Քաղաքական

10.03.2010 17:19


Դանա Մազալովա. «Այն, ինչ նրանք ցուցադրում են, Խոջալուն չէ»

Դանա Մազալովա. «Այն, ինչ նրանք ցուցադրում են, Խոջալուն չէ»

Մարտի 10-ին «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում չեխ լրագրողուհի Դանա Մազալովան պատմել է Խոջալուում տեղի ունեցած դեպքերի մասին։ Դանա Մազալովան նշել է, որ նախկին Չեխոսլովակիայում (այսօր՝ Չեխիայում) Լիդիցե գյուղ կա, որտեղ նացիստները 1942-ին լուրջ կոտորածներ են իրականացրել և կրակի մատնել այն։ Նա նշել է, որ վերջերս է տեղեկացել, որ 2007-ից ադրբեջանական կողմն այդ գյուղն օգտագործում է ինչպես օրինակ և ապացույց, որ Խոջալուում տեղի է ունեցել նույնը։

-Ես դա համարում եմ ծաղրանք չեխ զոհերի նկատմամբ,- նշել է նա և հավելել, որ նման սև PR-ի դեմն առնելու լավագույն միջոցը ճակատային հարվածն է, և միակն, ով կարող է դա անել, ինքն է, քանի որ ինքը տեսել է բոլոր այն «հում» կադրերը, որոնք նկարահանել է ադրբեջանցի օպերատոր Չինգիզ Մուստաֆաևը։

Հենց Չինգիզ Մուստաֆաևն էր հայտնաբերել ադրբեջանցիների դիակները և ուղղաթիռով տեղափոխել Ադրբեջան։ Նա նշել է, որ այդ մարդկանց, բացի Չինգիզ Մուստաֆաևից, ոչ ոք չի նկարել։ Չինգիզի նկարներում, Դանա Մազալովայի խոսքերով, բոլոր դիակները հագնված են, այնինչ Լիդիցեում տեղի ունեցած ցուցահանդեսում նկարներ էին ցուցադրվում, որտեղ անգամ ռազմական մանկապղծության տարրեր կային, իսկ դիակներն առանց հագուստի էին։ 

-Այդպիսի բան Չինգիզի նկարներում չկա։ Դա նշանակում է, որ այդ նկարները կեղծված են։ Այն, ինչ ցուցադրում են ադրբեջանցիները, այն նկարները չեն, որ նկարել է Չինգիզը, որովհետև այնտեղ ոչ մի մերկ մարդ չկար, նրանց ցուցադրածը Խոջալուն չէ,- ընդգծել է նա։

Նա նշել է, որ երբ Չինգիզն ուղղաթիռով թռչելիս նկատել է դիակները, նկարահանել է՝ ինչպես է դիակների միջով համազգեստով տղամարդ շարժվում, որն ադրբեջանական տարածքում չէր վախենում ադրբեջանական ուղղաթիռից։ Չինգիզն այնքան դիակ է տեղափոխել, որքան հնարավոր էր տեղափոխել ուղղաթիռով, այնուհետև երկու օր հետո վերադարձել է և չի ճանաչել այն դիակներին, որոնց թողել էր այնտեղ. դիակների գլուխներն ինչ-որ մեկը մաշկահան էր արել։ Ադրբեջանական ընդդիմությունն այդ կադրերն օգտագործել էր նախագահ Մութալիբովին պաշտոնանկ անելու համար, և Չինգիզն իր կադրերը բավականաչափ վերախմբագրել էր. «Չինգիզը  վախենում էր իր իսկ պետության մայրաքաղաքում առանց զրահաբաճկոնի հանգիստ տեղաշարժվել։ Ավելի ուշ նա հասցրեց նկարել սեփական մահը։ Գիշերը նրա մոտ ես տեսա կադրերը և հաջորդ օրը գնացի հարցազրույցի Մութալիբովի հետ»։

Հիշեցնենք, որ Դանա Մազալովան «Независимая газета»-ում հարցազրույց էր ունեցել Ադրբեջանի նախկին նախագահ Այազ Մութալիբովի հետ, որտեղ նա կարծիք էր հայտնել, որ Աղդամի մատույցներում տեղի ունեցած ադրբեջանցիների սպանդը կազմակերպված է եղել իր դեմ քաղաքական նպատակներով օգտագործելու համար։

Արփի Բեգլարյան

Այս խորագրի վերջին նյութերը