Լրահոս

22.11.2018 12:26


«Շաքե» հիմնադրամը կաջակցի շաքարախտով հիվանդ երեխաներին

«Շաքե»  հիմնադրամը կաջակցի շաքարախտով հիվանդ երեխաներին

Շաքարային դիաբետի զարգացման տեմպերն ամբողջ աշխարհում տարեցտարի աճում են: Ըստ ստատիստիկ վերջին տվյալների՝ աշխարհում շուրջ 425.000.000 շաքարախտով հիվանդ մարդ կա: Շաքարային դիաբետի 1-ին տիպով հիվանդների քանակը տարեկան ավելանում է 3%-ով: «Շաքե» բարեգործական հիմնադրամի հիմնադիր Սահակ Դաշյանն ահազանգող տվյալներ է հաղորդում. «Ուղիղ մեկ ամիս առաջ 1-ին տիպի շաքարային դիաբետ ունեցող մինչև 18 տարեկան երեխաների թիվը Հայաստանում կազմում էր 570, մեկ ամիս անց մենք ունենք ևս 6 երեխա, ովքեր հիվանդացել են շաքարախտով: Սրանք մտահոգիչ թվեր են: Հայաստանում տարեկան ծնվում է 40.000-45.000 երեխա, նրանցից 4-5-ի մոտ առկա է այս հիվանդությունը»,-նշում է Սահակ Դաշյանը:

46494407_491899307986492_2888442171726233600_n

Սահակ Դաշյանը Հայաստանում ևս այս հիվանդության պրոգրեսիվ աճը տեսնելով՝ վերջերս հիմնել է «Շաքե» բարեգործական հիմնադրամը՝ shake.am: «Շաքե» բարեգործական հիմնադրամի ստեղծման համար հիմք է դարձել Սահակ Դաշյանի ընտանիքի անձնական պատմությունը. իր երեք երեխաներից երկուսն ունեն այս հիվանդությունը: Մեծ դստեր՝ Շաքեի անունով էլ անվանակոչվել է հիմնադրամը: Իր երեխաները կարողացել են հաղթահարել այս խնդիրը հետևողական բուժման արդյունքում. ինսուլինային պոմպերի միջոցով նրանք ապրում են առողջ կենսակերպով: Քաջատեղյակ լինելով այն խնդիրներին, որոնց բախվում են շաքարախտով հիվանդ երեխա ունեցող ընտանիքները՝ Սահակ Դաշյանը պատրաստ է օգնելու և աջակցելու նման ընտանիքներին. ««Շաքե» հիմնադրամի գերնպատակն է հնարավորություն տալ հիվանդ երեխաներին օգտվելու ինսուլինային պոմպերից: Մենք ցանկանում ենք 5-6 տարում հասնել նրան, որ Հայաստանում դիաբետ ունեցող երեխաներն անվճար ստանան թե՛ պոմպը, թե՛ ամենամսյա պարագաները, որոնք ծախսատար են»,-նշում է «Շաքե» բարեգործական հիմնադրամի հիմնադիր Սահակ Դաշյանը:

Ինսուլինային պոմպերն արդեն լայնորեն կիրառվում են ամբողջ աշխարհում: Դրանց միջոցով բարելավվում է դիաբետ ունեցող հիվանդների կյանքի որակը: Պոմպային ինսուլինոթերապիան չունի հակացուցում. այն խորհորդ է տրվում թե՛ երեխաներին, թե՛ հղիներին.

«Իսուլինային պոմպը սարք է, որի վրա ծրագրով ներդրվում է տվյալ հիվանդի համար անհրաժեշտ ինսուլինի չափաքանակը /դոզան/, օրվա տարբեր ժամերի կարելի է ինսուլինի արտադրման տարբեր արագություն դնել, այսինքն՝ օրվա տարբեր ժամերին տարբեր քանակի ինսուլին արտադրվի»,- նշում է Բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Երևանի պետական բժշկական համալսարանի էնդոկրինոլոգիայի ամբիոնի վարիչ, Մուրացան համալսարանական կլինիկայի Էնդոկրինոլոգիայի բաժանմունքի վարիչ Ելենա Աղաջանովան:

Հայաստանում ինսուլինային պոմպեր տեղադրվել է 6 հիվանդի: Սա շատ փոքր ցուցանիշ է՝ ըստ Սահակ Դաշյանի: Նա մատնանշում է այն, որ Սլովենիայի բնակչությունը մեզնից քիչ է, բայց այնտեղ շաքարային դիաբետով հիվանդ բոլոր երեխաները ստանում են թե՛ պոմպը, թե՛ ծախսատար պարագաները: Ֆինանսական աջակցություն ունենալու դեպքում «Շաքե» հիմնադրամը պատրաստ է ինսուլինային պոմպերի տեղադրման և դրա կիրառման մասսայականությունն ապահովելու: Եվ այս հարցում հիմնադրամը սրտացավ անհատների և պետական կառույցներին հնարավոր ֆինանսական աջակցություն կարիքն ունի, որպեսզի կարողանա լավագույն օգնությունը ցույց տալ շաքարախտով հիվանդ հայ փոքրիկներին:

Բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Երևանի պետական բժշկական համալսարանի Էնդոկրինոլոգիայի ամբիոնի վարիչ Ելենա Աղաջանովան նշում է, որ շաքարային դիաբետից ապահովագրված չէ և ոչ ոք: Հիվանդության առաջացման պատճառներից առաջնայինը նա նշում է ժառանգական նախատրմադրվածությունը, հետո կարող են դեր խաղալ նաև փոփոխվող կյանքի պայմանները, տարբեր ինֆեկցիաները ու վիրուսները, որոնք տարածված են ամբողջ աշխարհում, սթրեսային գործոնները: Հիվանդությունն ախտահարում է օրգանիզմի բնականոն գործունեությունը. «1-ին տիպի շաքարախտի ժամանակ օրգանիզմում ինսուլին չի արտադրվում: Օրգանիզմում քայքայվում են ինսուլին արտադրող բջիջները՝ մոտ 90%-ով: Ինսուլինի բացակայության դեպքում գլյուկոզան չի կարող մտնել բջիջ, այսինքն՝ օրգանիզմը մնում է առանց էներգիայի»,-նշում է Ելենա Աղաջանովան:

46495721_364336457722375_2675881770640998400_n

Բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ելենա Աղաջանովան փաստում է, որ հիվանդության առկայության տիպիկ գանգատներից են՝ թուլությունը, հաճախամիզությունը, ծարավի զգացողությունը, նիհարելը, սրտխառնոցը, քնքոտությունը և այլն:

«Շաքե» բարեգործական հիմնադրամը շաքարախտով հիվանդ հայ փոքրիկների համար՝ աջակցություն ստանալու դեպքում ևս մեկ ծրագիր է ցանկանում կյանքի կոչել. «Ցանկանում ենք, որ 2019 թվականին Հայաստանում հաշվառված բոլոր շաքարային դիաբետ ունեցող երեխաներն անցնեն մի հետազոտություն, որը կոչվում է շաքարի շարունակական մոնիթորինգ, այսինքն՝ երեխայի մաշկի վրա սարք է ամրացվում մեկ շաբաթով և այդ հետազոտության միջոցով մենք կարողանում ենք ավելի ստույգ պատկերացում ունենալ երեխայի շաքարախտի ընթացքի մասին»,- նշում է Սահակ Դաշյանը:

Ըստ «Շաքե» բարեգործական հիմնադրամի հիմնադիր Սահակ Դաշյանի՝ դիաբետը սարսափելի չէ, սարսափելի են բարդությունները, որոնք կարելի է կանգնեցնել: Իրենց հիմնադրամը սատարելու է այս հիվանդությունն ունեցող երեխաներին, որպեսզի հիվանդությունը առավելագույնս չխոչընդոտի նրանց բնականոն կյանքին. «Ո՞վ գիտի, որ Շերլ Սթոունը, Սիլվեստեր Ստալոնեն ունեն այս հիվանդությունը: Մեր երեխաները կարող են դառնալ և՛ Շերլ Սթոուն, և՛ Սիլվեստեր Ստալոնե»,-եզրափակում է խոսքը «Շաքե» բարեգործական հիմնադրամի հիմնադիր Սահակ Դաշյանը:

Աղբյուրը՝ yerevak.am

Այս խորագրի վերջին նյութերը