Հարցազրույց

09.03.2010 19:20


Զոյա Թադևոսյան

Զոյա Թադևոսյան

Հարզացրույց «Ժողովրդի իշխանություն» քաղաքական-հասարակական նախաձեռնության ներկայացուցիչ Զոյա Թադևոսյանի հետ։

-Մարտի 1-ին հրավիրած հանրահավաքում Հայ ազգային կոնգրեսը պահանջեց հունիսից մինչև սեպտեմբեր ընկած ժամանակաշրջանում արտահերթ համապետական ընտրություններ անցկացնել։ Դուք էլ Ձեր ելույթում պահանջեցիք Սերժ Սարգսյանի անհապաղ հրաժարականը։ Նշված ժամանակաշրջանում որքանո՞վ եք հավանական համարում արտահերթ ընտրությունների անցկացումը։

-Հայաստանում արտահերթ ընտրությունները պետք է դիտարկենք ոչ թե հավանականության, այլ անհրաժեշտության տեսանկյունից։ Եթե դրանք չլինեն, մեր երկրում սոցիալական, տնտեսական, բարոյահոգեբանական, արտաքին և ներքին քաղաքական իրավիճակի գահավիժումը կշարունակվի, իսկ գահավիժումը մեր հեղինակությանը շատ է վնասում։ Այն պարտությունները, որոնք գրանցվում են, գրանցվում են հենց վատ ընտրությունների արդյունքում։ Մեր երկրում գրեթե ընտրություններ չեն լինում։ Իշխանագողությունն ուղղակի դարձել է իշխանությունը գրավելու և ժողովրդի իշխանությունը տապալելու կերպ։

-Այդուհանդերձ, եթե այդ ժամանակահատվածում չլինեն արտահերթ ընտրություններ, Հայ ազգային կոնգրեսն ի՞նչ է անելու, հետագա գործողությունները որո՞նք են լինելու։

-Արտահերթ ընտրություններ պե՛տք է լինեն, պարտադիր է, որ լինեն։ Այս իշխանությունները պետք է մի փոքր հայրենասեր լինեն, մտածեն մեր երկրի վարկանիշն ամբողջ աշխարհում ավելի ու ավելի չտապալելու մասին։ Եթե դրա մասին չմտածեն, ամեն դեպքում սոցիալական, տնտեսական այն անդառնալի, վատթարագույն վիճակը, որ ստեղծվել է հանրապետությունում, կստիպի, որ ժողովրդական մասսաներն արդեն լայն բողոքի ալիք բարձրացնեն, ինչի արդյունքում այս իշխանությունները, ուզեն թե չուզեն, պետք է ընդառաջ գնան այդ ալիքը մեղմելուն և ժողովրդի կարծիքը հաշվի առնելուն։ Հակառակ դեպքում կսպասվի վատթարագույնը, որին ո՛չ ընդդիմությունը, ո՛չ  իշխանությունը չպետք է համաձայնվեն և տուրք տան։

-Հայ-թուրքական հարաբերությունների և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցերում ինչպիսի՞ զարգացումներ եք կանխատեսում և որքանո՞վ եք հնարավոր համարում պատերազմի վերսկսումը։

-Պատերազմի վերսկսման հավանականությունը միանգամից բացառում եմ, որովհետև մեր ժամանակներում պատերազմական իրավիճակների համար այլևս չկան օբյեկտիվ պայմաններ, հատկապես որ մենք կոլեկտիվ անվտանգության անդամ ենք, և չեմ կարծում, որ Ադրբեջանը հաշվի չառնի գերտերությունների կարծիքը։ Համենայնդեպս, նույն այդ գերտերություններն առանց պատերազմի փորձում են հասնել այն նպատակին, ինչը տարավ արձանագրությունների ստորագրմանը և հայ-թուրքական հարաբերություններում այդպիսի ազգուրաց արձանագրությունների երևան գալուն։ Այն, ինչ տեղի է ունենում, ցավոք սրտի, տեղի է ունենում մեր պետության մեջ ընտրական համակարգի վատթարագույն վիճակի պատճառով։ Տեսնո՞ւմ ենք՝ նորից գալիս հասնում ենք ընտրություններին։ Եթե ընտրությունների միջոցով իրականում ժողովրդի քվեն ստացած իշխանություն չձևավորվի, ամեն ինչ էլ հնարավոր է դրսում։ Դա կանխելու հիմնական ճանապարհը նոր ընտրություններն են, ժողովրդի վստահությունը վայելող իշխանության ձևավորումը, որից հետո, վստահ եմ, և՛ ներքին, և՛ արտաքին բոլոր խնդիրները շատ կարճ ժամկետում կարող են կարգավորվել։ Դա՛ է  մեր թերությունը, մեր թուլությունը, մեր հիվանդությունը։ Մեր անելանելի վիճակն ամբողջությամբ պայմանավորված է վատ ընտրություններով։ Եթե դու վատ ընտրություն ես անցկացնում, քեզ ներսում չեն վստահում, իսկ դրսում էլ օգտվում են այդ առիթից և պարտադրում այն, ինչը ձեռնտու է գերտերություններին իրենց պետության շահերը բավարարելու համար։ Մենք այսօր ինչ անում ենք, անում ենք ի շահ Ամերիկայի, Եվրոպայի, Ռուսաստանի, բայց ոչ երբեք ի շահ մեր իսկ ազգային, պետական անվտանգության, մեր իսկ ժողովրդի շահերի։

-Մարտի 1-ին պաշտոնապես միացաք ՀԱԿ-ին։ Այդպիսով կարելի՞ է ասել՝ համարում եք, որ այսօր միակ ընդդիմությունը ՀԱԿ-ն է։

-Եթե կա այլ ընդդիմություն, թող ցուցաբերեն իրենց ընդդիմադիր լինելը, թող ո՛չ ասեն այս իշխանություններին, թող կանգնեն ժողովրդի կողքին, թող, ի վերջո, ամեն ինչ անեն ժողովրդի իշխանությունը վերականգնելու համար և թող ապացուցեն, որ կան։ Ես այլ ընդդիմություն չեմ տեսնում։ Եթե կա այդ ընդդիմությունը, ես ուրախությամբ կարձանագրեմ դա։ Եթե ինչ-որ բանից էլ դժգոհ են, թող կանգնեն, փոխեն, ժողովրդի կողքին լինեն։ Այս իշխանություններն էլ են իրենց ընդդիմություն ներկայացնում, բայց ինչո՞վ են ընդդիմություն։ Եթե ես կերակրամանին մոտ եմ գտնվել, եթե ես կերակրամանից օգտվել եմ, եթե ես վնաս եմ տվել իմ ժողովրդին, ես երբեք ընդդիմություն չեմ։ Եթե կա այդպիսի ընդդիմություն, ուրեմն ամո՛թ այդ ազգին, որ հանդուրժում է մի ընդդիմություն, որը թալանում է, հետո հայտարարվում ընդդիմություն։ Պետք էլ չէ մեր հասարակությանը բաժանել տարբեր ընդդիմությունների։ Պետք է միավորվել, որովհետև մեր երկիրը կործանվում է։ Փրկե՛նք մեր երկիրը, հետո որոշենք՝ ով որտեղ ինչ ընդդիմություն է։

-Կոնկրետ ո՞ւմ ի նկատի ունեք։

-Այսօր քաղաքական ուժ կա, որ իրեն ընդդիմություն է հայտարարել։ Դաշնակցությանն ի նկատի ունեմ։

-Իսկ «Ժառանգության» մասի՞ն ինչ կասեք։ Իրական ընդդիմությո՞ւն է, թե՞ ոչ։

-«Ժառանգության» մասին ես երբեք չեմ ուզում ո՛չ լավն ասել, ո՛չ վատը։ Ես եղել եմ այդ ընտանիքում, հետևաբար իմ ընտանիքից ես չեմ բամբասի։

Զրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը

Այս խորագրի վերջին նյութերը