Մեկնաբանություն

05.12.2018 00:21


Դիվանագիտական սկանդալ հայ-ռուսական հարաբերություններում

Դիվանագիտական սկանդալ հայ-ռուսական հարաբերություններում

Պաշտոնական Երևանի կոպիտ սխալի արդյունքում ՀԱՊԿ-ում առաջացած խնդրի շուրջ նոր սկանդալ է առաջացել:

Ինչպես հայտնի է, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն օրերս անդրադարձել էր դեկտեմբերի 6-ին կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին՝ նշելով, որ մեկնելու է Սանկտ Պետերբուրգ, որտեղ սակայն տեղի է ունենալու միայն Եվրասիական տնտեսական միության բարձրագույն խորհրդի նիստը:

«ՌԴ նախագահն ինձ հետ հեռախոսազրույցում առաջարկել է դեկտեմբերի 6-ին նախատեսված ՀԱՊԿ գագաթնաժողովը չանցկացնել՝ մինչև աշխատանքային կարգով այդ հարցը (ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ընտրության հարցը – Կ.Մ.) չքննարկենք»,-ասել էր Փաշինյանը:

Երեկ, սակայն, ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հերքել է Փաշինյանի ասածները՝ հայտարարելով, որ գագաթնաժողովի ժամկետի հետաձգումը հայաստանյան կողմի խնդրանքով է եղել:

«Հայկական կողմի խնդրանքը հաշվի առնելով, որը վկայակոչել էր դեկտեմբերի 9-ին ընտրություններով ավարտվող նախընտրական արշավը, որոշեցինք ՀԱՊԿ գագաթնաժողովը չանցկացնել (դեկտեմբերի 6-ին)»,-ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ նշել է Ուշակովը:

Եվ ահա Ուշակովին հակադարձել է Փաշինյանի մամլո խոսնակ Արման Եղոյանը՝ պնդելով, որ ոչ թե հայկական, այլ ռուսական կողմի նախաձեռնությամբ է հետաձգվել ՀԱՊԿ գագաթնաժողովը:

Ըստ Եղոյանի, ամեն ինչ եղել է այնպես, ինչպես Փաշինյանը ներկայացրել է դեկտեմբերի 2-ին՝ լրագրողների հետ զրույցում։

Եթե համադրենք Պուտինի ու Փաշինյանի ներկայացուցիչների ասածները, ապա կստացվի, որ կա՛մ Պուտինն է ստում, կա՛մ Փաշինյանը: Երկու դեպքում էլ վատ սցենար է: Սա լուրջ դիվանագիտական սկանդալ է, որի հետևանքները չեն կարող չանդրադառնալ առանց այն էլ մտահոգիչ հայ-ռուսական հարաբերությունների վրա:

Փաստորեն, շատ կարճ ժամանակահատվածում Փաշինյանը ՀԱՊԿ շրջանակներում Բելառուսի ու Ղազախստանի հետ հարաբերությունները դարձրեց թշնամական, իսկ ՌԴ-ի հետ հարաբերությունները՝ անվստահելի և սառը:

Փաշինյանն ակնհայտորեն չի տիրապետում հրապարակային ու ոչ հրապարակային դիվանագիտական հարաբերությունների այբուբենին ու արդյունքում Հայաստանը դառնում է տարրական գիտելիքների պակասի զոհ:

Ի դեպ, Ադրբեջանի քաղաքական ու փորձագիտական շրջանակներն այս ամենը ֆիքսել են ու ձեռքերն են շփում՝ սպասելով Հայաստանի մեկը մյուսին հաջորդող սխալներին, որպեսզի կարողանան իրենց խնդիրները մեր ձեռքերով լուծել:

Իսկ մեզ մոտ հայտարարվում է, որ ամեն ինչ լավ է: Կարևորը՝ «դուխով»:

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը