Մեկնաբանություն

10.12.2018 16:35


Չաղը, ցանցառը և Նիկուլինը. «կլասիկ» խորհրդարան

Չաղը, ցանցառը և Նիկուլինը. «կլասիկ» խորհրդարան

Դեկտեմբերի 9-ին ձևավորվեց «կլասիկ» խորհրդարան: Մանդատներ ստացան «Իմ քայլը», ԲՀԿ-ն ու «Լուսավոր Հայաստանը»: Այդ ուժերը գլխավորող Գագիկ Ծառուկյանը, Էդմոն Մարուքյանը և Նիկոլ Փաշինյանը հիշեցնում են սովետական ժամանակների էկրանային հերոսներին (ֆիլմի հերոսները մանր ժուլիկություններով փող էին աշխատում), որոնց մեր ժողովուրդն անուններ էր դրել: Հայտնի կոմիկական եռյակին ասում էին չաղը, ցանցառը և Նիկուլինը:

Նրանց միջոցով ձևավորված խորհրդարանն, ի դեպ, շատ ավելի թանկ է նստելու հարկատուներիս վրա, քանզի «Իմ քայլի» «խփած» տոկոսների ու սերժսարգսյանական օրենսդրության դրույթների պատճառով ԱԺ-ում լինելու է 27-ով ավելի պատգամավոր (132), ավելի ճիշտ՝ «ախոռում» կոճակ սեղմող ձրիակեր:

Դատելով քվեարկության արդյունքներից՝ ընտրողների փոքրամասնությունը տիրացել է իշխանության 100 տոկոսանոց փաթեթին: «Իմ քայլին» ձայն է տվել 884.849 հոգի, որը ընտրական իրավունք ունեցողների 1/3-ն է կազմում: Եթե սրան ավելացնենք նաև այն, որ քվեարկությանը չեն մասնակցել ընտրողներից կեսից ավելին, ապա այս խորհրդարանի ոչ լեգիտիմ պատկերն ամբողջական կդառնա:

Կրկեսի վերածված խորհրդարանը

«Դասականն» անթույլատրելի էր համարել հայրենիքի վերածումը կրկեսի: Հայրենիքը չգիտեմ, բայց որ նոր խորհրդարանը կրկեսի է վերածված, սա ակնհայտ է:

Սա հետանկախական Հայաստանի առաջին խորհրդարանն է, որտեղ չկա ընդդիմություն, որի կազմի 90 տոկոսին ժողովուրդը ոչ դեմքով, ոչ անունով չի ճանաչում, և որի մեծամասնությունը բացառապես «կոճակներ» են ու պատգամավոր դառնալու համար պարտական են Նիկոլի «դուխով» գրությամբ գլխարկին:

Սա հետկոմունիստական շրջանի առաջին խորհրդարանն է, որը ամենաշատն է հիշեցնում կոմունիստական շրջանի խորհրդարանը, որտեղ քվոտայով կային «մտավորականներ», կթվորուհիներ, կոմբայնավարներ և նույնիսկ մի կին ատամնատեխնիկ:

Այս խորհրդարանում բոլորը լինելու են հավասար, իսկ «Իմ քայլի» ներկայացուցիչները ավելի՛ հավասար, քան ԲՀԿ-ն ու «Լուսավոր Հայաստանը», բայց բոլորը միասին լինելու են Փաշինյանի կրնկի տակ ու կախված են լինելու նրա վարկանիշից: Այդ վարկանիշային անխուսափելի անկումը նոր խորհրդարանին կանգնեցնելու է լեգիտիմության խնդրի առաջ:

Ի դեպ, խորհրդարանը լեգիտիմ չէ նաև հիմա, քանզի ընտրողների մեծամասնությունը չի մասնակցել ընտրություններին՝ այդպիսով մերժելով բոլոր 11 ուժերին: Առավել ևս այն լեգիտիմ չի լինի ամիսներ անց:

ԲՀԿ-ի ՕԵԿ-ացումը

Խորհրդարան անցած ԲՀԿ-ն կցված է Փաշինյանին այնպես, ինչպես 2008-ից հետո ՕԵԿ-ն էր կցվել ՀՀԿ-ին, բայց այն տարբերությամբ, որ Արթուր Բաղդասարյանին դրա դիմաց տվեցին կոալիցիոն գործընկերոջ կարգավիճակ, իսկ ահա Գագիկ Ծառուկյանին այդպիսի կարգավիճակ չեն տա և նա կբավարարվի միայն բիզնես դաշտում որոշակի դիրքեր պահելով (առայժմ):

Փաշինյանի հետ հուշագրի ստորագրումից հետո արդեն պարզ էր, որ Ծառուկյանը ամբողջությամբ հանձնվում է նոր իշխանություններին, որոնք դժվար է ասել, թե որքան կպահեն իրենց պայմանավորվածությունները օլիգարխից սեփականատեր հռչակված Ծառուկյանի հետ:

«Լուսավորի» մութ կողմերը

Ինչ մնում է «Լուսավոր Հայաստանին», ապա սա այն ուժն է, որը ստեղծման օրվանից եղել է Սերժ Սարգսյանի հաճախորդը:

Գավառական կոմսոմոլի տիպիկ ներկայացուցիչ հիշեցնող Էդմոն Մարուքյանը ապրիլ-մայիսին կատաղի կռիվ էր տալիս Փաշինյանի դեմ ու ընդունում էր Սերժ Սարգսյանի վարչապետությունը՝ դժգոհելով, որ վերջինիս ենթակաները պատին փակցված իր նկարն են ցույց տալիս և ամեն ինչ գցում Սերժ Սարգսյանի վրա: Մարուքյանն ուրախություն էր հայտնում, որ ԱԺ-ում արդեն շփվելու է ոչ թե դրածո վարչապետի, այլ իշխանության իրական կրող Սերժ Սարգսյանի հետ:

Մարուքյանը, որպես շուստրի գեղցի ու իրեն միամիտ լոռեցու տեղ դրած քոքված հաճախորդ, որոշեց հետագայում մաքրվել Սերժ Սարգսյանից ու հեղափոխական խաղալ՝ քծնելով Փաշինյանին ու ծափահարելով նրա բոլոր որոշումներին:

Ի դեպ, այդ կուսակցության ցուցակում է ու պատգամավորի մանդատի է արժանացել տխրահռչակ «1in.am» կայքի խմբագիր Արման Բաբաջանյանը, ով Սերժ Սարգսյանի նախագահության շրջանում Բ26-ի քարոզչական առաջամարտիկներից էր ու մինչև Փաշինյանի վարչապետ դառնալը կատաղի կռիվ էր տալիս հրապարակի դեմ: Նա էլ Մարուքյանի պես մայիսից հետո դարձավ մոլի նիկոլական ու թունդ հեղափոխական:

Մեկ դերասանի թատրոն

Ահա այս ուժերն են խորհրդարանի ոչ իշխանությունը ներկայացնում: Սրանց ընդդիմություն ասելը ծաղր է ընդդիմության ինստիտուտի նկատմամբ: Նույնիսկ 2017-ի խորհրդարանը, որն ամբողջությամբ ձևավորվել էր Սերժ Սարգսյանի գծած պլանով, ուներ ֆորմալ առումով ընդդիմադիր խմբակցություն՝ ի դեմս «Ելք» դաշինքի, որի կազմում էր նաև Նիկոլ Փաշինյանի ՔՊԿ-ն և որին Բ26-ը որոշել էր բերել խորհրդարան՝ ժողովրդավարական ցուցանակ ԱԺ-ի վրա կախելու համար: Հիմա դա էլ չկա: Սերժ Սարգսյանի համեմատ Փաշինյանը, փաստորեն, շատ ավելի ագահ գտնվեց:

ԲՀԿ-ն Փաշինյանի վարչապետ դառնալուց 5 րոպե առաջ էր միացել հրապարակին, իսկ «Լուսավոր Հայաստանը»՝ 5 րոպե անց: Հիմա սրա՞նք պետք է հակակշիռ դառնան:

Ինչպես բազմիցս ենք նշել, իրական քաղաքական գործընթացները կսկսեն ծավալվել խորհրդարանի պատերից դուրս, քանզի այս խորհրդարանը զուրկ է քաղաքական բովանդակությունից և ոչ լեգիտիմ է:

Հայկ Ուսունց

Հ.Գ.: Ուշագրավ է, որ խնամի, ծանոթ, բարեկամ արատավոր պրակտիկայից հրաժարվելու կոչերով իշխանությունը վերցրած Փաշինյանի ընտանիքի անդամները, ընկերներն ու բարեկամները դառնալու են պատգամավոր և պաշտոնյա:

Ուշագրավ ևս մեկ հանգամանք. իշխանափոխությունից ընդամենը 7 ամիս անց և Երևանի ավագանու ընտրություններից ընդամենը 3 ամիս անց Փաշինյանի վարկանիշը լուրջ անկում է ապրել:

Այսպես՝ Երևանի ավագանու ընտրություններում «Իմ քայլը» դաշինքը, որը դե յուրե գլխավորում էր Կարգին Հայկոն, իսկ իրականում՝ Նիկոլ Փաշինյանը, քանզի նա էր տանում քարոզը, ստացել է ավելի շատ ձայն և՛ տոկոսային, և՛ բացարձակ առումներով:

Եթե ավագանու ընտրություններին «Իմ քայլը» ստացավ քվեարկությանը մասնակցածների ավելի քան 81 տոկոսը, ապա նույնանուն դաշինքը երեկ Երևանում ստացել է մոտ 10 տոկոսով պակաս քվե:

Ի դեպ, ԱԺ արտահերթ ընտրություններին Երևանում մասնակցել է 30 հազարով ավելի շատ ընտրող, քան ավագանու ընտրությունների ժամանակ, ինչն էլ «Իմ քայլի» ձայների տոկոսային անկման հիմնական պատճառներից մեկն է դարձել: Այսինքն՝ հաստատվել է Կապանի քաղաքապետի ընտրություններում արձանագրված այն կանոնը, ըստ որի՝ ընտրություններին մասնակցողների քանակի ավելացմանը զուգահեռ պակասում են Փաշինյանի ստացած տոկոսները:

Այս ընտրությունների ժամանակ քվեարկության իրավունք ունեցողների կեսից ավելին մերժեցին Նիկոլ Փաշինյանին, բայց քանի որ եղածների մեջ այլընտրանք չգտան, ուստի չգնացին ընտրատեղամաս: Եթե այլընտրանքը լիներ ոչ ՀՀԿ-ի տեսքով, ապա «Իմ քայլը» զգալիորեն քիչ ձայներ կստանար և մենք խորհրդարանում կունենայինք իրական հակակշիռ, այլ ոչ թե իրար «կլասիկ» ձևով սիրող ԲՀԿ և «Լուսավոր Հայաստան», որոնց հիմնական գործը լինելու է իրար կծմծելը և Փաշինյանի առաջ գլուխ խոնարհելը:

Այս խորագրի վերջին նյութերը