Մեկնաբանություն

07.12.2018 13:10


Ի՞նչ որոշում կկայացնի Նիկոլ Փաշինյանը

Ի՞նչ որոշում կկայացնի Նիկոլ Փաշինյանը

Այսօր Վերաքննիչ դատարանը որոշում կկայացնի Ռոբերտ Քոչարյանին կալանավորել-չկալանավորելու հարցով:

Կախված այն հանգամանքից, թե ինչպիսին կլինի որոշումը, կարող ենք ըստ այդմ էլ գնահատել, թե իրականում ով է որոշում կայացրել՝ դատարա՞նը, թե՞ Նիկոլ Փաշինյանը: Վերջինս 100 տոկոսով միջամտում է քաղաքական այս դատավարությանը և ընդհանրապես բոլոր այն իրավական գործընթացներին, որոնք իր պատվերով են տեղի ունենում: Դա տեսանելի էր անգամ առանց հայտնի գաղտնալսումների հրապարակման: Գաղտնալսումները պարզապես եկան հաստատելու կարծիքները և ենթադրությունները:

Փաշինյանի պատկերացմամբ՝ դատարանները պետք է լինեն դակող մարմիններ: Արտահերթ ընտրությունների քարոզչության փուլում նա հրապարակավ վախեցնում էր դատարաններին՝ փաստացի հայտարարելով, որ իր ուզածը չանելու դեպքում ինքը ԱԺ ընտրություններից հետո կսկսի դատավորներին բռնել՝ բնականաբար ըստ կամակատար լինել-չլինելու սկզբունքի: Հիմա հետաքրքիր է, թե ի՞նչ որոշում կկայացնի Փաշինյանը Քոչարյանի գործով:

Քաղաքական շոուների սիրահար և անձնական վրեժխնդրությամբ առաջնորդվող Նիկոլ Փաշինյանը, ամենայն հավանականությամբ, կորոշի կալանավորել Քոչարյանին:

Եթե դա տեղի ունեցավ, ապա թույլ տանք մեզ գրեթե 100-տոկոսանոց կանխատեսում անել, որ վերջում կկալանավորվի նաև Նիկոլ Փաշինյանը, քանզի եթե ընտրակեղծարար ու հանցավոր է հռչակվում քոչարյանական իշխանությունը, ապա այդպիսին պետք է հռչակվի նաև Սերժ Սարգսյանի ու Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանությունը. չէ՞ որ ընտրակեղծիքները սկսվել են 1995-1996 թթ.: Ու քանի որ Նիկոլ Փաշինյանը ուղղակիորեն կապված է եղել Լևոն Տեր-Պետրոսյանի (Վանո Սիրադեղյանի միջոցով) և անուղղակիորեն Սերժ Սարգսյանի իշխանությունների հետ, ուստի՝ ինքն էլ պետք է հռչակվի հանցավոր ռեժիմների հետ առնվազն համագործակցած ու դրանց ծառայություններ մատուցած անձ և դատվի:

Հարցը տվյալ դեպքում այն չէ, թե արդյոք մեղավո՞ր է Քոչարյանը, թե՞ ոչ: Հարցը սկզբունքն է և քաղաքական որոշումը: Եթե դատելով է, ապա պետք է դատվեն բոլորը, այդ թվում՝ Նիկոլը, քանզի նա Տեր-Պետրոսյանին էր պաշտպանում 2008-ին և 2008-ից հետո՝ բազմաթիվ ծառայություններ մատուցում Սերժ Սարգսյանին:

Որոշումը Փաշինյանինն է: Կա՛մ ինքը պետք է պահի ապրիլ-մայիսին հռչակված արժեքները՝ առաջնորդվելով սիրո, համերաշխության ու վենդետաների չգնալու ճանապարհով, կա՛մ պետք է իմանա, որ ֆրանսիական ժիրոնդիստների պես հայտնվելու է իր իսկ սարքած գիլյոտինի տակ:

Հայաստանին պետք են մեծ փոփոխություններ ու մեծ առաջընթաց, այլ ոչ թե մեծ ցնցումներ, որոնց արդյունքում մենք կարող ենք նույնիսկ պետություն կորցնել:

Որոշումը Փաշինյանինն է: Մենք ընդամենը կանխատեսում ու զգուշացնում ենք:

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը