Մեկնաբանություն

05.12.2018 11:45


Մերժե՞լ, թե՞ յուրացնել. Փաշինյանը կրկնում է Սարգսյանին (տեսանյութ)

Մերժե՞լ, թե՞ յուրացնել. Փաշինյանը կրկնում է Սարգսյանին (տեսանյութ)

Երբ Նիկոլ Փաշինյանը դեռևս «Ելք» խմբակցության պատգամավոր էր, քննադատում էր այն օրենսդրական նախաձեռնությունները, որոնք նոր Սահմանադրության շրջանակներում ավելացնում էին վարչապետին, այսինքն՝ Սերժ Սարգսյանին տրվելիք լիազորությունների ծավալները:

Ընդդիմադիր Փաշինյանը դեմ էր արտահայտվում սուպերվարչապետական լիազորություններին, բայց հենց դարձավ վարչապետ՝ պահանջեց է՛լ ավելի մեծ լիազորություններ, որոնց անունն ուզում է դնել «անցումային արդարադատություն»:

«Անցումայինի» անվան տակ Փաշինյանն ուզում է վերցնել դատական, դատախազական ու քննչական ֆունկցիաներ: Նա, ըստ այդմ, ուզում է իր հայեցողությամբ նշանակել մեղավորներ ու հետո դատել՝ շրջանցելով դատական ու փաստաբանական ինստիտուտները: Փադիշահական նրա այդ ցանկությունները մոտ են իրականանալուն, քանզի ապագա ԱԺ-ն ունենալու է մեծամասնություն, որի անդամները ներկայացնելու են բացառապես Նիկոլ Փաշինյանին: Նրանք լինելու են անդեմ ու անկարծիք: Նման օրենսդիր մարմնի ձևավորումից հետո դատական իշխանության սեփականաշնորհումը կդառնա տեխնիկայի հարց:

Փաշինյանը հիմա «մոռացել» է, որ ինքը դեմ էր սուպերվարչապետական համակարգին ու խոստանում էր փոխել այդ համակարգը, բայց վարչապետ դառնալուց 7 ամիս անց նա ոչինչ չի արել այդ ուղղությամբ ու անհավանական է, որ դեկտեմբերի 9-ից հետո վարչապետ դառնալուն պես դա կանի: Չի՛ անի, քանզի մեր ժողովուրդն այնքան դուխ ունեցավ, որպեսզի մերժի Սերժին, բայց այնքան խելք չունեցավ, որ նույն, ես կասեի՝ ավելի կեղտոտ ջուրը երկրորդ անգամ չմտնի:

Ուշագրավն այն է, որ Փաշինյանի տեսակետները շատ դեպքերում կրկնում են Սերժ Սարգսյանինը: Դա վերաբերում է, մասնավորապես, օլիգարխներին, որոնց «բոբո» էր սարքել Փաշինյանն ընդդիմադիր եղած ժամանակ:

Հարց է առաջանում՝ ապրիլ-մայիս ամիսներին տեղի է ունեցել մերժմա՞ն, թե՞ եղածի յուրացման գործընթաց: Պատասխանը, կարծում ենք, ակնհայտ է:

7or.am

Հ.Գ.: Ապրիլ-մայիսյան հանրահավաքների օրերին Նիկոլ Փաշինյանը պնդում էր, որ պետք է մատնահետքերի արձանագրման միասնական համակարգ ձևավորել, որպեսզի ընտրությունների ժամանակ բացառվեն կրկնաքվեարկությունները: Իսկ դա նշանակում էր, որ նախ ինստիտուցիոնալ հիմքեր պետք է ստեղծվեին, այսինքն՝ ընդունվեր Ընտրական նոր օրենսգիրք, ապա տեխնիկապես ապահովվեր նույն այդ մատնահետքերի ստուգման համակարգը: Դրանք չարվեցին: Փաշինյանը հայտարարեց, որ իրենց համար մեկ է, թե որ օրենսգրքով կլինի ընտրությունը ու պահպանեց ռեյտինգային ընտրակարգը:

Եթե ելնենք երբեմնի ընդդիմադիր Փաշինյանի ասածներից, ապա մեկ մարդը դեկտեմբերի 9-ին տարբեր ընտրատեղամասերում կարող է քվեարկել, ինչի մասին շատ էր խոսվում նախորդ իշխանությունների ժամանակ:

Հիմա Փաշինյանն ասում է, որ իրենք չեն թույլ տա կեղծիքներ: Իսկ ո՞րն է երաշխիքը: «Հորս արև, մորս արևը՞»:

Փաշինյանն ասում է՝ եթե իմ վարչապետության շրջանում ընտրությունները կեղծվեն, ապա ես իմ ապրած կյանքը և քաղաքական պայքարը կհամարեմ անիմաստ: Է՜հ, հետո ի՞նչ: Ասենք՝ կհամարես անիմաստ կամ չես համարի: Հետո՞:

Եթե ընտրությունները չկեղծվելու երաշխիքը Փաշինյանի «մամայիս արև, չեմ կեղծի, թե չէ անիմաստ կլինի մեր պայքարը» բանաձևն է, ապա դա իրականում ուղիղ դեպի կեղծիքները տանող ճանապարհն է՝ պատված դեմագոգիկ շղարշով:

Բա որ հանկարծ Փաշինյանն իր պայքարը համարի անիմաստ: Ի՞նչ է, դրանից հետո հայ ժողովուրդն ընկնելու է նոր մարդ ման գա, որը չի՞ համարի իր պայքարն անիմաստ ու նո՞ր «վոժդ» կկարգի նրան: Ի՞նչ է, մենք կրա՞կն ենք ընկել ամբոխավարության ձեռքը:

Փաստորեն, Փաշինյանն առաջարկում է իր կյանքի իմաստալից լինել-չլինելու հիմքով գնահատել ընտրությունների լեգիտիմությունը: Բա ի՞նչ եղան Սերժ Սարգսյանի նախագահության շրջանում խոսվող մեռած հոգիների քվեարկության, կեղծ անձնագրերի ու ID-քարտերի պատմությունները, որոնք կրկնաքվեարկություններ ապահովելու և քվեներ կեղծելու գործիքներն էին: Դրանք չկայի՞ն Սարգսյանի ժամանակ (ուրեմն ամբողջ հայ ժողովուրդը պետք է ներողություն խնդրի ՀՀԿ-ից, որ անհիմն մեղադրել է նրանց շրջիկ խմբերի համար), թե՞ կային այդ շրջիկ խմբերը, կեղծ անձնագրերը և իդենտիֆիկացիոն քարտերը, պարզապես դրանք հիմա սեփականաշնորհվել ու յուրացվել են Փաշինյանի իշխանության կողմից: Ի՞նչ իմանանք:

Փաշինյանն այս հարցերին պատասխանելու փոխարեն առաջարկում է արդար ընտրությունների առումով հավատալ իր «հորս արև չեմ կեղծելու» խոսքին: Դա նույնն է, որ Փաշինյանը հայտարարի, թե պետությունը, Սահմանադրությունը, օրենքները, դատարանները, դատախազությունը, քննչական ծառայությունը, համայնքները, մարզպետարանները ես եմ: Ի դեպ, փաստացի դա էլ հայտարարում է:

Այս խորագրի վերջին նյութերը