Կարծիք

30.11.2018 08:49


Որքան ժամանակ որ Հայաստանի վարչապետը Նիկոլը լինի, մենք համազգային ռազբորկաների մեջ ենք լինելու

Որքան ժամանակ որ Հայաստանի վարչապետը Նիկոլը լինի, մենք համազգային ռազբորկաների մեջ ենք լինելու

Որքան ժամանակ որ Հայաստանի վարչապետը Նիկոլը լինի, մենք համազգային ռազբորկաների մեջ ենք լինելու: Մի մասին Նիկոլն է թշնամի հայտարարելու, մի մասը` Նիկոլին: Մեզ բաժանել են սևերի ու սպիտակների, հետո կբաժանեն հայաստանցիների ու ղարաբաղցիների, հետո երևանցիների ու իջևանցիների, ծառայածների ու չծառայածների, հարուստների ու աղքատների, սևահերների ու սպիտակամաշկների, սովորելու ժամանակ կոշիկ ունեցածների ու չունեցածների ... ու սա անվերջ է լինելու` պերմանենտ:

Մենք անընդհատ նման վիճաբանությունների մեջ ենք ներքաշվելու, բաժանարար գծերը մեզ տրոհելու են մինչև վերջին մոլեկուլը: Մենք միմյանց ատելու ենք: Դա է լինելու Նիկոլի գլխավոր ու անսպառ ռեսուրսը: Դա էր նրա հաջողության գաղտնիքը:

Ինձ այլ բան է հետաքրքրում, ՔՊ-ում հավաքված մարդիկ շուտով լինելու են անկախ ու օրենքով պաշտպանված, նրանք ի՞նչ սկզբունքներով են առաջնորդվելու` երկրի շահերո՞վ, թե՞ Նիկոլի տրամադրության փոփոխություններով: Արդյոք կվերածվե՞ն սուբյեկտների, որոնք ունեն ինքնուրույն կարծիք, թե՞ դրանք ներս են գցելու ասֆալտի վրա չպառկելու համար: Երկրորդ տարբերակի դեպքում իրենք պատասխանատվություն են կրելու այն ամենի համար, ինչն արդեն ուրվագծվում է:

Արդեն պարզ է՝ օրենքը Հայաստանում չի գործելու, արդեն իսկ չի գործում: Մեզ մնում է բանականությունը՝ որպես վերջին հնարավոր կարգավորող գործոն:

***

Քանի-որ ղարաբաղցի-հայաստանցի թեման Նիկոլի թեթև ձեռքով նորից դարձավ արդիական, մի քանի պատմական փաստեր հիշեցնեմ բոլոր նրանց համար, ովքեր պատմության հետ դուք-ով են շփվում հազվադեպ հանդիպումների ժամանակ:

Երբ Շահ Աբասը դատարկեց Արարատյան դաշտավայրը, ներկայիս Հայաստանում համարյա բնակչություն չէր մնացել, եղածներն էլ հիմնականում թյուրքեր, պարսիկներ ու քրդեր էին, իսկ հայերի մի զգալի մասն էլ իսլամ էր ընդունել, այսինքն՝ դարձել էին թուրք:

Հայեր մնացել էին Արցախում և այսօրվա Ադրբեջանում` հիմնականում հյուսիսում և արևելքում:

18-րդ դարում Արցախը նույպես սկսեց դատարկվել: Մելիքներն իրենց բնակչությամբ գաղթում էին ով որտեղ կարողանար. Ռուսաստան` Հյուսիսային Կովկաս, Աստրախան և այլ, Վրաստան` Թիֆլիս, Բոլնիս-Խաչենի գյուղերը, Շուլավեր, Կախեթ, Գորի, Սղնախի, Քութաիսի և այլն: Նրանց մի զգալի մասը դարձավ վրացի:

Մի զգալի հատված տեղափոխվեց ներկայիս Հայաստան` Իջևան, Շամշադին, Նոյեմբերյան, Ստեփանավան, Ճամբարակի գյուղերը և այլն: Այդ տարածքների ներկայիս բնակչության մեծամասնությունը ծագումով ղարաբաղցիներ են: Սովետական ժամանակաշրջանում մեծ թվով բնակչություն տեղափոխվեց Հրազդան, Չարենցավան, Աբովյան, բնականաբար նաև Երևան, 1905-07 թվականների հայ-թաթարական ջարդերից հետո Երևանում հիմնվեց Ադրբեջանի Արեշ տարածաշրջանից եկածների Արեշ թաղամասը:

Հիմա անցնենք Արցախ: Երբ ռուսները գրավեցին Կովկասը, Արցախում համարյա բնակչություն չկար, դատարկ տարածքներ էին: Ռուսներն աշխարհքաղաքական նպատակներով Արևմտյան Հայաստանից ու Պարսկաստանից սկսեցին հայեր գաղթեցնել ներկայիս Հայաստան և Արցախ: Տասնյակ հազարավոր հայեր հայտնվեցին Արցախում: Մեծամասամբ այն հայերը, ում Շահ Աբասը ժամանակին տարել էր Արարատյան դաշտից: Անգամ Արցախի գյուղերի անվանումներն են Պարսկաստանի բնակավայրերի մասին հուշում` Մարագա, Թալիշ և այլն: Շատ հաճախ հարևան գյուղերը տարբեր բարբառներով են խոսում: Շատերը վերաբնակվել են Արևմտյան Հայաստանից, հատկապես՝ Վանի կողմերից: Վանից ամբողջական գյուղեր՝ իրենց տերտերների գլխավորությամբ, գաղթում էին Արցախ:

Այնպես որ, եթե ծագումնաբանական տեսակետից մոտենանք հարցին, ապա այսօրվա արցախցիների մեծամասնությունը Հայաստանի` Արարատյան դաշտավայրի ու Նախիջևանի բնիկներն են, իսկ հայաստանցիների զգալի հատվածը ծագումով ղարաբաղցիներ են, այլ ոչ թե բնիկ հայաստանցիներ: Փաստորեն, Արցախի և ներկայիս Հայաստնի միջև բնակչության փոխանակում է տեղի ունեցել:

Սա ի գիտություն ռասսայական տեսությունների սիրահարների համար:

Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը