Մեկնաբանություն

28.11.2018 10:45


Ինչ գրքեր կամ ֆիլմեր խորհուրդ կտանք կարդալ կամ դիտել ընտրություններին մասնակցող ուժերին

Ինչ գրքեր կամ ֆիլմեր խորհուրդ կտանք կարդալ կամ դիտել ընտրություններին մասնակցող ուժերին

Ընտրություններին մասնակցում է 11 ուժ, որոնցից ամեն մեկին մի գիրք կարելի էր խորհուրդ տալ կարդալու կամ ֆիլմ՝ դիտելու:

ՀՀԿ-ին օգտակար կլինի Վիկտոր Հյուգոյի «Թշվառները» («Les Misérables») վեպի հիման վրա նկարահանած «Մերժվածները» ֆիլմի դիտումը: Սցենարն այլ է, բայց վերնագիրը խոսուն է և ահագին խորհելու տեղիք կարող է տալ:

«Իմ քայլը» դաշինքի համար սեղանի գիրք կարելի է համարել Ջորջ Օրուելի «Անասնաֆերման» կամ Երվանդ Օտյանի «Ընկ. Բ. Փանջունի» անմահ ստեղծագործությունը: Չէր խանգարի նաև Միխայիլ Բուլգակովի «Շան սիրտը»:

ԲՀԿ-ի համար խորհուրդ կտանք դիտել ռուսաստանցի հայտնի օլիգարխ Բորիս Բերեզովսկու փողերով նկարահանած «Օլիգարխ» ֆիլմը: ԲՀԿ-ի համար ֆիլմն, իհարկե, արդեն արդիական չէ, քանզի Փաշինյանից օլիգարխ չլինելու մասին հավաստագիր է ստացել Ծառուկյանը, բայց հաճելի հուշեր կարթնացնի: Համ էլ՝ ֆիլմում էլ օլիգարխի «հարցերը» վերջում լուծվում են:

ՀՅԴ-ն դեռ կռիվ ունի տալու «Զանգեզուր» ֆիլմի հետ:

«Լուսավոր Հայաստանում» թող ընթերցեն Զիգմունդ Ֆրեյդի աշխատությունները երազախաբության և երազների մեկնաբանման մասին: Երկրորդ տեղը զբաղեցնելու ախորժակը և ԱԺ-ում դեմոկրատական ընդդիմություն դառնալու ցանկությունն իրոք երազախաբության է բերելու:

«Մենք» դաշինքը պետք է ուշադիր կարդա Մարգարիտ Միտչելի «Քամուց քշվածները» վեպի վերնագիրը: Հեղափոխական քամին քշեց տարավ ոմանց:

ՕԵԿ-ի համար ճիշտը ոչինչ չկարդալն ու չնայելն է: Միևնույն է՝ բան դուրս չի գա:

«Սասնա ծռերին» կառաջարկեինք ուշադիր թերթել Ադոլֆ Ալոիսովիչի «Իմ պայքարը» Mein Kampf») գիրքը:

Այն ուժերին, որոնց որևէ բան խորհուրդ չտվեցինք, ինչ ուզում են թող կարդան կամ դիտեն: Մի օր կարող է պետք գալ, բայց ոչ քաղաքականության մեջ:

Դե իսկ հայ ժողովրդի համար մշտապես արդիական է Մովսես Խորենացու «Ողբը»:

Պետրոս Ալեքսանյան

Այս խորագրի վերջին նյութերը