Լրահոս

29.11.2018 20:10


Հայաստանում հեռախոսների օգտագործման պատճառով աճել է վթարների թիվը

Հայաստանում հեռախոսների օգտագործման պատճառով աճել է վթարների թիվը

Հայաստանում վարորդները սկսել են ավելի քիչ խախտել երթևեկության կանոնները։ 2018թ-ի 10 ամսվա ընթացքում հայ վարորդները երթևեկության կանոնները խախտել են ավելի քան 1 մլն 394 հազար անգամ։ Սակայն, այնուամենայնիվ, այդ թիվը 200 հազարով պակաս է անցյալ տարվա ցուցանիշից։ Ընդ որում, Հայաստանի ոստիկանությունը ցուցանիշի նվազումը բացատրում է նրանով, որ իր աշխատակիցները հաճախ սահմանափակվում են բանավոր զգուշացմամբ։

Ամենահաճախ կատարվող խախտումները

Խախտումների առյուծի բաժինը՝ մոտ 80%-ը, գրանցել են ճանապարհներին տեղադրված տեսահսկման սարքերը։

Ամենատարածված խախտումներից են․

  • արագության գերազանցումը,
  • անվտանգության գոտին չամրացնելը,
  • վարելիս հեռախոսի օգտագործումը։

Սմարթֆոններն ավելի ու ավելի հաճախ են դառնում ճանապարհային պատահարների պատճառ։ Վարորդներից շատերը մեքենան վարելիս ոչ միայն խոսում և նամակներ են գրում հեռախոսով, այլ նաև հոլովակներ են դիտում, ինչի հետևանքով տուժում է նրանց կենտրոնացումը։

Միջադեպերի վիճակագրությունն ու տուժածների թիվը

2018թ-ի 10 ամիսների ընթացքում գրանցվել է գրեթե 5 հազար ՃՏՊ ։ Այս թիվը գերազանցում է 2017թ-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշը։ Ոստիկանները կարծում են, որ դա պայմանավորված է մեքենաների քանակի ավելացմամբ։

Վթարների հետևանքով 2018թ-ին զոհվել է 273 մարդ, տուժել՝ ավելի քան 4 հազար մարդ։

Ինչպե՞ս է Հայաստանի ոստիկանությունը պատրաստվում պայքարել խախտում կատարողների դեմ

Հայաստանում պատրաստվում են վարորդներին բալերով գնահատելու համակարգ ներդնել։ Յուրաքանչյուր վարորդ տարեկան նախնական 9 բալ կստանա։ Կանոնների խախտման ժամանակ բալեր կհանվեն յուրաքանչյուրի համար։ Իսկ թե որքան, պայմանավորված կլինի խախտման տեսակից։ Ամենալուրջ խախտումների համար կարելի է միանգամից 4 բալ կորցնել։ Երբ բալերը վերջանան, վարորդը կզրկվի վարորդական իրավունքից։

Հայաստանի ոստիկանությունը կարծում է, որ տուգանային բալերի նոր համակարգը կբարելավի իրավիճակը ճանապարհներին։

Աղբյուրը՝ jam-news.net

Այս խորագրի վերջին նյութերը