Մեկնաբանություն

03.12.2018 09:55


Փաշինյանը չխոսեց գլխավորի մասին (լուսանկար)

Փաշինյանը չխոսեց գլխավորի մասին (լուսանկար)

Տեղի ունեցած իշխանափոխության գլխավոր շարժիչ ուժերից մեկը կոռուպցիայի, այդ թվում՝ քաղաքական կոռուպցիայի դեմ պայքարի ցանկությունն էր:

ՀՀԿ-ի մոտ «թղթերով ամեն ինչ կարգին էր», բայց բոլորն էլ հասկանում էին, որ այդ կառույցը հանրային միջոցներն օգտագործում է սեփական շահերի համար:

ՀՀԿ-ն ճոխ քարոզարշավներ էր անցկացնում և հարց էր առաջանում, թե որտեղի՞ց նրանց այդքան փող: Պատասխանը հանրությունն, իհարկե՛, գիտեր, բայց ամեն դեպքում հարցը մնում էր օրակարգում: Ու մնաց այնքան, մինչև որ հանրությունը օրակարգային այդ հարցը լուծեց՝ ՀՀԿ-ին հեռացնելով իշխանությունից:

Իշխանության եկած Նիկոլ Փաշինյանը հակակոռուպցիոն պայքար է հայտարարել, բայց «Իմ քայլը» դաշինքի քարոզարշավը, ավելի ճիշտ՝ քարոզարշավի ֆինանսական կողմը և՛ Երևանի ավագանու ընտրությունների, և՛ ԱԺ արտահերթ ընտրությունների ժամանակ նույն այն հարցերն է առաջացնում, որոնք առաջանում էին նաև ՀՀԿ-ի իշխանության տարիներին:

Դատելով ամենից՝ Փաշինյանի «Իմ քայլը» ՀՀ նորանկախ պատմության մեջ ամենաթանկ ու ճոխ քարոզարշավն է իրականացնում: Առիթ ունեցել ենք այս մասին գրելու, բայց քանի որ պատասխան չի հնչել այս քարոզարշավի ընթացքում, ուստի կրկնում ենք՝ որտեղի՞ց Փաշինյանի թիմին այսքան փող: Մինչև իշխանափոխությունը քաղաքական դաշտում «բոմժի» իմիջ ունեցող այս տղաներին ու աչոնիկներին որտեղի՞ց հասանելի դարձան թանկարժեք քարոզական միջոցները:

Որտեղի՞ց այս պարմանների ու պարմանուհիների մոտ միանգամից հայտնվեց փողը, որ նրանք սկսեցին ճոխ-ճոխ բուկլետներ, մեծադիր պաստառներ ու հոլովակներ պատվիրել ու տարածել:

Երբ մաքսայինի առաջվա ղեկավար Արմեն Ավետիսյանը, ըստ Նիկոլ Փաշինյանի, ցանկություն է հայտնում Ծաղկաձորի «Գոլդեն փելես» հյուրանոցը նվիրել պետությանը, հնարավո՞ր է, որ այլ բաներ էլ է նա ցանկություն հայտնել նվիրել «պետությանը» և իրականացրել է իր այդ ցանկությունը, բայց այդ մասին չի ասվում ՀՀ հպարտ քաղաքացիներին:

Իսկ կարո՞ղ է այլևս փաշինյանական դարձած Սամվել Ալեքսանյանի մասին իշխանությունները մեծ աղմուկ բարձրացրեցին իշխանափոխությանը հաջորդած օրերին ու հետո միանգամից «մոռացան» նրա մասին և դա է հնարավորություն տվել «Իմ քայլին» այսքան ճոխ քարոզարշավ անցկացնել: Ո՞վ գիտե:

Նմանատիպ հարցերն առաջանում են, քանզի հայտնի չէ «Իմ քայլի» ֆինանսավորման աղբյուրը, բայց տեսանելի է քարոզչության թանկարժեքությունը:

Ընդամենը մեկ տարի առաջ տեղի ունեցած խորհրդարանական ու Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ «Ելք» դաշինքը, որի անդամ էր նաև Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիրը», շատ համեստ քարոզարշավ էր անցկացնում (Բ26-ում որոշել էին «Ելքին» անցկացնել խորհրդարան, բայց ֆինանսապես շատ երես չտալ): Փաշինյանի բեմն այն օրերին ավտոտնակների տանիքներն էին, իսկ «Ելքի» քարոզչական նյութերը շատ քիչ էին, տեսահոլովակները աղքատիկ ու գրեթե չցուցադրվող, քանզի այդքան փող չկար: «Ելք»-ի շտաբներն էլ շատ քիչ էին: Մի խոսքով, ընդամենը մեկ տարի առաջ փաշինյանենք «քյասիբ» քարոզարշավ էին անցկացնում:

Իշխանության գալուց ընդամենը մի քանի ամիս անց մենք Փաշինյանի մոտ տեսնում ենք այնպիսի ճոխություններ, որոնք քաղաքական կոռուպցիայի, պետական միջոցները մսխելու և ՀՀԿ-ական ոճին անցնելու ակնհայտ դրսևորումներ են:

Փաշինյանը քարոզարշավի ընթացքում անդրադառնում է տարբեր հարցերի: Հիմնականում զբաղված է աջ ու ձախ հայհոյանքներ տեղալով, մատ թափ տալով, ՀՀԿ-ին քննադատելով ու հպարտ քաղաքացիների ականջը շոյող անբովանդակ ելույթներով, բայց չի անդրադառնում գլխավոր հարցին՝ որտեղի՞ց այսքան գումար միանգամից հայտնվեց Փաշինյանի մոտ, որ նա այսքան թանկ քարոզարշավ է անցկացնում:

Հայկ Ուսունց

n hqdefault fe51fe24d532e078bcb1a8bfa71b5c54 images m maxresdefault IMG_5832MHM0123737

Այս խորագրի վերջին նյութերը