Քաղաքական

22.11.2018 16:16


Մերժվել է Սամվել Մայրապետյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը

Մերժվել է Սամվել Մայրապետյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը

Դատախազությունը մերժել է Սամվել Մայրապետյանի խափանման միջոց կալանավորումը անձնական երաշխավորությամբ փոփոխելու վերաբերյալ միջնորդությունը: Այս մասին «Ա1+»-ին հայտնեց Դատախազության մամուլի խոսնակ Արեւիկ Խաչատրյանը:

Խափանման միջոցը փոխելու միջնորդության պատճառը՝ Սամվել Մայրապետյանի առողջական վիճակն է: «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանվում է, որ քրեական դատավարության նույն փուլում կամ քրեական վարույթն իրականացնող նույն մարմնին միջնորդության և պահանջի կրկին ներկայացում հնարավոր է, եթե դրանք հիմնավորելու համար բերվում են նոր փաստարկներ, կամ քրեական դատավարության ընթացքում հաստատվել է դրանց բավարարման անհրաժեշտությունը: Մինչդեռ, Ս. Մայրապետյանի խափանման միջոցի փոփոխման վերաբերյալ` վերջինիս պաշտպանի կողմից ներկայացված նախորդ միջնորդության համեմատ նման նոր փաստարկներ չեն ներկայացվել:

Ընդ որում, օրեր առաջ դատախազությունում հրավիրված Ս. Մայրապետյանի պաշտպանի և ներկայացուցչի ընդունելության արդյունքներով ցուցում էր տրվել վարույթն իրականացնող մարմնին` Ս. Մայրապետյանի առողջական վիճակի պարզման և գնահատման նպատակով դատաբժշկական փորձաքննություն նշանակելու վերաբերյալ, որի արդյունքների հայտնի դառնալուց հետո հնարավոր կլինի անդրադառնալ այդ պատճառաբանությամբ խափանման միջոցի փոփոխման հարցին»,-ասաց Արեւիկ Խաչատրյանը:

Հիշեցնենք՝ գորածարար Սամվել Մայրապետյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 38-311 հոդվածով՝ կաշառքի օժանդակություն։

Այս խորագրի վերջին նյութերը