Քաղաքական

17.11.2018 21:40


«Փաշինյանն իրեն հավանաբար միջազգային դատախազի տեղ է դրել». Բելառուսի ԱԳՆ-ն արձագանքել է Լուկաշենկոյից պարզաբանում պահանջելու հայտարարությանը

«Փաշինյանն իրեն հավանաբար միջազգային դատախազի տեղ է դրել». Բելառուսի ԱԳՆ-ն արձագանքել է Լուկաշենկոյից պարզաբանում պահանջելու հայտարարությանը

Մեծ քաղաքականության մեջ պետք է առաջնորդվել ոչ թե «փողոցային ժողովրդավարության» կանոններով, այլ ընդունված դիվանագիտական արարողակարգի բավականին հստակ նորմերով։ Այս մասին հայտարարել է Բելառուսի ԱԳՆ մամլո քարտուղար Անատոլի Գլազը՝ մեկնաբանելով Նիկոլ Փաշինյանի՝ Բելառուսի նախագահի հասցեին հնչեցված պահանջները։

«Երևում է, Հայաստանի վարչապետի պաշտոնակատարն իրեն միջազգային դատախազի դեր է վերագրել, որն իրավասու է պատժելու կամ ներելու»,-նշել է Անատոլի Գլազը։

Բելառուսի ԱԳՆ ներկայացուցչի կարծիքով՝ դա կարող է ընդունելի լինել ՀԱՊԿ-ի նախկին գլխավոր քարտուղարի՝ Հայաստանի քաղաքացի Յուրի Խաչատուրովի նկատմամբ, սակայն միջպետական հարաբերություններում արարողակարգի ու էթիկետի բավականին հստակ նորմեր կան։

«Հավանաբար պարոն Փաշինյանը դեռ չի հասկացել, որ այսպես կոչված փողոցային դեմոկրատիայի կանոններն անընդունելի են մեծ քաղաքականությունում։ Հուսով ենք, ժամանակի ընթացքում դա կանցնի»,-նշել է Անատոլի Գլազը։

Հիշեցնենք՝ նոյեմբերի 16-ին լրագրողների հետ զրույցում ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ մտադիր է Բելառուսի նախագահից բացատրություններ պահանջել ՀԱՊԿ-ում ստեղծված իրավիճակն Ադրբեջանի հետ քննարկելու հետ կապված։ Հայաստանի վարչապետը համարում է, որ Ալեքսանդր Լուկաշենկոն չպետք է հայտներ ՀԱՊԿ-ի՝ փակ դռների ետեւում անցկացված հանդիպման մանրամասները մի երկրի դեսպանին, որն այդ կազմակերպության անդամ չէ։

Աղբյուրը՝ politica.am

Այս խորագրի վերջին նյութերը