքը: Մինչդեռ ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանի համար իր կապրիզները շատ ավելի կարևոր են, քան Հայաստանի ու Արցախի շահը:

Եթե Հայաստանը լիներ այլ տարածաշրջանում ու այլ դրության մեջ, ապա միգուցե կարելի էր հպարտանալ «թավշյա հեղափոխության» արտահանմամբ կամ դրա վարակիչ ազդեցությամբ, բայց ներկա իրավիճակում պետք է օր առաջ մարել հեղափոխականությունը, վերադառնալ հռչակված սիրո և հանդուրժողականության սկզբունքներին, մոռանալ վենդետաներն ու լծվել աշխատանքի: Հակառակ դեպքում ՀԱՊԿ «միապետությունները» կարող են պատժել Հայաստանին, այն էլ՝ Արցախի մասով: Ու դրա մեղավորը կլինենք բացառապես մենք, քանզի «դուխ» ունեցանք նախկինը մերժելու, բայց խելք չունեցանք նորմալ բան կառուցելու համար: Եթե կլինեն մարդիկ, ովքեր կասեն, որ ՀԱՊԿ-ը մեզ պետք չէ, ԵԱՏՄ-ն մեզ պետք չէ, Մոսկվան մեզ պետք չէ, մենք ենք ու մեր սարերը և ջհանդամին, թե Ադրբեջանը ՀԱՊԿ-ում ու ԵԱՏՄ-ում ավելի լուրջ ազդեցություն է ձեռքբերել, քան Հայաստանը, ապա այդ մտավոր հետամնացներին չպետք է թույլ տալ քաղաքականության մասին որևէ բառ արտասանել:

ՀԱՊԿ-ից խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ քար լռության այս օրերը բոլորիս պետք է լրջորեն մտահոգեն: Սա վտանգավոր «մեսիջ» է: Սա հիշեցնում է «Կոլցո» օպերացիային նախորդած շրջանը, երբ կար դասակարգային հակասություն «Ղարաբաղ» կոմիտեի ու սովետական Ռուսաստանի միջև:

Եթե Նիկոլ Փաշինյանը չի հասկանում այս մեսիջի բուն էությունը, ապա նա քաղաքականապես անմեղսունակ է, իսկ եթե հասկանում է, բայց շարունակելու է նույն գործելաոճը, ապա նա կամ արկածախնդիր է, կամ էլ ամեն ինչ հատուկ է անում: Թե ո՞ր տարբերակի հետ գործ ունենք, դժվար է ասել:

Հայկ Ուսունց

Հ.Գ.: Ի դեպ, բարեկամ Իրանից էլ շնորհավորանքը բավական ուշ եկավ, ինչը Բոլթոնի հայաստանյան այցի ու դրան հետևած հայ-իրանական սահմանի մասով Փաշինյանի հայտարարության արձագանքն էր:

Ո՞ւմ հետ է դաշնակցում Հայաստանը:

Այս խորագրի վերջին նյութերը