Մեկնաբանություն

11.12.2018 12:45


Հետընտրական հարցեր

Հետընտրական հարցեր

Ընտրություններն ավարտվել են, բայց մի քանի «միամիտ» հարցեր, որոնց պատասխանները պետք է տրվեին քարոզարշավի փուլում ու այդպես էլ չտրվեցին, արժե հնչեցնել նաև հիմա:

Այդ հարցերն այժմ պետք է ընկալել որպես հռետորական, բայց եթե քաղաքական ուժերը կտան կոնկրետ պատասխաններ, ապա ավելի լավ: Չեն տա՝ շատ ավելի լավ:

Եվ այսպես հարցերը.

1. Պաշտոնապես հայտարարվել է, որ Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Իմ քայլը» դաշինքն ամենաշատն է գումար ծախսել քարոզչության փուլում՝ 268.590.708 դրամ կամ ավելի քան կես միլիոն դոլար: Սա պաշտոնապես: Իսկ ոչ պաշտոնապես նույնիսկ ոչ մասնագիտական աչքի համար տեսանելի էին այն միլիոնավոր դոլարների ծախսերը, որ արվում էր «Իմ քայլի» համար: Որտեղի՞ց այդ գումարը փողոցից եկած և բիզնես չունեցող տղաների ու աղջիկների մոտ:

Կարո՞ղ է Արմեն Ավետիսյանը Ծաղկաձորի իր հյուրանոցը պետությանը նվիրելու պատրաստակամությունից զատ նաև այլ բան այլ տեղ է «ինքնակամ» նվիրել, բայց այդ մասին չի հայտարարվում:

Կարո՞ղ է Լֆիկ Սամոն հպարտ քաղաքացի ու սեփականատեր հռչակվելու համար «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը անդամավճար է մուծել: Ի՞նչ իմանանք: Համենայնդեպս նույն Սամվելը Մալաթիայում ու Շենգավիթում աշխատում էր Նիկոլ Փաշինյանի թիմակիցների ու աներձագի օգտին:

Իսկ կարո՞ղ է հպարտ քաղաքացի դարձած մյուս գործարարները, որոնց դիմում են Փաշինյանի կնոջ ղեկավարած «Իմ քայլը» հիմնադրամին փող հատկացնելու համար, ձեռքի հետ նաև «Իմ քայլը» դաշինքի համար են պատահաբար փող փոխանցում:

Թափանցիկությունից ու կոռուպցիայի դեմ պայքարից խոսող Փաշինյանի մոտ որտեղի՞ց այդքան արագ հայտնվեց այդքան մեծ գումար: Չէ՞ որ ընդամենը մեկ ու կես տարի առաջ տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների ժամանակ «Ելք» դաշինքը, որի մաս էր կազմում նաև Փաշինյանի ՔՊԿ-ն, անհամեմատ քիչ գումարի էր տիրապետում քարոզչության փուլում ու համեստ քարոզ էր իրականացնում՝ որպես բեմ ընտրելով ավտոտնակի տանիքը կամ զիբիլանոցը (Բ26-ից աջակցում էին «Ելք»-ին, բայց ֆինանսապես շատ երես չէին տալիս): Ու հիմա հենց Փաշինյանը եկավ իշխանության, անմիջապես գումարները հոսեցին վարար գետի պես: Որտեղի՞ց:

Միայն թե չասեք, թե բա հանգանակություն արեցինք ու լիքը փող եկավ: Նման հեքիաթները միգուցե ճշմարտանման թվան հնդկական սերիալը քաղաքական սերիալով փոխարինած զոմբիների, բայց ոչ ուղեղ ունեցող մարդկանց համար:

2. Շատ թանկ քարոզ է իրականացրել նաև Բ26-ի «Ելք» նախագծի մյուս անդամ «Լուսավոր Հայաստան» սրտաճմլիկ ու բարձրագոչ անունը կրող կուսակցությունը: Պաշտոնական մասով ծախսը կազմել է 51.105.391 դրամ կամ ավելի քան 105 հազար դոլար:

«Կլասիկ» քաղաքական գործիչ ինքնահռչակված Էդմոն Մարուքյանին, ով իր իսկ ձևակերպմամբ բիզնեսով չի զբաղվում, որտեղի՞ց 100 հազար դոլար: Ընդ որում՝ դա միայն երևացող մասն է: Իրականում «Լուսավորը» ՔՊԿ-ի պես «մութ» գումարներ է ծախսել, որոնց չափերը կրկին միլիոնավոր դոլարների են հասնում: Որտեղի՞ց:

Էդմոն Մարուքյանը եթե «կլասիկ» է, ապա ոչ թե որպես քաղաքական գործիչ, այլ որպես հաճախորդ: Նախկինում Սերժ Սարգսյանի հաճախորդն էր, հիմա՝ Նիկոլ Փաշինյանի (ճակատագրի հեգնանքն այն է, որ Փաշինյանը 2017-ին հենց Մարուքյանի շնորհիվ հայտնվեց խորհրդարանում): Քանի՞ չորքոտանի կա մեզանում, որ հավատա, թե «կլասիկ» Մարուքյանը ընդդիմություն է լինելու: Ինչքան Սերժ Սարգսյանին էր ընդդիմություն, այնքան էլ Նիկոլ Փաշինյանին կլինի ընդդիմություն: Ի դեպ, երկուսի վարչապետությունն էլ պաշտպանել է՝ մեկին «տակնահան», մյուսին՝ ստիպված:

Մարուքյանի վրա հիմա դրված է ԲՀԿ-ին ու անձամբ Գագիկ Ծառուկյանին «փչացնելու» ֆունկցիան, ինչը նա հաճույքով կատարում է՝ որպես «կլասիկ» հաճախորդ:

3. Թող զարմանալի չթվա, բայց խորհրդարան անցած ուժերից ամենալեգիտիմ փողը ծախսել է ԲՀԿ-ն, քանզի հայտնի է դրա աղբյուրը՝ Փաշինյանի կողմից սեփականատեր հռչակված Գագիկ Ծառուկյանի միլիոնները: Մյուսների մասով չկա հստակ պատասխան, թե որտեղից այդ գումարները, թեև ամեն ինչ պարզ է:

Պարզ չէ միայն, թե ինչո՞ւ ՀՀԿ-ին չէր կարելի անել այն, ինչն այժմ անում է Փաշինյանը, ընդ որում՝ շատ ավելի մեծ ծավալներով ու շատ ավելի բարձր տեմպով:

. . .

Էլի հարցեր կան, բայց առայժմ բավարարվենք այսքանով: Պատասխան չենք ակնկալում:

Ակնկալում ենք, որ ամեն մի ընտրող ինքն իրեն այս հարցերը տա ու փորձի պատասխան գտնել, բայց ապուշի պես չասի, թե բա լավ են անում, բա ինչի՞ ՀՀԿ-ի ու Սերժի ժամանակ չէիք խոսում: Ասեմ, որ խոսում էինք. կարելի է մտնել արխիվ ու նայել:

Ի դեպ, երբ մենք Սերժ Սարգսյանի ու ՀՀԿ-ի դեմ խոսում էինք, «Ելքի» մաս կազմած բոլոր կուսակցությունները Սերժ Սարգսյանի և ՀՀԿ-ի հաճախորդներն էին ու իրենց համար վայելում էին նախորդ ռեժիմի նետած փշրանքները և մանդատները: Պարզապես ՀՀԿ-ն մնաց իր իսկ կիրառած «պրյոմի» տակ, ընկավ իր իսկ փորած փոսը ու արդյունքում երեկվա լրբերը դառան սրբեր:

Հայկ Ուսունց

Այս խորագրի վերջին նյութերը