Քաղաքական

24.11.2018 16:31


Հայտնի է, թե ով կքննի Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցը

Հայտնի է, թե ով կքննի Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցը

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու միջնորդության քննարկման գործը մակագրվել է վերաքննիչ դատարանի դատավոր Ռուբեն Մխիթարյանին։ Այս մասին «Փաստինֆո»–ի տեղեկությունները հաստատեց Ռ.Քոչարյանի պաշպանական խմբի մամուլի խոսնակ Էլեն Առաքելյանը։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 15-ին՝ ՀՀ վճռաբեկ դատարանը որոշեց մասնակի բավարարել գլխավոր դատախազի բողոքը եւ բեկանեց վերաքննիչ դատարանի որոշումը, գործը ուղարկեց նոր քննության։ ՀՀ երկրորդ նախագահի փաստաբանների բողոքը մերժվեց ամբողջությամբ։

Նշենք, որ ՎԴ բողոք էին ներկայացրել ինչպես ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները, այնպես էլ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը վերացնելու՝ ՀՀ վերաքննիչ դատարանի որոշման դեմ. Քոչարյանի պաշտպանների բողոքի նպատակն է՝ Վերաքննիչ դատարանում իրենց ներկայացրած հիմնավորումներից ևս երկուսը Վճռաբեկ դատարանում քննարկման առարկա դարձնելը, իսկ դատախազը վիճարկում է կալանքը որպես խափանման միջոց վերացնելու դատարանի որոշումը:

Օգոստոսի 13-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի կողմից բավարարվել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու առաջին ատյանի դատարանի որոշման դեմ պաշտպանների բողոքը` հաշվի առնելով այն, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն անձեռնմխելի է:

Նշենք, որ Վճռաբեկ դատարանը միաձայն չէր կայացրել որոշումը. դատավոր Սերժիկ Ավետիսյանը ներկայացրել էր հատուկ կարծիք՝ գտնելով, որ ՀՀ երկրորդ նախագահի նկատմամբ խափանման միջոցի հարցի քննարկումը պետք է կասեցվեր՝ դիմելով ՍԴ նշված գործով Քոչարյանի անձեռնմխելիության սահմանադրականության հարցը պարզելու համար։

Այս խորագրի վերջին նյութերը