Մեկնաբանություն

27.11.2018 09:00


Լեզվի սայթաքում ըստ Ֆրեյդի՞, թե՞ ըստ Միքայելյանի (տեսանյութ)

Լեզվի սայթաքում ըստ Ֆրեյդի՞, թե՞ ըստ Միքայելյանի (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանի կուսակցական ղեկավար Սասուն Միքայելյանի խոսքը մեծ աղմուկ է բարձրացրել:

Սասուն Միքայելյանի քաղաքական ղեկավար Նիկոլ Փաշինյանն այդ թեմայով ֆեյսբուքյան ուղիղ եթերում ներողություն է խնդրել նրա փոխարեն, և թեման շեղելու համար սկսել է անանուն քննադատել բանակը թալանողներին (երբ ընդդիմադիր Փաշինյանն էր բողոքում թալանից ու գնում տուն, դա հասկանալի էր, բայց երբ ժողովրդի վարչապետ ու ժողովրդի վարչապետի պաշտոնակատար Փաշինյանն է խոսում թալանից ու գնում կառավարական առանձնատուն, ապա դա առնվազն անհասկանալի է):

Սեփական խոսքերը փորձել է խմբագրել ու սրբագրել Սասուն Միքայելյանը, բայց դե եղածն արդեն եղել է ու բան չես փոխի: Մնում է հասկանալ, թե ի՞նչ կա այս ամենի տակ:

Հիշեցնենք, որ Ս. Միքայելյանը հայտարարել է, որ այս տարվա ապրիլ-մայիսին տեղի ունեցածն ավելի կարևոր է, քան Արցախյան ազատամարտը:

Այն, որ Միքայելյանն ակնհայտ սխալ բան է ասել, քննարկման առարկա չէ: Այս տարվա իշխանափոխությունը, մեղմ ասած, համադրելի չէ Արցախյան ազատամարտի հետ: Ազատամարտը մեր գոյության, անկախության ու զարգացման հիմքն է դրել, իսկ ահա իշխանափոխությունն ընդամենը շանս է առաջացրել այդ հաղթանակին տեր կանգնելու ու նորմալ պետություն կառուցելու համար: Այդ շանսը կարող է դրական արդյունքի ծառայեցվել, բայց կարող է նաև բացասական հետևանքների բերել ու է՛լ ավելի վատացնել պատկերը, քան ունեինք ապրիլից առաջ: Այնպես որ շանսը գնահատել ավելի կարևոր բան, քան հիմնարար երևույթը, առնվազն անգրագիտոթյուն է:

Հարցը տվյալ դեպքում այլ հարթության վրա է: Հետաքրքիր է իմանալ արդյոք լեզվի այդ սայթաքումը ըստ Ֆրեյդի՞ է տեղի ունեցել, թե՞ ըստ Սասունի: Այսինքն՝ պետք է հասկանալ, թե արդյոք նա Ղարաբաղի պատերազմը և դրա արդյունքները ստորադասել է իշխանափոխությանը, քանզի այդպիսի ծրագիր կա ու նա ակամայից բացահայտել է ներքին խոսակցությու՞նը, թե՞ դա ընդամենը Սասուն Միքայելյանի անհաջող ձևակերպումն է կամ էլ ինքը անկեղծ այդպես է մտածում, քանի որ իշխանափոխությունից հետո կարողացավ դառնալ իր երազած մարդը:

Եթե սա զուտ Սասունի «կիքսն» է, ապա դա վտանգավոր չէ: Դե հիմա մարդը անկեղծացել է ու արտահայտվել կամ էլ սխալ ձևակերպել իր միտքը: Միքայելյանն իշխանափոխության արդյունքում կարողացել է, օրինակ, Հրազդան քաղաքը նվիրել որդուն ու միգուցե իր կյանքում դա շատ ավելի կարևոր բան է, քան Արցախյան ազատամարտը:

Իսկ եթե Միքայելյանի մոտ Արցախյան ազատամարտը ստորադասվել է իշխանափոխությանն ըստ Ֆրեյդի, ապա դա արդեն լուրջ է: Իշխանափոխության կշիռն ավելի ծանր ներկայացնելը նշանակում է, որ հանուն այդ ավելի կարևոր բանի պահպանման կարելի է զիջել ավելի թեթև բանը՝ տվյալ դեպքում ազատամարտի արդյունքները:

Միքայելյանի պարագայում եթե գործ ունենք ֆրեյդյան սայթաքման հետ, ապա նա որպես քաղաքական «Գիքոր» դուրս է հանել տան խոսակցությունը: Կամ էլ այնքան է լսել այդ թեմաներով զրույցները, որ ակամայից նրա բերանից դուրս է թռել նմանատիպ ձևակերպում:

Թե ո՞ր տարբերակի հետ գործ ունենք, Բոլթոնն ու Միլսը կիմանան:

Պետրոս Ալեքսանյան

Հ.Գ.: Կա նաև 3-րդ տարբերակը: Չի բացառվում, որ Սասուն Միքայելյանի շուրթերով որոշակի գաղափար են դնում շրջանառության մեջ՝ ստուգելու համար հանրային ռեակցիան կամ էլ հանրությանն ադապտացնելու այդ գաղափարին:

Այս խորագրի վերջին նյութերը