Քաղաքական

13.12.2018 17:20


Արմեն Գևորգյանին կալանավորելու միջնորդության վերաբերյալ որոշումը դատարանը կհրապարակի դեկտեմբերի 14-ին (տեսանյութ, լրացված)

Արմեն Գևորգյանին կալանավորելու միջնորդության վերաբերյալ որոշումը դատարանը կհրապարակի դեկտեմբերի 14-ին (տեսանյութ, լրացված)

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Նոր Նորքի նստավայրում այսօր քննվում է Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանին կալանավորելու մասին: Երեկ նիստը հետաձգվել էր և նշանակվել դեկտեմբերի 13-ին:

Դռնփակ նիստը նախագահում է դատավոր Արման Հովհաննիսյանը:

Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը՝ օգոստոսի 3-ին Առաջին ալիքի «Օրակարգ»-ի հետ հարցազրույցի շրջանակներում հայտարարել էր, որ մեղադրանք է առաջադրվել Մարտի 1-ի օրերին ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը զբաղեցրած Արմեն Գևորգյանին:

«Ես Արմեն Գևորգյանի հետ կապված նորություն ունեի: Առաջին անգամ կհայտնեմ այս մասին այս հաղորդաշարի միջոցով: Նրան մեղադրանք է առաջադրվել, բայց ոչ սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքով»,-ասել էր ՀՔԾ պետը:

Նրա խոսքով՝ մեղադրանքն առաջադրվել էր՝ հաշվի առնելով տարիներ առաջ «Վիքիլիքսի» հրապարակումը: «Համաձայն այդ հրապարակման՝ Սերժ Սարգսյանի հակառակորդները բողոքարկել էին ընտրության արդյունքները Սահմանադրական դատարանում: ՍԴ-ն պետք է որոշում կայացներ, և այդ ժամանակ ճնշում է գործադրվել ՍԴ դատավոր Վալերի Պողոսյանի նկատմամբ: Վերջինը դիմել էր ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչներին ու հայտնել, որ Ռոբերտ Քոչարյանի աշխատակազմից իր վրա ճնշում են գործադրում իր եղբոր միջոցով, ով այդ ժամանակ աշխատում էր երկրորդ նախագահի աշխատակազմում: Քանի որ մենք այս բոլոր գործընթացները դիտարկում ենք ամբողջականության մեջ, այս ուղղությամբ ևս քննություն իրականացրեցինք, և վիքիլիքսյան հրապարակումն ամբողջությամբ հիմնավորվեց: Պարզվեց, որ Արմեն Գևորգյանը մեկ այլ պաշտոնյայի հետ փորձել է ճնշում գործադրել Վալերի Պողոսյանի վրա: Երևի թե ստացվել է, արդյունքի հասել են, որովհետև ի վերջո Վալերի Պողոսյանը չի մասնացել այդ գործով քվեարկությանը»,-ասել էր Սասուն Խաչատրյանը:

Նա նշել էր, որ Արմեն Գևորգյանը մեղադրվում է «ՀՀ Քրեական օրենսգրքի»՝ արդարադատության իրականացմանը խոչընդոտելու համար քրեական պատասխանատվություն նախատեսող 332 հոդվածի 3-րդ մասով: «Այդ հանցանքը համարվում է ծանր, մինչև վեց տարի ազատազրկում է նախատեսում: Խափանման միջոցը՝ ստորագրություն չհեռանալու մասին»,-հայտնել էր ՀՔԾ պետը:

Ավելի վաղ՝ Արմեն Գևորգյանը մարտի 1-ի գործով կանչվել էր ՀՔԾ հարցաքննության: Արմեն Գևորգյանը 2007 թվականի հունիսից մինչև 2008-ի ապրիլը զբաղեցրել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը:

Նրա պաշտպանԷրիկ Ալեքսանյանը երեկ հայտնել է, որԱրմեն Գևորգյանին երեք նոր մեղադրանք է առաջադրվել․

«Նա մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու օժանդակության, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և հանցավոր ճանապարհով ստացած եկամուտներն օրինականացնելու, այսինքն՝ փողերի լվացման մեջ»։

-Մեղադրանքին ծանոթ եմ, հասկանալի է, որ մեղադրանքը չեմ ընդունում,-այսօր դատական նիստի մեկնարկից առաջ լրագրողներին ասել է Արմեն Գևորգյանը։

***

Նիստն ընդմիջվել է, այն վերսկսվեց 15։00-ին։

***

Դատական նիստն ավարտվեց, դատարանը հեռացավ խորհրակցական սենյակ, որոշումը կհրապարակվի վաղը, 16։00-ին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը