Մեկնաբանություն

02.12.2018 01:16


Հեղափոխությունը լեգիտիմ է, իսկ հեղափոխականները՝ ոչ (տեսանյութ)

Հեղափոխությունը լեգիտիմ է, իսկ հեղափոխականները՝ ոչ (տեսանյութ)

Այս տարվա ապրիլ-մայիսին տեղի ունեցած քաղաքական իրադարձությունները ոմանք կոչում են «թավշա հեղափոխություն», ոմանք՝ պարզապես հեղափոխություն, ոմանք՝ իշխանափոխություն, ոմանք՝ իշխանության բռնազավթում, իսկ ոմանք էլ մի փոքր սպասում են, որպեսզի իրական գնահատական տան:

Ինչ անուն էլ դնենք տեղի ունեցածին, դրա առաջին մասը, այսինքն՝ «մերժիրի» փուլը գերլեգիտիմ էր: Դա շատ սպասված հյուր էր, բայց ոչ մեկը չէր սպասում, որ «նա» այդպես կգա:

«Մերժիրը» ստացվեց, քանի որ համախմբել էր գրեթե ողջ հայ ժողովրդին՝ Հայաստանից մինչև Սփյուռք:

«Մերժիրը» ստացվեց, քանի որ չկային բաժանարար գծեր: Հանրությունը բաժանված չէր սևերի ու սպիտակների: Կար «Կոնսենսուս մինուս 1»: Ու բնական է, որ «մերժիրը» պետք է ստացվեր:

Ուշագրավն այն է, որ «մերժիրին» հաջորդած «սիրիրի» փուլը բաժանեց, մասնատեց ու թշնամացրեց մեր ժողովրդի տարբեր հատվածներին: Այդ առումով հեղափոխականները կամ իշխանափոխները լեգիտիմ չեն, որքան տոկոս էլ որ ԿԸՀ ղեկավար Տիգրան Մուկուչյանը դեկտեմբերի 9-ի երեկոյան հայտարարի:

Հեղափոխականները կամ իշխանափոխները լեգիտիմ չեն նաև մեկ այլ պատճառով:

Լեգիտիմությունն ունենում է երկու հիմնական աղբյուր՝ ընտրովիություն և կոմպետենտություն: Կոմպետենտության մասով լուրջ խնդիրներ կան ու դա այնքան ակնհայտ է, որ տեսանելի է անզեն աչքով:

Երբ, օրինակ, պետության փոխարտգործնախարարը, որը հեղափոխական կոմիսար է նշանակված արտգործնախարարությունում, մի քանի րոպե խոսում է իր կուսակցական ղեկավար Սասուն Միքայելյանի ասածները չհաստատող ձևակերպումներով, բայց իր խոսքի սկզբում ու վերջում բառացի հաստատում է Սասուն Միքայելյանի ասածները արցախյան ազատամարտի ու հեղափոխության համեմատականների մասով, պարզ է դառնում, որ գործ ունենք կա՛մ փորձի պակասից եթերում չափից շատ հուզված մեկի կա՛մ քաղաքականապես անմեղսունակի հետ:

Այս քարոզարշավը միայն պակասեցրեց «Իմ քայլի» ձայները ու թերևս ստացվելու է այնպես, որ Երևանի քաղաքապետ նշանակված Հայկ Մարությանը տոկոսային առումով ավելի շատ ձայներ է հավաքելու, քան Նիկոլ Փաշինյանի գլխավորած ցուցակը, ինչը նյարդայնացնելու է վերջինիս: Բայց դա արդեն իրենց ներքին գործն է:

Մենք միայն արձանագրում ենք, որ հեղափոխությունը լեգիտիմ էր, իսկ հեղափոխականները՝ ոչ:

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը