Քաղաքական

27.11.2018 12:06


Վրաստանը, Թուրքիան և Ադրբեջանը հրաժարվեցին ՍԾՏՀ ԽՎ պատվո մեդալներից

Վրաստանը, Թուրքիան և Ադրբեջանը հրաժարվեցին ՍԾՏՀ ԽՎ պատվո մեդալներից

Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի (ՍԾՏՀ ԽՎ) երևանյան նստաշրջանի ընթացքում պատվիրակներից մի քանիսը հրաժարվեցին վեհաժողովի պատվո մեդալներից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ վեհաժողովն իր աշխատանքները սկսել է Երևանում նոյեմբերի 27-ին:

«Կառույցի անդամ երկրների խորհրդարանների կառուցողական դիրքորոշումն ավելի լայն ճանապարհ է բացում Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի արդյունավետ աշխատանքների համար»,-ասաց Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի գլխավոր քարտուղար Ասաֆ Հաջիևն ու մեծ պատիվ համարեց ողջունել Երևանում կայացող վեհաժողովի մասնակիցներին:

Այնուհետ նախատեսված էր պատվիրակությունների ղեկավարներին ՍԾՏՀ պատվո մեդալով պարգևատրելու արարողակարգը։ Սակայն վրացական պատվիրակության ներկայացուցիչը հայտարարեց, որ պատվիրակության ղեկավարը հրաժարվում է մեդալից՝ չմեկնաբանելով այդ քայլը։ Մեդալից հրաժարվեց նաև Թուրքիայի պատվիրակության ղեկավար Ջեմալ Օզթուրքը։ «Կարծում եմ՝ ես պատիվ չունեմ վերցնելու այդ մեդալը»,- ասաց նա:

Ասաֆ Հաջիևը պարզաբանեց, որ Թուրքիայի պատվիրակության ղեկավարը հրաժարվում է, քանի որ առայժմ մանդատ չի ստացել։ Ադրբեջանական պատվիրակության ղեկավար Էլդար Գուլիևը ևս հայտարարեց, որ ինքն ընդամենը երկու տարի է աշխատում կառույցում և չի կարող նման մեդալ ստանալ։

Մեդալ ստացավ նաև ՀՀ ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը։ Անդրադառնալով մեդալները չվերցնելու հանգամանքին՝ Բաբլոյան ասաց, որ ըմբռնումով է մոտենում նրանց այս որոշմանը: Լրագրողների հետ զրույցում Արա Բաբլոյան նշեց, որ երբ գլխավոր քարտուղարի հետ քննարկել են հարցը, նա ասել է, որ հարկավոր է մեդալներ տալ այն պատվիրակությունների ղեկավարներին, որոնք երկար տարիներ են ղեկավարել պատվիրակությունը:

«Բայց մեր մոտեցումը տարբերվում է: Մենք, նշելով պատվիրակության ղեկավարի անունը, մեդալը տալիս ենք պատվիրակությանը: Չէ որ մենք դա տալիս ենք 25-ամյակի կապակցությամբ, և վստահ եմ, որ երբևիցե չի լինի այնպիսի պահ, որ բոլոր պատվիրակությունները ներկայացված լինեն 10 տարի կամ ավել աշխատած ղեկավարներով: Այդ առումով մենք Հաջիևի հետ պայմանավորվեցինք, որ մեդալներ կտանք բոլորին: Եվ հետագայում կազմակերպությունն ունի հնարավորություն առանձին պարգևատրելու երկարատև աշխատանքի համար նրանց, ովքեր հիմա ղեկավար չեն, սակայն երկար տարիներ ղեկավար են եղել: Հայաստանը և ես՝ որպես այս համաժողովի կազմակերպիչ, ազնիվ ենք և պատրաստ ենք բոլորին պարգևատրել: Իհարկե, նրանք, ովքեր հրաժարվեցին, փաստորեն մերժեցին իրենց պատվիրակություններին ունենալ այդ հաճույքը»,-ասաց Բաբլոյանը:

Անդրադառնալով Թուրքիայի պատվիրակության ղեկավարի՝ մեդալից հրաժարվելու քայլին՝ Բաբլոյանն ասաց, որ Թուրքիայի պատվիրակության ղեկավարը դեռ հաստատված ղեկավար չէ, և գլխավոր քարտուղարն այդ փաստը հատուկ նշեց, որ ճիշտ գնահատվի նրա հայտարարությունը: «Թուրքիայի կողմից ղեկավարի պաշտոնակատարն էր, դրա համար նա գտավ, որ միայն ղեկավարը կարող է ընդունել մեդալը: Իսկ Ադրբեջանը և Վրաստանը թող իրենք ասեն, թե ինչու հրաժարվեցին: Իրենք գնահատեցին, որ իրենք կարճ են աշխատել և արժանի չեն: Մենք պատրաստ էինք պարգևատրել»,-նշեց նա:

Բաբլոյանը շեշտեց, որ չէր ցանկանա քաղաքականացնել հարցը, քանի որ այս կազմակերպությունը պետք է զբաղվի տնտեսական համագործակցության հարցերով: Բաբլոյանի կարծիքով՝ որքան քիչ քաղաքականացվեն նման մոտեցումները, այնքան կօգնեն տնտեսական համագործակցության հարցում առաջ գնալու հարցում: «Տարածաշրջանային խնդիրներ ունենք, եթե քաղաքականացնենք այս հարցը, ապա դրանք խիստ խոչընդոտ կարող են հանդիսանալ մեր հիմնական նպատակներին՝ տնտեսական և առևտրային հարաբերությունների առումով»,-ասաց նա:

Նա նաև տեղեկացրեց, որ Ուկրաինայի պատվիրակության ղեկավարը հրավիրված է եղել միջոցառմանը, սակայն անձնական պատճառներով չի կարողացել ներկայանալ։

Սևծովյան տնտեսական համագործակցությունը տարածաշրջանային կազմակերպություն է՝ ստեղծված Սևծովյան տարածաշրջանի 11 պետությունների կողմից։ Կազմակերպության հիմնական նպատակն է Սևծովյան տարածաշրջանում ապահովել կայունություն, տնտեսական զարգացում, բարգավաճում և խաղաղություն։ Կազմակերպության գլխավոր գրասենյակը գտնվում է Ստամբուլ քաղաքում: Անդամներն են Հայաստան, Վրաստան, Ուկրաինա, Սերբիա, Ռուսաստան, Ռումինիա, Մոլդովա, Հունաստան, Թուրքիա, Բուլղարիա, Ադրբեջան և Ալբանիա:

Այս խորագրի վերջին նյութերը