Մեկնաբանություն

20.11.2018 11:30


Ալիևը ակտիվանում է ՀԱՊԿ տիրույթում. կիրականացնի՞ Փաշինյանն իր խոստումը

Ալիևը ակտիվանում է ՀԱՊԿ տիրույթում. կիրականացնի՞ Փաշինյանն իր խոստումը

Օգտվելով պաշտոնական Երևանի կոպիտ սխալից՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ՀԱՊԿ տիրույթում դիմում է հակահայկական ագրեսիվ քայլերի ու անցնում բաց գրոհի:

Ներքաղաքական տեսարաններ ապահովելու և սեփական պատկերացումներին իրավական տեսք տալու նպատակով գեներալ Խաչատուրովի դեմ քրեական հետապնդում սկսվեց, ինչը լուրջ խնդիրներ է առաջացրել Հայաստանի ու Արցախի համար:

Այնպես չէ, որ ՀԱՊԿ-ում ամեն ինչ կարգին էր, ու մենք դաշնակցային հարաբերություններ ունեինք Բելառուսի ու Ղազախստանի հետ, բայց Խաչատուրովի թեման առիթ դարձավ, որպեսզի ՀՀ-ին անկյուն քշեն: Սա այն դեպքն է, երբ մեր ռազմավարական դաշնակից ՌԴ-ն էլ է տարակուսած ու զայրացած կազմակերպության իմիջին Հայաստանի հասցրած հարվածից:

Նիկոլ Փաշինյանի քայլերը հնարավորություն տվեցին Ալիևին գրոհի դիմել մեր դեմ հենց ՀԱՊԿ-ի տիրույթում: Բելառուսն ու Ղազախստանը, այսպես ասած, լեգիտիմ հնարավորություն ստացան ուղղակիորեն հակադրվել Հայաստանին ու անուղղակիորեն՝ Ռուսաստանին: Կազմակերպության անդամ մյուս երկրները դեռևս պասիվ են իրենց պահում, բայց եթե այսպես շարունակվի, ապա կարող են կցվել Բելառուս-Ղազախստան զույգին ու խաղալ Ալիևի ցանկալի սցենարով:

Փաստորեն, ստացվում է, որ ՀԱՊԿ անդամ չհանդիսացող Ադրբեջանն ավելի շատ դաշնակիցներ ունի այդ կառույցում, քան Հայաստանը: Սա, բնականաբար, ձեռնտու չէ մեզ և ՌԴ-ին, բայց ամբողջ խնդիրն այն է, որ Երևանն է Մինսկին ու Աստանային նման շանս տվել, որպեսզի վերջիններս Մոսկվայի հետ առևտուր սկսեն ու զուգահեռաբար առաջ տանեն Բաքվի գիծը՝ բնականաբար ոչ առանց վարձատրության:

Չէր կարելի մեր երկրի անվտանգությանն առնչվող հարցը գերի դարձնել «Մարտի 1»-ի սեփական պատկերացումներին ու ներքաղաքական հաշվարկներին:

Ի դեպ, Փաշինյանը խոստացել է, որ ՀՀ-ն պահելու է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի կարգավիճակը: Դեկտեմբերի 6-ին պարզ կդառնա, թե ինչքանով է նրա խոստումն իրականացել:

Դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններից 2 օր առաջ շատ լավ հնարավորություն է ստեղծվում գնահատել փաշինյանական խոստումների իրականանալիության հավանականությունը:

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը