Լրահոս

19.11.2018 19:16


Քառասունվեցամյա կինը Երևանում եռյակ է լույս աշխարհ բերել

Քառասունվեցամյա կինը  Երևանում եռյակ է լույս աշխարհ բերել

Քսանյոթ տարվա սպասումից հետո 46-ամյա Նարինե Մարտիրոսյանը եռյակ է ծնել` երկու աղջիկ և մեկ տղա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` երեխաները ծնվել են երկու շաբաթ առաջ Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում:

«Սա բավականին յուրահատուկ դեպք է: 46-ամյա կինը եռյակին ծննդաբերեց արտամարմնային բեղմնավորումից հետո: Վերջերս դեմ եմ երեք սաղմ հանձնելուն, քանի որ նման դեպքերում դժվարությամբ է հաղթահարվում հղիության ընթացքը, կարող է վաղաժամ ծննդաբերություն լինել, և մենք երկու սաղմ դրեցինք, բայց մի սաղմը ինքնուրույն բաժանվեց: Երկու աղջիկ մի սաղմից էին, իսկ տղան` առանձին»,-պատմեց կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Գեորգի Օկոևը:

Նա նշեց, որ երեխաները նորածնային ինտենսիվ թերապիայի բաժանմունքից նոյեմբերի 19-ին են տեղափոխվել պալատ և մոր կողքին են:

«Երեխաները 34 շաբաթական են ծնվել: Նրանք կշռում են 1. 65, 1.95, 1. 85 կգ»,-ընդգծեց պրոֆեսորը:

Նարինե Մարտիրոսյանն ասաց, որ եռյակի ծնունդն իրենց համար մեծ երջանկություն է: «Հիանալի տրամադրություն ունենք: Երեխաներին անվանելու ենք Էդգար, Էլինա և Լիա, քանի որ շատ ենք սիրում այդ անունները»,-շեշտեց փոքրիկների մայրը:

Նա պատմեց, որ երեխաներ ունենալն իրենց ընտանիքի կյանքի նպատակն է եղել և բազմաթիվ անգամներ են փորձել իրականացնել այդ երազանքը` մասնագետների դիմելով նաև արտասահմանում, բայց արդյունքի են հասել հայրենիքում:

Երեխաների հայրը` Գևորգ Ասատրյանը շնորհակալություն հայտնեց իրենց աջակցող բոլոր մարդկանց և ասաց, որ երբեք պետք չէ հուսահատվել, միշտ պետք է հավատալ:

Եռյակը բուժման փուլից դուրս է եկել և շուտով դուրս կգրվի հիվանդանոցից:

Այս խորագրի վերջին նյութերը