Քաղաքական

11.12.2018 11:31


ԵՄ-ն ակնկալում է աշխատել «Հայաստանի՝ ժողովրդավարական պայմաններում ընտրված նոր խորհրդարանի և ապագա կառավարության հետ»

ԵՄ-ն ակնկալում է աշխատել «Հայաստանի՝ ժողովրդավարական պայմաններում ընտրված նոր խորհրդարանի և ապագա կառավարության հետ»

Եվրամիությունը ակնկալում է աշխատել Հայաստանի՝ ժողովրդավարական պայմաններում ընտրված նոր խորհրդարանի և ապագա կառավարության հետ: Այդ մասին ասված է կիրակի օրը Հայաստանում անցկացված ընտրությունների վերաբերյալ ԵՄ Արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության/Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով մամուլի խոսնակի հայտարարությունում:

«Դեկտեմբերի 9-ին Հայաստանում տեղի ունեցան Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ՝ առաջին համապետական ընտրությունները, որոնք հետևեցին 2018 թվականի ապրիլ-մայիս ամիսներին կատարված խաղաղ բնույթի քաղաքական անցմանը: Համաձայն Ընտրությունների միջազգային դիտորդների հայտարարության՝ այս ընտրություններն անցել են «հիմնարար ազատությունների նկատմամբ հարգանքի դրսևորմամբ և վայելում են հանրային լայն վստահություն, ինչն անհրաժեշտ է պահպանել ընտրական համակարգի հետագա բարեփոխումների միջոցով»,-հայտարարում է Եվրամիությունը:

«Եվրոպական միությունը հանձնառու է Հայաստանի կայուն, ժողովրդավարական և բարեկեցիկ ապագայի կառուցմանը: Արտահերթ խորհրդարանական ընտրությունները կարևորվում են այն առումով, որ դրանք բարձրացրեցին հանրային վստահությունը ընտրական գործընթացների նկատմամբ՝ Հայաստանում: Ակնկալում ենք, որպեսզի բոլոր շահագրգիռ կողմերը շարունակեն ջանքերը երկրի հետագա ժողովրդավարացման և արդիականացման ուղղությամբ»,-ասված է Հայաստանում Եվրամիության պատվիրակության հրապարակած հայտարարությունում:

«Մենք ակնկալում ենք աշխատել ժողովրդավարական պայմաններում ընտրված նոր խորհրդարանի և ապագա կառավարության հետ` խորացնելու մեր քաղաքական և տնտեսական հարաբերությունները` հիմք ընդունելով համատեղ պարտավորությունները ԵՄ-Հայաստան համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ներքո»,-հայտարարում է Եվրոպական միությունը:

Աղբյուրը՝ Ազատություն

Այս խորագրի վերջին նյութերը