Մեկնաբանություն

25.11.2018 19:05


Սթափեցնող երթը. օդային համբույրից անդին

Սթափեցնող երթը. օդային համբույրից անդին

Շատերի կարծիքով Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած շաբաթօրյա քայլերթը չստացվեց: Այդպես կարծողները հղում են անում մարդկանց քիչ քանակի փաստին:

Մարդիկ, իրոք, քիչ էին միացել երթին: Թիկնազորով շրջափակված Փաշինյանի համար էլ էր, թերևս, դա տհաճ անակնկալ եղել: Հետմայիսյան Հայաստանում սա առաջին դեպքն էր, որ նրա կոչին քչերն էին արձագանքել: Համենայնդեպս անձնական մասնակցության առումով երթի մասնակիցների քանակը, մեղմ ասած, շատ քիչ էր:

Փաշինյանը երևի ուզում էր վաղ մեկնարկած քարոզարշավի սկզբնամասում մկանների ցուցադրություն անել, բայց ստիպված էր քայլերթի վերջում ներողություն խնդրել քաղաքացիներից՝ նշելով, որ տեղի ունեցածը քավության երթ էր իրենց թույլ տված սխալների համար:

Փաշինյանին, ըստ ամենայնի, այնքան էր նյարդայնացրել երթի քչաքանակությունը, որ նա իր ֆեյսբուքյան էջում ներկայացրել էր այլ թվեր, որոնք վերաբերում էին քայլած կիլոմետրերին, երթի տևողությանը, իր ուղարկած ու ստացած օդային համբույրներին, ինչպես նաև քայլերթի համացանցային դիտումների քանակին:

Եթե անկեղծ լինենք, ապա մենք Փաշինյանի քայլերթի արդյունքները դրական ենք գնահատում: Հենց քչաքանակությունն է մեզ հիմք տալիս գնահատելու այդ ակցիան դրական:

Երթի քչաքանակությունը շատ խորհրդանշական էր: Քիչ քանակը և օդից ստացած բազմաթիվ համբույրները պետք է ընկալել որպես յուրօինակ մեսիջ «Իմ քայլին» Երևանի ավագանու ընտրություններին 81 տոկոս ապահոված երևանցիների կողմից:

Երթին բնակարանների պատուհաններից կամ համակարգչի էկրաններից հետևողները սթափվելու կոչ արեցին Նիկոլ Փաշինյանին: Օդից ուղարկած հաբույրներով Փաշինյանին ցույց տվեցին, որ սիրում են հեղափոխությունը, բայց բուն երթին չմիանալով հասկացրեցին, որ չեն հանդուրժելու հեղափոխության ստեղծած պոտենցիալի մսխումը:

Սիրո և հանդուրժողականության կարգախոսով տեղի ունեցած հեղափոխությունը և դրա առաջնորդը սթափվելու կարիք ունեին ու այդ երթը հենց սթափեցնող եղավ:

Սթափվելուց հետո պետք է հասկանալ, որ «գըմփ-գըմփ-հո՛ւ»-ի փոխարեն հարկավոր է աշխատել, վենդետաների փոխարեն պետք է ամեն ինչ պահել «թավշյա» տիրույթում և վերջապես պետք է փողոցից տեղափոխվել կաբինետներ:

Ուրիշներից աշխատանք պահանջող Փաշինյանը պետք է անձնական օրինակով ցույց տա աշխատանքի անհրաժեշտությունը: Քայլելը, ձեռքերը վեր պարզած ծափ տալը և թմբուկի զարկերից հետո «հո՛ւ» գոռալը աշխատանք չեն: Ավելի ճիշտ՝ աշխատանք են, բայց դա կապ չունի պետական կառավարման հետ:

Մի խոսքով, երթը հաջողված էր, քանզի բոլորի համար սթափվելու մեսիջ էր պարունակում իր մեջ:

Հայկ Ուսունց

Այս խորագրի վերջին նյութերը