Քաղաքական

06.12.2018 19:42


Եղոյանը հերքում է Լուկաշենկոյին. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը չի որոշվել (տեսանյութ)

Եղոյանը հերքում է Լուկաշենկոյին. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը չի որոշվել (տեսանյութ)

Պաշտոնական Երևանը հերքում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի այն հայտարարությունը, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը կստանձնի Բելառուսի ներկայացուցիչը։ Լուկաշենկոն այս մասին հայտնել է ռուսական լրատվամիջոցներին ԵԱՏՄ տնտեսական խորհրդի նիստից հետո։

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Արման Եղոյանը Sputnik Արմենիային հայտնեց, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը չի լուծվել։

«ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցը լուծված չէ դեռ։ ՀԱՊԿ նիստ ընդհանրապես տեղի չի ունեցել։ Հայաստանի դիրքորոշումն այս հարցում անփոփոխ է»,–ասաց նա։

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը կզբաղեցնի Բելառուսի ներկայացուցիչը, լրագրողներին ասել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Սանկտ Պետերբուրգում ԵԱՏՄ և ԱՊՀ գագաթնաժողովների շրջանակում։

«Մենք համարյա ՀԱՊԿ նիստ ենք անցկացրել և լուծել գլխավոր քարտուղար նշանակելու խնդիրը»,–ասել է Բելառուսի նախագահը։

Նրա խոսքով` ինչպես ավելի վաղ ասել է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, գլխավոր քարտուղար կլինի Բելառուսի ներկայացուցիչը։

«Մենք պայմանավորվել ենք, թե ինչպես տեղի կունենա այդ նշանակումը` անհատական զրույց ՀԱՊԿ յուրաքանչյուր ղեկավարի հետ, ապա նրանք կստորագրեն այդ որոշումը»,–նշել է Լուկաշենկոն։

Հայաստանի դիրքորոշման մասին հարցին պատասխանելիս`Լուկաշենկոն նշել է, որ չի կարող խոսել Փաշինյանի փոխարեն։

Նրա խոսքով` ՀԱՊԿ նիստը, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա հաջորդ շաբաթ Մոսկվայում։

Հիշեցնենք, որ այսօր ՀՀ վարչապետի պաշտոնակատարը Սանկտ Պետերբուրգում մասնակցում է Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին։

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը թափուր էր մնացել Հայաստանի ներկայացուցիչ Յուրի Խաչատուրովի հրաժարականից հետո։ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար էր դարձել նրա տեղակալ` Ռուսաստանի ներկայացուցիչ Վալերի Սեմերիկովը։ Հայաստանը պնդում է, որ մինչև 2020 թվականը պետք է պահպանի պաշտոնը։ Սակայն ՀԱՊԿ որոշ գործընկերներ հայտարարել են, որ երկրում տիրող քաղաքական իրավիճակի պատճառով նպատակահարմար չէ պաշտոնը կրկին Հայաստանին փոխանցելը։

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը