Քաղաքական

07.12.2018 14:41


ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը լուծված չէ. Դմիտրի Պեսկով

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը լուծված չէ. Դմիտրի Պեսկով

Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի հարցը չի լուծվել:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՌԻԱ նովոստին, Դմիտրի Պեսկովն այդ մասին ասել է լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով հարցին՝ լուծվե՞լ է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցը:

«Ոչ, հարցը չի լուծվել: Բնականաբար, ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարների զրույցի ընթացքում օրակարգից դուրս այդ հարցի քննարկումը նախաձեռնել է Ալեքսանդր Լուկաշենկոն: Դա նորմալ պրակտիկա է, յուրաքանչյուր երկրի ղեկավար ազատ է բարձրացնել այն հարցերը, որոնք անհրաժեշտ է համարում»,-ասել է Պեսկովը:

Նրա խոսքով՝ այդ պահին բանակցությունների սեղանի շուրջ ոչ բոլորն են ներկա եղել: «Աշխատանքները շարունակվելու են»,-ընդգծել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակը:

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստից հետո լրագրողների հետ զրույցում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել էր, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը լուծված է, և այդ պաշտոնում կնշանակվի Բելառուսի ներկայացուցիչը: Բելառուսի նախագահի հայտարարությունը հերքել էր ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Արման Եղոյանը՝ նշելով, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը չի լուծվել:

Այս խորագրի վերջին նյութերը