Մեկնաբանություն

20.11.2018 13:53


Ինչու մերժվեց Սերժը (տեսանյութ)

Ինչու մերժվեց Սերժը (տեսանյութ)

Սերժ Սարգսյանն իր նախագահության շրջանում (հատկապես՝ սկզբնական փուլում) անընդհատ տալիս էր խոստումներ, որոնք չէին իրականանում կամ իրականանում էին հակառակ նշանով: Այսինքն՝ խոստացվում էր մի բան, հետո տեղի էր ունենում ճիշտ հակառակը:

ՀՀԿ ղեկավարի վերջին խոստումը, որ չկատարվեց, մարդկանց դուրս բերեց փողոց ու սկսվեց մերժման գործընթացը: Ինչպես հայտնի է, Սարգսյանը խոստացել էր խորհրդարանական կառավարման համակարգին անցնելու դեպքում չհավակնել վարչապետի պաշտոնին, բայց հենց որ Սահմանադրությունը փոխվեց, քաղաքական դաշտը փոշիացվեց ու 2017-ի խորհրդարանում ստացանք գրպանային ընդդիմություն, նա «մոռացավ» իր խոստման մասին ու դարձավ վարչապետ: Դա բաժակի վերջին կաթիլն էր:

Մայիսին տեղի ունեցած գործընթացները կարելի է որակել որպես՝ ստի մերժում: Այդ մերժման արդյունքում իշխանության եկած Նիկոլ Փաշինյանը, սակայն, կրկնում է իր նախորդի վարքագիծը:

Այսպես, այսօր հրավիրած ասուլիսում Փաշինյանը խոսել է այն մասին, որ ինքը ամբողջությամբ կատարել է հրապարակում կայացրած որոշումները և իր խոստման տերն է եղել, բայց չէ՞ որ դա այդպես չէ:

Փաշինյանն ասում է, որ հրապարակում Ընտրական նոր օրենսգրքի թեմա չի եղել, այլ եղել է արտահերթ ընտրությունների թեմա, ինչին իրենք հասել են:

Ճիշտ է, Փաշինյանը նաև փորձել է որոշակիորեն շտկել իր ձևակերպումը՝ ասելով, որ իրենք բոլոր ջանքերը գործադրել են, որպեսզի նոր օրենսգիրքը ընդունվի, սակայն դա տեղի չի ունեցել:

Թե ինչպիսի ձևակերպումներով է Փաշինյանը փորձում հիմնավրել, թե ինչու առանց Ընտրական նոր օրենսգրքի ընդունման է հասել ԱԺ արտահերթ ընտրություններին, արդեն էական չէ: Էականն այն է, որ այդ հարցը դրվել է ինչպես հրապարակում (տե՛ս կից տեսանյութը), այնպես էլ Փաշինյանի կառավարության ներկայացրած ծրագրում:

Մեջբերում կառավարության ծրագրի 2-րդ գլխից. «Կառավարությունը կարևորում է այնպիսի արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը, որը կլինի իրապես ազատ, արդար, թափանցիկ, ժողովրդավարական։ Այդպիսի ընտրություններ անցկացնելու և ընտրությունների՝ հանրության կողմից չվիճարկվող արդյունքներ արձանագրելու նպատակով անհրաժեշտ է իրականացնել Ընտրական օրենսգրքի և ընտրական համակարգի էական բարեփոխումներ: Այդ փոփոխություններով անհրաժեշտ է՝

-Հրաժարվել ռեյտինգային ընտրական համակարգից և անցնել լիարժեք համամասնական համակարգի,

-Ձևավորել նոր՝ իրական պատկերն արտացոլող ընտրական ցուցակներ, որոնք հետագայում կթարմացվեն ինքնաշխատ եղանակով,

-Բացառել կրկնաքվեարկության հնարավորությունը՝ քվեարկած ընտրողների մատնահետքերի համաժամանակյա և ինտեգրված ստուգման ցանց ստեղծելու կամ համարժեք այլ եղանակով,

-Օրենքով երաշխավորել ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերին անվճար և վճարովի հիմունքներով տրամադրվող եթերաժամերի տեղադրումը ամենադիտվող ժամերին,

-Բացառել քաղաքացիների կամարտահայտման վրա ապօրինի ազդեցություն ների գործադրումը, ճնշումներն ու ընտրակաշառքը։ Այդ նպատակով իրավապահ համակարգում ստեղծել ընտրողների կողմնորոշման վրա ստիպողաբար կամ սպառնալիքներով գործադրվող ազդեցության, ընտրակաշառքների և օրենքով արգելված նյութական նվիրատվությունների, ծառայությունների մատուցման, ապօրինի խոստումների և ընտրարշավի ապօրինի ֆինանսավորման դեմ պայքարի ստորաբաժանում,

- Իրականացնել Ընտրական օրենսգրքի՝ ընտրողների ազատ կամարտահայտումը երաշխավորող այլ փոփոխություններ»:

Այստեղ երկիմաստություն չկա: Կառավարությունը պարտավորվել և խոստացել է մինչև արտահերթ ընտրությունները, որոնք կառավարության ծրագրի ընդունումից հետո պետք է տեղի ունենային մեկ տարվա ընթացքում, ընդունել Ընտրական նոր օրենսգիրք, որպեսզի որակապես այլ ընտրություններ տեղի ունենան: Ի դեպ, Ընտրական նոր օրենսգրքի ընդունումը նոր կառավարության այն եզակի խոստումներից է, որը վերացական չէ և կոնկրետ ժամանակահատվածում հնարավոր է գնահատել՝ արդյոք կատարվե՞լ, թե՞ ոչ:

Այնպես, ինչպես հոկտեմբերի 2-ին Փաշինյանը գրոհեց ԱԺ-ի վրա, որպեսզի արագացնի արտահերթի անցկացումը, կարող էր նույնն անել Ընտրական նոր օրենսգրքի ընդունման հետ կապված: Չէ՞ որ դա էր դարձել խաղի կանոն: Կարող էր, բայց չարեց, քանզի «ռեյտինգային» ընտրակարգն իրեն ձեռնտու էր, որովհետև իշխանության վերարտադրման, մյուսներին «քցելու» և խորհրդարանի ապագա կազմի ընտրության հարցերում «ռեյտինգայինը» տալիս է լայն հնարավորություններ:

«Ռեյտինգայինը» կարված է ոչ թե ՀՀԿ-ի, այլ «իշխանության կուսակցության» հագով: Հիմա «իշխանության կուսակցությունը» «Քաղաքացիական պայմանագիրն» է և «ռեյտինգայինը» դարձել է ցանկալի Փաշինյանի համար: Ասել է թե՝ գործ ունենք զուտ իշխանության համար մղվող պայքարի հետ: Դա վատ իմաստով չենք ասում, պարզապես փաստն ենք արձանագրում՝ հետագայի համար:

Արձանագրենք նաև, որ բոլոր այն ձևակերպումները, թե իբր ժողովուրդն է հրապարակում որոշումներ կայացնում, սովորական պոպուլիզմ են: Մենք այդ մասին վաղուց ենք ասել, պարզապես այլոց համար ենք կրկնում:

Պետրոս Ալեքսանյան

Այս խորագրի վերջին նյութերը