Մեկնաբանություն

19.11.2018 13:25


Տիգրան Սարգսյանի ուրվականը. խոպանչիներին ուզում են հարկել

Տիգրան Սարգսյանի ուրվականը. խոպանչիներին ուզում են հարկել

Երբ կառավարությունն անկարող է լինում ավելացնել տնտեսության ֆիզիկական ծավալները և կատարել իր սոցիալական պարտավորությունները, դիմում է պարզունակ մեթոդի օգնությանը՝ ավելացնում է հարկային դրույքաչափերը կամ հորինում է նոր հարկատեսակներ:

«Մեծ բյուջե» ունենալու ձգտում ունեն երկու տիպի պետությունները՝ սոցիալական շուկայական ուղղվածության և չկայացած: Առաջինները ՀՆԱ-ի մեծ մասի բաշխումն իրականացնում են պետական բյուջեի միջոցով՝ հիմնվելով բարձր հարկեր վճարելու հանրային համաձայնության վրա (վառ օրինակ է Շվեդիան, որի ՀՆԱ-ի ավելի քան 50 տոկոսը բաշխվում է բյուջեի միջոցով, իսկ բյուջեն իր հերթին սոցիալական ֆունկցիայի հսկայական փաթեթ ունի):

Մյուս դեպքում, երբ «մեծ բյուջե» են հավաքում, հիմնականում նպատակ ունեն կա՛մ «լեգալ» կոռուպցիա ապահովել պետբյուջեի ծախսային մասի օգնությամբ, կա՛մ անկարող են տնտեսության խթանում ապահովել ու պետության նվազագույն պարտավորություններ կատարել:

Բյուջեն տնտեսագիտության մեջ համարվում է ֆունկցիա տնտեսության վիճակից: Բյուջեն չի կարող նպատակ համարվել: Այն գործիք է՝ տնտեսությունը զարգացնելու, պետության սոցիալական ու այլ տիպի պարտավորությունները կատարելու և բաշխման հարաբերությունները կարգավորելու համար:

Տուժում են այն երկրները, որոնք նպատակի ու միջոցի տեղերը խառնում են՝ «մեծ բյուջեն» դարձնելով իդեա-ֆիքս:

Տիգրան Սարգսյանի ուրվականը

Հայաստանում մի վարչապետ կար՝ Տիգրան Սարգսյանը: Նրա վրա դրված էր «մեծ բյուջե» հավաքելու առաջադրանքը և նա նորանոր հարկատեսակներ էր մտածում: Որքան վատանում էր տնտեսության վիճակը, այնքան նա նոր հարկեր էր մտածում ու եղած հարկատեսակների շրջանակներում քամում էր բիզնեսին, ինչը վնասում էր բոլորին ու նպաստում տնտեսական անկմանը: Նաև դա էր պատճառը, որ Տ. Սարգսյանը հեռացվեց վարչապետի պաշտոնից:

Այս տարվա մայիսից հետո ունենք նոր իշխանություն, որը տնտեսության կտրուկ զարգացում է խոստացել, ներդրումների աճ ու զբոսաշրջիկների թվի էական ավելացում: Առայժմ ո՛չ առաջինը կա, ո՛չ երկրորդը, ո՛չ էլ երրորդը: Փոխարենն ունենք Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն այն մասին, որ մեզանում կան 350 հազար ճռռացողներ և 800 հազար թամբալներ: Թերևս 800 հազար «թամբալին» պահելու դժվարություններ են առաջացել, և ՊԵԿ-ը որոշել է դրսում ճռռացող մի քանի հարյուր հազար ՀՀ քաղաքացու վրա նոր հարկ դնել, որը պայմանականորեն կարելի է անվանել «խոպանչու հարկ»:

«Խոպանչու հարկը» և «Մի՛ արի տուն» ծրագիրը

Հայաստանը փորձում է ներդնել տրանսֆերտների հարկման մեխանիզմ, այսինքն՝ եթե քաղաքացին դրսից եկամուտ է ստանում, պարտավոր է այն հայտարարագրել ու դրա 23 տոկոսը որպես եկամտային հարկ վճարել պետությանը: Սա դեռ գաղափար է, որը ՊԵԿ-ը շրջանառության մեջ է դրել, բայց որն արդեն հասցրել է քաղաքացիների շրջանում անհանգստություն առաջացնել:

«Հարկը գանձվելու է տարեկան կտրվածքով: Ինքն արդեն պետք է իմանա, որ ինքը դրսից գումար է ստացել, դա եկամուտ է, որից ինքը պետք է հարկ վճարի: Հիմա ժողովուրդը կարող է մեզ քննադատել, ասել՝ տարիներ շարունակ մեր հարևանը, բարեկամը կամ ամուսինը խոպանում գումար է վաստակել և ուղարկել, որը չի հարկվել: Այո՛, այդ գումարը, որը նա վաստակել, ուղարկել է, պետք է որպես եկամուտ հայտարարագրվի, ու դրա հասանելիքը պետք է պետությունը ստանա: Եթե անձը, որն այդ եկամուտը ստացել է, դրսում արդեն հարկվել է, ապա պետք է մեզ ներկայացվեն տեղեկանքները, մենք հաշվի պետք է առնենք այդ հարկը, հանենք տարբերությունը և ապա հարկենք մեր օրենքով»,-հայտարարել է ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում:

Փաստորեն, Տիգրան Սարգսյանը գնաց Մոսկվա, բայց նրա ուրվականը դեռ շրջում է Հայաստանում ու նոր հարկատեսակներ սահմանում:

Ակնհայտ է, որ այս հարկատեսակի ներդրումը լուրջ դժգոհություններ է առաջացնելու: Դրսում եկամուտ ստացող և Հայաստան ուղարկողները այսպես թե այնպես խթանում են մեր տնտեսությանն ու նպաստում բյուջեի աճին: Ավելին՝ նրանք մեր պետբյուջեի եկամտային մասին համարժեք գումարներ են ուղարկում դրսից ու նպաստում այստեղ վճարունակ պահանջարկի խթանմանը:

Հիմա եթե մասնավոր տրանսֆերտները հարկելու օրենք մտնի, ապա մարդիկ ամեն ինչ անելու են, որ խուսափեն հարկից կամ էլ արդեն ոչ թե ընտանիքներին են փող ուղարկելու, այլ ընտանիքներին կարող են հետները տանել Ռուսաստան:

Մի խոսքով, կառավարությունում պետք է մանրամասն վերլուծեն «խոպանչու հարկի» ներդրման հետ կապված ռիսկերը, գնահատեն օգուտներն ու վնասները, ապա նոր միայն քայլ կատարեն:

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը