Քաղաքական

13.11.2018 10:23


«Եթե որևէ մեկը գիտի, թե ինչու է Սամվել Մայրապետյանը ձերբակալված՝ խնդրում եմ, ինձ ասեք». Լարիսա Ալավերդյան (տեսանյութ)

«Եթե որևէ մեկը գիտի, թե ինչու է Սամվել Մայրապետյանը ձերբակալված՝ խնդրում եմ, ինձ ասեք». Լարիսա Ալավերդյան (տեսանյութ)

«Եթե որևէ մեկը գիտի, թե ինչու է Սամվել Մայրապետյանը ձերբակալված՝ խնդրում եմ, ինձ ասեք, այս գործը չեմ համեմատում ոչ մի բանի հետ։ Ուղղակի այդ գործն առանձին վերցրած, ցավոք, մակերեսի վրա մնում են քաղաքական միտումները, որովհետև տպագրած նյութերի մեջ չեմ տեսել որևէ ուժեղ հիմք, որով Ս. Մայրապետյանը պետք է մնա կալանքի տակ»,-նշեց ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան, «Ընդդեմ իրավական կամայականությունների» հ/կ նախագահ Լարիսա Ալավերդյանը՝ անդրադառնալով գործարար Սամվել Մայրապետյանի ձերբակալությանը և նրա խափանման միջոցը չփոխելուն։

Ըստ Լարիսա Ալավերդյանի՝ այս գործով ՀՀ նոր իշխանությունների հանդեպ կարող է աշխատել նոր պիտակ, այն է՝ ընտրովի արդարադատություն։

«Մեզ դեռ քիչ է, որ առանց հաշվարկների, քաղաքական գինը չիմանալով, այսպես կոչված, անցումային արդարադատություն են մտցրել քննարկման մեջ, սա նման հնչեղ բանաձևի քաղաքական գնի չիմացություն է։ Բոլորովին խնդիր չկա, որ Հայաստանում տեղի ունենա նման արդարադատություն, մենք ունենք բոլոր հնարավորությունները, և սա վատ է բնութագրում նոր իշխանություններին։ Կարծում եմ՝ նոր իշխանություններն ունեն բազմաթիվ լծակներ, որպեսզի դրական վերափոխման ենթարկեն այդ դատական համակարգը և գործեն օրենքի ներքո»,-ասաց Լարիսա Ալավերդյանը և նկատեց, որ, ցավոք, Ս. Մայրապետյանի դեպքը տանում է այն համոզմունքին, որ Հայաստանում դեռ գոյություն ունի ընտրովի արդարադատություն, որից պետք է ազատվել օր առաջ։

Նրա խոսքով՝ Սամվել Մայրապետյանի գործի հետ կապված գործ ունենք արդար դատավարության իրավունքներ կոչվածի հետ, քանի որ ամենազարմանալին այն է, որ խոսելով դատաիրավական համակարգի մասին, ասում են, թե եղել են սխալներ, բայց այսօր շարունակում են նույն այդ սխալները: Այսինքն՝ անձը պահվում է անազատության մեջ, և հասարակությանը հայտնի չէ որևէ գործողության մասին։

«Երբ ասում են՝ ինչպես կցանկանա ժողովուրդը, ինչպես կասի ժողովուրդը, և այլն, կուզեի իմանալ, այն տասնյակ մարդիկ, որոնք մեծ արժանապատվություն ու հեղինակություն ունեցող են, նրանք ժողովո՞ւրդ են, թե՞ ոչ։ Համարում եմ, որ այդ մարդիկ ժողովուրդ են, և այն, որ անարձագանք են մնում նրանց դիմումները, կարծում եմ՝ սա Հայաստանում շատ վտանգավոր միտումներից մեկն է»,-եզրափակեց լարիսա Ալավերդյանը։

Աղբյուրը՝ 168.am

Այս խորագրի վերջին նյութերը