Քաղաքական

07.12.2018 17:05


Սանկտ Պետերբուրգում Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը քննարկել են ԼՂ հակամարտության կարգավորման հարցը. ադրբեջանցի պաշտոնյա (տեսանյութ)

Սանկտ Պետերբուրգում Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը քննարկել են ԼՂ հակամարտության կարգավորման հարցը. ադրբեջանցի պաշտոնյա (տեսանյութ)

Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպման շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը զրուցել է Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ: Այս մասին հայտնել է Ալիևի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի պետ Հիքմեթ Հաջիևը, գրում է ադրբեջանական «Թրենդ» գործակալությունը:

«Զրույցի ընթացքում քննարկվել է հայ-ադրբեջանական (Ղարաբաղա-ադրբեջանական-Tert.am) հակամարտության կարգավորման և հրադադարի ռեժիմի ամրապնդման շուրջ ակտիվ բանակցությունների շարունակման հարցը»,-«ԱզերԹաջ» պետական գործակալությանը տված հարցազրույցում ասել է Հաջիևը:

Ըստ նրա՝ վերջին շրջանում շփման գծի ու պետական սահմանի երկայնքով հարաբերական անդորր է տիրում, որը «շատ լավ նախադրյալ է ստեղծում հակամարտությունը կարգավորելու վերաբերյալ առարկայական ու ինտենսիվ բանակցություններ վարելու համար»: «Դա ամենևին էլ չպետք է հանգեցնի հակամարտության սառեցմանը կամ անթույլատրելի ստատուս քվոյի պահպանմանը»,-ասել է Հաջիևը:

Ադրբեջանցի պաշտոնյան տեղեկացրել է նաև, որ երկու երկրների ղեկավարները քննարկել են Հայաստանի ու Ադրբեջանի միջև «ձերբակալված անձանց փոխանակման» հարցը:

Նշենք, որ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում է գտնվել Եվրասիական տնտեսական միության բարձրագույն խորհրդի նիստին մասնակցության համար:

***

Քիչ առաջ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ Ալիևի հետ համաձայնության չեն եկել գերիների փոխանակման հարցում:

Մանրամասները՝ տեսանյութում։

Այս խորագրի վերջին նյութերը