Մեկնաբանություն

29.11.2018 14:35


Մինչև ո՞ւր կհասնի Նիկոլ Փաշինյանը Բակո Սահակյանի հետ հարաբերությունները պարզելիս (տեսանյութ)

Մինչև ո՞ւր կհասնի Նիկոլ Փաշինյանը Բակո Սահակյանի հետ հարաբերությունները պարզելիս (տեսանյութ)

Նախընտրական քարոզի շրջանակներում Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Ղարաբաղից հնչող քննադատական տեսակետներին և փաստացի մեղադրանք ներկայացրել Բակո Սահակյանին այն բանի համար, որ նա կարգի չի հրավիրում կառավարության ներկայացուցիչներին ու կարելի է ասել, որ անուղղակիորեն ուղղորդում է նրանց:

Ինչպես հայտնի է, Փաշինյանի կուսակցական ղեկավար Սասուն Միքայելյանն իր ելույթում ստորադասել էր Արցախի ազատամարտի նշանակությունը այս տարվա ապրիլ-մայիսին տեղի ունեցած քաղաքական գործընթացներին:

Միքայելյանի այդ խոսքին արձագանքողներ եղան և՛ այստեղից, և՛ Ղարաբաղից: Հատկապես Ղարաբաղից արձագանքը բավական կոշտ էր, ինչը հասկանալի է:

Հիմա Փաշինյանը նեղացած է Բակո Սահակյանից այն բանի համար, որ ինքը աջակցել է նրան Ղարաբաղի նախագահի պաշտոնում մինչև 2020 թիվը մնալու հարցում, բայց ահա Ղարաբաղից հարվածներ է ստանում իր իշխանությանը: Այլ կերպ ասած՝ Փաշինյանը նեղացած է, որ գործարքի ղարաբաղյան կողմը խախտում է «կոնվենցիան», բայց ամբողջ հարցն այն է, որ Ղարաբաղը չի կարող չարձագանքել Սասուն Միքայելյանի ասածներին, քանզի Ղարաբաղի հարցում Փաշինյանի տեսակետներն անհայտ են ու մարդիկ այստեղ էլ, Ղարաբաղում էլ կասկածների մեջ են ընկնում:

Հասկանալի է նաև, որ Ղարաբաղից հնչող տեսակետների մեջ կա նաև ներքաղաքական ենթատեքստ: Սասուն Միքայելյանի ասածները պարզապես առիթ էին, որպեսզի անուղղակի հարված ստանա Նիկոլ Փաշինյանը: Դրանով Ղարաբաղի իշխանություններն իրենց վերաբերմունքը ցույց տվեցին փաշինյանական իշխանությանը: Վերջինս դա շատ լավ հասկացավ ու հիմա անցել է սպառնալիքների՝ մինչև այդ հիշեցնելով, որ ինքը «Լոյալություն՝ լռության դիմաց» թեմայով որոշակի պայմանավորվածությունների է գնացել մի շարք մարդկանց մասով:

Փաստորեն, այդ պայմանավորվածությունները ինչ-ինչ պատճառներով խախտվել են ու հիմա Փաշինյանը հայտարարում է, որ ընտրություններից հետո կզբաղվի Ղարաբաղի իշխանություններով: Թե ինչ է դա նշանակում, պարզ կդառնա դեկտեմբերի 9-ից հետո:

Պետրոս Ալեքսանյան

Հ.Գ.: Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Ղարաբաղից հնչող տեսակետների համար ինքը հարցեր ունի տալու Բակո Սահակյանին ու պարզաբանումներ է պահանջելու նրանից:

Տեղին է նկատելը, որ Փաշինյանը իշխանության գալուց հետո պարբերաբար հարցեր է ունենում տալու և պարզաբանումներ պահանջելու այս կամ այն գործչից:

Փաստորեն, նա անընդհատ «ռազբորկաների» մեջ է: Դեկտեմբերի 6-ին «ռազբորկա» է ունենալու Լուկաշենկոյի հետ՝ հայտնի ելքով (այդ «ռազբորկան», բնականաբար, չի լուծելու ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը հայկական կողմի ուզած ձևով), դեկտեմբերի 9-ից հետո՝ «ռազբորկա» Բակո Սահակյանի հետ: Այս ամենի արանքում՝ ասֆալտ փռոցի, պատին ծեփոցի, վիզ քաշոցի ...

Այս խորագրի վերջին նյութերը