Մեկնաբանություն

23.11.2018 10:42


Ֆեյսբուքյան հայրենասիրության առանձնահատկությունները. ինչո՞ւ ավելի քիչ փող հավաքվեց, քան նախորդ տարի

Ֆեյսբուքյան հայրենասիրության առանձնահատկությունները. ինչո՞ւ ավելի քիչ փող հավաքվեց, քան նախորդ տարի

Լոս Անջելեսում մեկնարկած «Հեռուստամարաթոն-2018»-ի ընթացքում «Հայաստան» համահայկական հիմնադրամին նվիրաբերվեց 11 մլն 109 հազար 633 դոլար: «Արարենք միասին» խորագրով հեռուստամարաթոնի միջոցներով կշարունակվեն Արցախում իրագործվող երկու կարևոր ծրագրերը, որոնք սկսվել էին նախորդ տարվա՝ «Բերքառատ Արցախ» խորագրով հեռուստամարաթոնի միջոցներով:

Նկատենք, որ նախորդ տարի հեռուստամարաթոնի ընթացքում հավաքվեց ավելի շատ գումար՝ 12.505.456 մլն ԱՄՆ դոլար: Ի դեպ, 2016-ին էլ ավելի շատ էր գումար հավաքվել, քան 2017-ին: Ասել է թե՝ բացասական դինամիկան այս տարի շարունակվել է:

Թվում է, թե հիմա պետք է շատ գումար հավաքվեր, քանզի, ինչպես մոդայիկ է ասելը, մեր երկրում իրավիճակ է փոխվել: Բայց թվերն այլ բան են ցույց տալիս:

Նախորդ տարվա համեմատ ավելի շատ գումար կարելի էր ակնկալել նաև այն պատճառով, որ այս տարվա ապրիլ-մայիսին տեղի ունեցած քաղաքական գործընթացներին ակտիվորեն աջակցում էր հայկական սփյուռքը: Ֆեյսբուքյան տիրույթում հայրենասիրության այնպիսի պոռթկումների և նիկոլապաշտության այնպիսի դրսևորումների ենք ականատես լինում, որ էլ դու սուս, բայց արի ու տես, որ ամեն ինչ այդպես միանշանակ չէ:

Մի շարք պատճառներ կարող ենք նշել, թե ինչու «Հայաստան» հիմնադրամին համեմատաբար քիչ գումար է նվիրաբերվել, բայց կառանձնացնենք երկուսը:

Ինչպես հայտնի է, հետհեղափոխական էյֆորիայից, տեսարաներ ապահովելու ցանկությունից ու այլընտրանքային հիմնադրամ աշխատացնելու գործնական հաշվարկից ելնելով՝ «Հայաստան» հիմնադրամի վարկաբեկման գործընթաց սկսվեց: Մեծ աղմուկով ձերբակալվեց հիմնադրամի նախկին տնօրենը, որին հետո անաղմուկ բաց թողեցին: Բայց նստվածքը մնաց:

«Հայաստան» հիմնադրամի «փչացմանը» զուգահեռ սկսեցին «ռասկրուտկա» անել «Իմ քայլը» հիմնադրամը: Հետո մի պահից սկսած հասկացան, որ չէր կարելի այդպես վարկաբեկել «Հայաստան» հիմնադրամը, որը եզակի համահայկական կառույցներից է, բայց գնացքն արդեն գնացել էր:

Հիմնադրամի իմիջին լուրջ հարված հասցնել, իսկ հետո ակնկալել, որ դրան գումարներ կնվիրաբերեն, առնվազն անլուրջ է: Դեռ լավ է, որ 11 միլիոնից ավելի է հավաքվել: Կարող էր շատ ավելի քիչ լինել:

Պետրոս Ալեքսանյան

Այս խորագրի վերջին նյութերը