Քաղաքական

15.11.2018 19:15


Վճռաբեկ դատարանը բեկանել է Ռ.Քոչարյանի վերաբերյալ Վերաքննիչ դատարանի որոշումը (տեսանյութ)

Վճռաբեկ դատարանը բեկանել է Ռ.Քոչարյանի վերաբերյալ Վերաքննիչ դատարանի որոշումը (տեսանյութ)

Վճռաբեկ դատարանը սկսել է քննել Հայաստանի երկրորդ նախագահ, սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների և գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի վճռաբեկ բողոքները Քոչարյանի խափանման միջոցը վերացնելու՝ Վերաքննիչ դատարանի որոշման դեմ:

Քոչարյանի պաշտպանները պահանջում են Վճռաբեկ դատարանում քննարկման առարկա դարձնել նախկին նախագահի կալանավորման դեմ բերած փաստարկներից ևս երկուսը, մինչդեռ մեղադրող կողմը վիճարկում է կալանքը որպես խափանման միջոց վերացնելու՝ Վերաքննիչ դատարանի որոշումը:

Դատական նիստը դռնփակ է: Գործը վարույթ էր ընդունվել սեպտեմբերի 19-ին:

***

ՀՀ վճռաբեկ դատարանն այսօր՝ նոյեմբերի 15-ին, բեկանել է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումն անձեռնմխելիության հիմքով վերացնելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի որոշումը և գործն ուղարկել նույն դատարան նոր քննության:

Վճռաբեկ դատարանի որոշմամբ մասնակի բավարարվել է Գլխավոր դատախազի բողոքը և մերժվել՝ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններ Հայկ Ալումյանի, Արամ Օրբելյանի, Հովհաննես Խուդոյանի և Ռուբեն Սահակյանի կողմից ներկայացված բողոքը:

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը որոշումը հրապարակելիս նաև տեղեկացրել է, որ հատուկ կարծիք է հայտնել Վճռաբեկ դատարանի դատավոր Սերժիկ Ավետիսյանը՝ գտնելով, որ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի և Ռոբերտ Քոչարյանի պաշտապանների բողոքների վերաբերյալ վարույթն անհրաժեշտ է կասեցնել և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 136֊րդ հոդվածի 2֊րդ մասի սահմանադրականության հարցով դիմել ՀՀ սահմանադրական դատարան:

Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմ

***

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել էր, որ կան կադրեր, թե ինչպես են ակտիվիստները 2008 թվականի մարտի 1-ին կրակում ավտոբուսների հետևից, նորից մտնում ավտոբուսների հետևը։

Նշված կադրերը, ՀՀ երկրորդ նախագահի փաստաբան Հայկ Ալումյանի փոխանցմամբ, ներկայացվել են վճռաբեկ դատարան։

Այս խորագրի վերջին նյութերը