Քաղաքական

10.03.2010 17:13


Հայոց ցեղասպանության ճանաչման ժամանակը և Հայոց ցեղասպանության դատապարտման ժամանակը

Հայոց ցեղասպանության ճանաչման ժամանակը և  Հայոց ցեղասպանության դատապարտման ժամանակը

1. Լոզանի կոնֆերանսից հետո' 1923-1965 թթ., Հայոց ցեղասպանության խնդիրը Միջազգային ընկերակցությունը վարպետորեն շրջանցեց եւ մոռացության մատնեց:

Մոռացության այդ պատը հնարավոր եղավ քանդել 1965 թ. Մեծ եղեռնի 50-ամյա տարելիցի օրերին Խորհրդային Հայաստանում բռնկված պահանջատիրության ցույցերով, շարժումով եւ, մանավանդ, 1973-1975 թթ. Սփյուռքում ձեւավորված Հայոց նոր ժամանակների ազգային ազատագրական պայքարի' Գուրգեն Յանիկյանի, Գեւորգ Աճեմյանի, Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակի, Հայկական Ցեղասպանության Արդարության Մարտիկների եւ այլ կազմակերպությունների ու անհատների մեծ ջանքերի ու զոհողությունների գնով: 1983-1985 թթ. արեւմտյան որոշ գերտերությունների գաղտնի ծառայությունների աննախադեպ սադրանքների ու բռնամիջոցների ձեռագրով ազատագրական պայքարը ժամանակավորապես կասեցվեց: Ժամանակավորապես, որովհետեւ 1988-ի Արցախյան շարժումով այն կրկին հառնելու էր:

Այսպիսով, 1965-1985 թվականները Հայոց ցեղասպանության ճանաչման տարիներն են: Այդ ժամանակ էր, որ արեւմտյան քաղաքական վերնախավը անկարող եղավ տասնամյակներ ի վեր Հայոց ցեղասպանության առաջ քաշված լռության պատը, որն արդեն ճաքեր էր տալիս ու փլուզվում, կարկատել ու ամրացնել: Ազատագրական պայքարի ծավալմանը զուգընթաց' համաշխարհային լրատվամիջոցները բառացիորեն ողողվեցին հայության եւ Հայոց ցեղասպանության վերաբերյալ բազմահատոր տեղեկություններով, հարցազրույցներով, հոդվածներով, գրքերով, հաղորդաշարերով ու ֆիլմերով...

ԱՄՆ Սենատի Արտաքին հարբերությունների հանձնաժողովում դեռ նախորդ' 2007-ի, լսումների առիթով մենք ասել ենք եւ այժմ էլ կրկնում ենք, որ Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացն ավարտվել է, ավարտվել է 1985-ով:

1985-ից' Գորբաչովյան պերեստրոյկայի եւ 1987-ից Եվրոպական պառլամենտի □Հայկական հարցի քաղաքական լուծման մասին□ Բանաձեւի ընդունման տարեթվերն են, որոնց անմիջապես հաջորդել են Սումգայիթում, Բաքվում, Գանձակում եւ Ադրբեջանի այլ վայրերում բնակվող հայազգի քաղաքացիների կոտորածը, բռնագաղթը եւ ԼՂՀ-ի, ՀՀ-ի դեմ Ադրբեջանի Հանրապետության ազերի թուրքերի սանձազերծած ագրեսիան:

Նոր ժամանակների հայ ազգային ազատագրական պայքարի երկրորդ փուլը Արցախյան ազատամարտն է' 1988-1994 թթ., որի հաղթական ավարտից հետո, իսկապես, որ պետք է գար Հայոց ցեղասպանության դատապարտման ժամանակը, մանավանդ, երբ ազգովին դիմակայել էինք հայերի նոր ցեղասպանություն կազմակերպելու դավադրությանը:

Թանկարժեք ժամանակ է կորսված, բայց ամեն ինչ կորած չէ:

Պարզապես պետք է ընդունել, որ Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացն ավարտված է եւ պետք է սահուն անցում կատարել Հայոց ցեղասպանության միջազգային դատապարտման գործընթացին: ՀՀ-ի կողմից դատապարտումը տեղի է ունեցել 1988-ի նոյեմբերի 22-ին, իսկ 1993-ից ՀՀ ԱԺ օրակագրում է գտնվում այն ժամանակվա ՀՀԿ նախագահ Աշոտ Նավասարդյանի ներկայացրած առաջարկը' Հայոց ցեղասպանության միջազգային դատապարտման գործընթացը սկսելու վերաբերյալ: Հայաստանում շատերն այդ մասին չգիտեն, որովհետեւ Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ իրականացված աշխատանքների ու պայքարի փուլերին ծանոթ չեն: Բայց, Հայոց ցեղասպանության դատապարտման հարցի մասին հիմա կարող են լսել եւ իմանալ, որ դրա լուծումը իրավունքի ոլորտում է: Երեք եւ ավելի սուբյեկտներ իրավասու են իրականացնել այդ գործառույթը, այսինքն' համապատասխան դատական հայցը ներկայացնել միջազգային դատական իրավասու մարմին.

ա) Հայաստանի Հանրապետությունը' որպես պետություն, որը սակայն, գտնվում է եվրո-ամերիկյան ճնշման տակ, որ չդիմի միջազգային դատարան,

բ) Սփյուռքահայությունը, որպես ցեղասպանության ենթարկված եւ հայրենիքից բռնագաղթված հավաքականություն,

գ) եւ եթե ՀՀ-ի վրա ճնշումները շարունակվեն, ապա ցանկացած պետություն, որովհետեւ ՄԱԿ-ի անդամ ցանկացած պետություն ՄԱԿ-ի □Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու եւ դրա համար պատժի մասին□ Կոնվենցիայի համաձայն' ստանձնել է այդ պարտավորությունը:

 

2. Հայոց ցեղասպանության եւ Հայաստանի օկուպացված տարածքների առնչությամբ հնչող ոչ ճիշտ ձեւակերպված հարցադրումների, սխալ մեկնաբանությունների եւ վնասակար կարծրատիպերի առնչությամբ:

Պետք է ասել, որ եթերից եւ մամուլով հաճախ են հնչում ոչ ճիշտ ձեւակերպված հարցադրումներ ու սխալ մեկնաբանություններ, որոնք խեղաթյուրում են առկա իրողությունները եւ ապակողմնորոշում հասարակությանը: Մեջբերենք երկու օրինակ, երկուսն էլ հնչել են ԱՄՆ Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում Հայոց ցեղասպանության վերաբերյալ Բանաձեւի ընդունման փաստի առնչությամբ:

ա) Ոչ ճիշտ ձեւակերպված հարցադրումներից մեկը, որն այլ դեպքերում էլ է հնչել հետեւյալն է. «Եթե հողերը վերադարձնեն, ի՞նչ ենք անելու այնտեղ ապրող 6 միլիոն քրդերին»:

Առաջին հայացքից է հարցը թվում բարդ, իրականում պարզ ու դյուրին պատասխան ունի. «Ներկայիս Հայաստանում եւ վաղվա Հայաստանում գործելու են Հայաստանի Հանրապետության Անկախության Հռչակագիրը, Սահմանադրությունը, օրենքները եւ բոլոր նրանք, ովքեր կապրեն այդ պետության մեջ որպես հանրապետության օրինապահ քաղաքացիներ, կշարունակեն այնտեղ ապրել խաղաղ ու ստեղծագործական կյանքով: Նրանք, ովքեր չեն ընդունի Հայաստանի Հանրապետության Անկախության Հռչակագրի, Սահմանադրության, օրենքների գերակայությունը' կարող են հեռանալ: Դա վերաբերում է եւ 6 միլիոնին, եւ 60 միլիոնին, թվաքանակը այստեղ կարեւոր չէ, կարեւորը պետության կազմակերպման ձեւն է ու բովանդակությունը»:

Նույն հաջողությամբ նույն հարցը, օրինակ, կարելի էր ուղղել Գերմանիայի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի... ներկայացուցիչներին. «Իսկ ի՞նչ եք անելու Գերմանիայում ապրող 5 միլիոն թուրքերին□: Պատասխանը կլիներ' «Թուրքերը Գերմանիայում ինտեգրվում են եւ պարտավոր են ենթարկվել երկրի Սահմանադրությանն ու օրենքներին»:

բ) Հաճախ հանդիպող սխալ մեկնաբանություն է հետեւյալը. Եղեռնի ճանաչումը մեկ օրվա, մեկ տարվա հարց չէ... Թուրքիան պետք է փոխվի... ճանաչի ցեղասպանությունը:

Անշուշտ, կողմերի համար' հայերի եւ թուրքերի, լավագույն տարբերակը կլիներ, եթե Թուրքիայի Հանրապետությունը ճանաչեր Հայոց ցեղասպանությունը եւ հայության կրած վնասը հատուցեր, այդ թվում' օկուպացված տարածքները վերադարձնելու ձեւով: Բայց, քանի որ հայությունը չի կարող նստել ու սպասել, անհրաժեշտ է գտնել խնդրի հանգուցալուծման այլ տարբերակ:

Այստեղ է, որ պետք է տարբերակել ցեղասպանության ճանաչման եւ ցեղասպանության դատապարտման գործընթացները, որովհետեւ ճանաչումը քաղաքական ակտ է, դատապարտումը' իրավական: Ճանաչումը գերազանցապես քաղաքական ակտ է եւ կարեւոր նշանակություն ունի հարցի իրավական հենքն ամրապնդելու տեսակետից:

Թուրքիան կարող է ճանաչել ցեղասպանությունը, բայց հույսը դնելով Եվրոպա-Իսրայել-ԱՄՆ աջակցության վրա' փորձել հրաժարվել վնասի հատուցումից, թեեւ դրա իրավունքը չունի, որովհետեւ Օսմանյան կայսրության իրավահաջորդն է, ժառանգորդը: Ոչ մի հանցագործ ինքնակամ չի ընդունում մեղքը, քանի դեռ չի կանգնում արդարադատության առաջ: Ուստի, խնդիրն ուղիղ պետք է դնել, որ «Հայոց ցեղասպանության դատապարտման եւ վնասի հատուցման խնդիրը միջազգային դատարանի իրավասության հարց է, որի վճիռը իրականացման տեսակետից պարտադիր է ցանկացած պետության, այդ թվում' Թուրքիայի Հանրապետության համար»: Այս դեպքում այլեւս կարեւոր չէ Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ուղղակի կամ անուղղակի ճանաչումը:

Ինչպես կարող ենք համոզվել, կարիք չկա հասարակության մեջ ձեւավորել այն սխալ տեսակետը, թե' «Եթե Թուրքիան չի ճանաչում ցեղասպանությունը, ուրեմն հարցը փակուղի է մտնում», կամ' «Որպեսզի հարցը լուծվի, պետք է սպասել մինչեւ Թուրքիան փոխվի»: Ամենեւին: Թուրքիան ընդամենը կարող է խոչընդոտել, ինչը եւ ճգնում է անել' առանց լուրջ հաջողությունների հասնելու, եւ ժամանակ շահելու նպատակով' առաջարկում է խնդիրը հանձնել պատմաբանների քննարկմանը:

Մինչդեռ, եւ Հայոց ցեղասպանության, եւ Հայկական հարցի հանգուցալուծումը միջազգային դատական ատյանի ձեռքում է: Սրանք են այն փաստարկները, որոնք հաստատում են, թե Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը, հիմնականում, պետք է ավարտված համարել: Այժմ պետք է կենտրոնանալ ցեղասպանության դատապարտման գործընթացի վրա եւ դրանից հետո մտածել հարաբերություններ հաստատելու մասին:

 «Ուխտ Արարատի», Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակի (ԱՍԱԼԱ) ազատամարտիկների եւ նախկին քաղբանտարկյալների հասարակական նախաձեռնություն

Այս խորագրի վերջին նյութերը