Մեկնաբանություն

12.12.2018 12:20


Սերժ Սարգսյանի հրաժարականը և «Ելք»-ի լուծարումը (տեսանյութ, լուսանկար)

Սերժ Սարգսյանի հրաժարականը և «Ելք»-ի լուծարումը (տեսանյութ, լուսանկար)

Նոր խորհրդարանում նախկին «Ելք» խմբակցության մաս կազմող երեք ուժերից երկուսը ներկայացված են: Մեկը իշխանություն է, իսկ մյուսը՝ «ընդդիմություն» է աշխատելու: Արանքում «քցվեց» Արամ Զավենիչի «Հանրապետություն» կուսակցությունը:

Նիկոլ Փաշինյանին որպես նոր թիմակիցներ իր նախկին գործընկերներն իշխանափոխությունից հետո այլևս պետք չէին: Այլ հարց է, որ Էդմոն Մարուքյանը կշարունակի իր գործը. նախկին իշխանության հաճախորդը կմնա որպես հաճախորդ, բայց արդեն նոր իշխանությունների համար:

Այսպիսով ավարտվեց «Ելքի» պատմությունը: Պատմություն, որը հորինվել էր Սերժ Սարգսյանի կաբինետում և որն ավարտվեց Սերժ Սարգսյանի հրաժարականով:

«Ելքի» «մուտքի» պատմությունը

«Ելքի» մաս կազմող երեք ուժերը տարբեր հետագծեր ունեն:

Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը Վանո Սիրադեղյանի, Աշոտ Բլեյանի, Լևոն Տեր-Պետրոսյանի տիրույթում արժեհամակարգ ձևավորած, մարտի 1-ով անցած ու հետագայում Սերժ Սարգսյանի անուղղակի վերահսկողության տակ հայտնված մարդ է:

unnamed-2

Նա պոպուլիստ լրագրողից աճել էր մինչև պոպուլիստ քաղաքական գործիչ և սկսել սեփական քաղաքական բիզնեսը՝ բացելով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը:

12125418

Տեղին է հիշեցնելը, որ այդ կուսակցության ստեղծումը ողջունում էին ՀՀԿ-ականները և հատկապես՝ Արմեն Աշոտյանը, քանզի այն ստեղծվել էր Սերժ Սարգսյանի հիմնական ընդդիմախոսների դեմ ընդդիմություն աշխատելու համար (էհ, Աշոտյան, դու Աշոտյան, ի՞նչ իմանայիր, որ հաճախորդը դուրս է գալու վերահսկողությունից և խիարը թարս է աճելու):

23561752_952556118225488_7600069991599252243_n

Արամ Սարգսյան

Արամ Սարգսյանը քաղաքականության մեջ հայտնվել էր ցեմենտի գործարանից՝ 1999-ի հոկտեմբերի 27-ի դեպքերից հետո: Կարճատև վարչապետությունից հետո նա դարձավ ընդդիմադիր գործիչ՝ Սերժ Սարգսյանի ուշադիր հայացքի և առատաձեռն պահվածքի ներքո:

Արամ Զավենիչն էլ էր ընդդիմություն անում Սերժ Սարգսյանի ընդդիմախոսներին ու պահում իր գոյությունը քաղաքական դաշտում:

Էդմոն Մարուքյան

Էդմոն Մարուքյանի քաղաքական պատմությունը համեմատաբար կարճ է: Եթե Նիկոլն ու Արամը հանգամանքների և սոցիալական վատ պայմանների բերումով էին հայտնվել Բ26-ի տիրույթում, ապա Էդմոն Մարուքյանն ի սկզբանե քաղաքականության մեջ հայտնվել է որպես Սերժ Սարգսյանի ու նախկին իշխանության երիտթևի «մարդ»: Այսինքն, ի տարբերություն մյուս երկուսի, որոնց ստեղծողը և խաղի մեջ մտցնողը Սերժ Սարգսյանը չի եղել (Սերժ Սարգսյանը նրանց հետագայում օգտագործեց), Մարուքյանը հորինվել է որպես նոր տիպի Արթուր Բաղդասարյան: Դա էր նրան հնարավորություն տվել Վանաձորում մեծամասնական ընտրակարգով 2012-ին դառնալ պատգամավոր, ապա ստեղծել «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը:

«Ելք» դաշինքի ստեղծման հիմնական մոդերատորը հենց «Լուսավոր Հայաստանն» էր: Մարուքյանը դաշինքի ինչպես ֆինանսական միջնորդն էր, այնպես էլ քաղաքական կուռատորը: Արամ Զավենիչի հայտնվելն այդտեղ Սերժ Սարգսյանի պարտքն էր Վազգեն Սարգսյանի ընտանիքին, իսկ Փաշինյանին բերեցին դաշինք, որպեսզի անիմաստ չաղմկի, որպեսզի ստեղծի «ընդդիմադիր» անտուրաժ, և որպեսզի պոպուլիստություն անի որոշակի սահմաններում: Փաշինյանն ընդունեց այդ խաղի կանոնն ու 2017-ին դարձավ մանդատատեր:

timthumb4

«Ելքը» Սերժ Սարգսյանին խորհրդարանում պետք էր որպես ընդդիմության ֆասադ, որն ամբողջությամբ վերահսկելի էր:

Ի դեպ, դաշինքի մաս կազմող 3 ուժերն էլ չէին պայքարել Սերժ Սարգսյանի նախաձեռնած սահմանադրական փոփոխությունների դեմ: Մարուքյանը նույնիսկ մասնակցել էր Բ26-ի ֆոտոսեսիային:

70452

Արամ Սարգսյանը տանն էր մնացել, իսկ Փաշինյանը պայքարը համարում էր կեղծ օրակարգ:

Ուշագրավն այն է, որ «Ելքի» ստեղծումից ընդամենը մի քանի ամիս առաջ իրար բառիս բուն իմաստով հայհոյում էին Էդմոն Մարուքյանը և Նիկոլ Փաշինյանը՝ մեկը մյուսին մեղադրելով Սերժ Սարգսյանի հաճախորդը լինելու մեջ, և «խոխման» այն էր, որ երկուսն էլ ճիշտ էին: Դա 2016-ին տեղի ունեցած Վանաձորի ավագանու ընտրությունների ժամանակ էր:

Փաշինյանի ու Մարուքյանի գզվռտոցից այնպիսի տպավորություն էր, որ տեղի է ունենում ներհաճախորդական պայքար: Այդ պայքարը յուրօրինակ «քասթինգ» էր հիշեցնում, թե ով պետք է հաճախորդաց ճամբարում դառնա ամենասիրելին և ում է ավելի լավ աչքով նայելու Բ26-ը: Ի վերջո որոշվեց բոլորին էլ լավ աչքով նայել:

93779-472x265

14495346_10155332972028378_6597289246137485607_n

Իրար հայհոյող և Սերժ Սարգսյանի հաճախորդ լինելու մեջ մեղադրող Փաշինյանին ու Մարուքյանին նստեցրեցին մի սեղանի շուրջ և շատ արագ իրար հայհոյողները դարձան ընկերներ, «Ելք» անունով դաշինք ստեղծեցին ու փաթեթով մտան Բ26-ի գծած խաղի մեջ՝ ողջունելով 2017-ի խորհրդարանական ընտրությունները և ՀՀԿ-ի իշխանությունը համարելով լեգիտիմ:

«Ելք»-ի պառակտումը

Սերժ Սարգսյանի համար անսպասելի ու նյարդայնացնող էր այն, որ «Ելքի» մաս կազմող Նիկոլ Փաշինյանը սկսեց քայլերթն իր հրաժարականի պահանջով:

Բոլորն էլ հասկանում էին, որ դա Փաշինյանի համար ընդամենը միավոր հավաքելու և ընդդիմադիր դեմքը փրկելու քայլ է: Սակայն բոլորի, այդ թվում՝ Փաշինյանի համար անսպասելիորեն խաղի մեջ մտավ նորին մեծություն Ժողովուրդը: «Քա՛յլ արա, մերժի՛ր Սերժինը» դարձավ համազգային գաղափար ու տեղի ունեցավ «թավիշը»:

Սերժ Սարգսյանը պարտվեց, քանզի թերագնահատեց իր մրցակցին (նա լավ գիտեր, թե ով է Փաշինյանը և ընդամենը մուննաթ էր գալիս Մարուքյանի վրա, թե բա գնա դրան փողոցից տուն բեր), ու բացի այդ՝ իշխանության ներսից ահագին շրջանակներ օգնեցին, որպեսզի Սերժ Սարգսյանը հարվածներ ստանա: Դե իսկ ժողովուրդն իր քանակով վճռեց պայքարի ելքը:

Մինչև Սերժ Սարգսյանի հրաժարականի վերջին րոպեները և անգամ դրանից հետո Էդմոն Մարուքյանը հուսահատ կռիվ էր տալիս Նիկոլ Փաշինյանի դեմ ու պաշտպանում ՀՀԿ ղեկավարի վարչապետությունը: Ավելի քիչ էմոցիաներով, բայց նույն գործի վրա էր նաև Արամ Սարգսյանը:

Մարուքյանը Բ26-ի հիմնական քարոզչագործիք «1in.am»-ով, որը այդ փուլում նույնպես կատաղի պայքար էր մղում քայլերթի դուրս եկած Փաշինյանի դեմ, հուսահատ համոզում էր Փաշինյանին դադարեցնել պայքարը:

Փաշինյանը իշխանության հոտն առել էր և, բնականաբար, չլսեց իր երբեմնի կուռատոր Մարուքյանին:

«Լուսավորը» ու «Հանրապետությունը» ապրիլի 23-ից հետո, այսինքն՝ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո ստիպված միացան Փաշինյանին ու դարձան թունդ հեղափոխականներ: Նույն տրանսֆորմացիան տեղի ունեցավ նաև «1in.am»-ի խմբագիր Արման Բաբաջանյանի մոտ՝ հեղափոխության հայհոյողից նա վերածվեց հեղափոխականներից է՛լ ավելի հեղափոխական քարոզչագործիքի:

«Ելք»-ի լուծարումը

Փաշինյանը անձնական շահի համար մաս էր կազմել «Ելք»-ին և նույն այդ անձնական շահից ելնելով էլ նախաձեռնեց այդ դաշինքի լուծարումը, քանզի իրեն պետք են բացառապես խունվեյբինական շրջանակներ, որոնք չունեն անցյալ, չունեն գաղափարներ, չունեն մտածողություն և իրենց ապագան կախված է բացառապես Փաշինյանից:

Իշխանության գալուց հետո Փաշինյանին այլևս պետք չէին նախկին գործընկերները: Վերջիններս մեծ հաճույքով կդառնային Փաշինյանին կցված ուժեր, բայց չստացվեց: Արդյունքում՝ Երևանի ավագանու ընտրություններին Փաշինյանն առանձին մասնակցեց, իսկ Մարուքյանն ու Սարգսյանը իներցիայով համագործակցեցին:

Արտահերթ խորհրդարանական ընտրություններին արդեն «Ելք»-ի երեք մասերն էլ առանձին հանդես եկան: Մարուքյանը, որպես շուստրի գեղցի ու քոքված հաճախորդ, հաջողացրեց պայմանավորվել Փաշինյանի հետ ու հայտնվել խորհրդարանում: Հակահեղափոխական ու հին ուժերի մնացուկ որ ասում են, հենց «Լուսավոր Հայաստանն» է, որը կատաղի պայքար է մղել Փաշինյանի դեմ իշխանափոխության օրերին:

«Լուսավորի» նոր «մութ» ֆունկցիան

Թեև Փաշինյանը հայտարարել էր, որ կեղծ ընդդիմության ինստիտուտ այլևս չի լինելու, բայց ինչպես միշտ է պատահում իր ասածների հետ, տեղի ունեցավ ճիշտ հակառակը՝ նախկինից մնացած կեղծ ընդդիմության ինստիտուտը պահպանվեց՝ ի դեմս «Լուսավոր Հայաստանի»:

Սեփականության վերաբաշխման այս դրամատիկ ու ցնցումնածին շրջանում այդ կեղծ ընդդիմությունը պետք է լինելու, քանզի միայն հպարտ քաղաքացիների աջակցութունը չի բավականացնի: Պետք է նաև մեկը խորհրդարանի ներսում, որը լիբերալ արժեքներից խոսելով՝ կնպաստի բոլշևիկյան համակարգի ձևավորմանը: Այսինքն՝ Փաշինյանը հիմա անելու է այն, ինչը Սերժ Սարգսյանն էր ուզում անել, բայց չկարողացավ, քանզի, պատկերավոր ասած, պլստաց բանանի կլեպի վրա՝ ընկնելով իր իսկ փորած փոսը և դառնալով սեփական հաճախորդների զոհը:

«Լուսավոր Հայաստանի» հիմնական դերը հիմա լինելու է Գագիկ Ծառուկյանի ու մյուս սեփականատերերի դեմ կռիվ տալը, որպեսզի օժանդակի Փաշինյանի՝ «Մեկ օլիգարխի տնտեսություն» ստեղծելու ծրագրերին: Դե իսկ «Իմ քայլը» կարճաժամկետում կվայելի տոտալիտար իշխանության քաղցր, ապա որոշ ժամանակ անց՝ դառը պտուղները:

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը