Մեկնաբանություն

30.11.2018 11:58


Ո՞ւր կորան ընտրակեղծարարները-2

Ո՞ւր կորան ընտրակեղծարարները-2

Ընտրակեղծիքների մասին խոսակցությունները սկսվել են 1995 թվականի խորհրդարանական ընտրություններից սկսած:

Ընտրակեղծիքներն իրենց մեջ ներառել են բազմաթիվ գործիքներ՝ ընտրակաշառքից մինչև վարչական ռեսուրսի կիրառում, կրկնաքվեարկությունից մինչև լցոնումներ:

Տվյալ պահի իշխանությունները պնդել են, որ ընտրությունների ժամանակ ամեն ինչ կարգին է ու ամեն անգամ քայլ առաջ է արվում, իսկ տվյալ պահի ընդդիմությունը պնդել է, որ տեղի են ունեցել ընտրակեղծիքներ ու ամեն անգամ քայլ հետ ենք արել:

Խոսվել է նաև այն մասին, որ ընտրակեղծիքների մեխանիզմները կքանդվեն ու ընտրակեղծարարները կբացահայտվեն, եթե տեղի ունենա իշխանափոխություն:

Այս տարվա մայիսին իշխանափոխություն տեղի է ունեցել, բայց բացահայտումներ չկան: Նիկոլ Փաշինյանը թեև ընդունել էր 2017-ի ԱԺ ընտրությունների արդյունքները, սակայն խոսում էր այն մասին, որ տեղի են ունեցել ընտրակաշառքի բաժանում, կրկնաքվեարկություններ ու վարչական ռեսուրսի կիրառում:

Հիմա Փաշինյանը պնդում է, որ ընտրակեղծիքներ չեն լինելու և որպես օրինակ բերում է Երևանի ավագանու ընտրությունները: Բայց տեղին է հիշեցնելը, թե ինչ էր ասում Փաշինյանը մինչև այս ամենը: Նա ասում էր, որ պետք է մատնահետքերի արձանագրման միասնական ցանց ստեղծվի, որպեսզի բացառվեն կրկնաքվեարկությունները ու միայն դրանից հետո տեղի ունենան արտահերթ ԱԺ ընտրություններ: Ինչպես հայտնի է, արտահերթը դեկտեմբերի 9-ին է, բայց ոչ թե Ընտրական նոր օրենսգրքով ու տեխնիկական համապատասխան հագեցվածությամբ, այլ հին տարբերակով:

Փաշինյանը նաև կողմ էր այն տեսակետին, որ միայն իշխանափոխությունից հետո կեղծիքները կկանգնեցվեն ու ընտրակեղծարարները կբացահայտվեն, բայց վարչապետ դառնալուց հետո նման գործընթաց չկա: Ոստիկանությունը ընտրողների քանակի մասին գրեթե նույն թվերն է տալիս, ինչ նախկինում էր: Այսինքն՝ ցուցակների մաքրում տեղի չի ունեցել:

Նախկինում խոսվում էր նաև կեղծ անձնագրերով ու ID քարտերով շրջիկ խմբերի քվեարկության մասին: Ի՞նչ եղան այդ կեղծ անձնագրերը: Դրանց մասին խոսակցությունները սո՞ւտ էին, թե՞ հիմա այդ ամենը ծառայեցվելու է այլ ուժի համար, ինչպես որ «ռեյտինգայինն» է ծառայեցվում այլ ուժի՝ օրվա իշխանությանը:

Սրանք հարցեր են, որոնց պատասխաններն այդպես էլ չտրվեցին:

Հայտարարել, թե ընտրակեղծիքները չեն լինելու, քանի որ ընտրակաշառքը արգելվել է (ի դեպ, դա էլ հարց է, քանզի ընտրակաշառք բաժանելու այլ ձև է հիմա գործում. ընտրակաշառվող մարդկանց որպես ակտիվիստ են ձևակերպում), ընդամենը բարի ցանկություն է կամ կենաց:

Մեկ մարդու «հորս արև ընտրակեղծիք չի լինելու» ոճի խոստումը ոչինչ է: Նորմալ ընտրությունների համար ինստիտուցիոնալ հիմքեր են պետք, որոնք չբարեփոխվեցին այս ընտրություններից առաջ: Միայն ԿԸՀ-ի կայքում ընտրակաշառքը բացառող փարիսեցիական ու ցինիկ գովազդով ընտրակեղծիքների դեմ չես պայքարի:

Եթե նույնիսկ ընդունենք, որ ընտրակաշառքը բացառվելու է, ապա հարցական է մնում ընտրակեղծիքի մյուս գործիքակազմերի հարցը:

Ի դեպ, ո՞ւր կորան ընտրակեղծարարները: Նրանք դարձան հպատ քաղաքացիներ ու հիմա երջանիկ ապրո՞ւմ են:

Հայկ Ուսունց

Այս խորագրի վերջին նյութերը