Քաղաքական

12.11.2018 17:59


«Մեզ վստահեցրել են, որ Հայաստանում ԱՄՆ-ի աջակցությամբ հիմնված լաբորատորիաների գործունեությունը խաղաղ բնույթ կկրի». ՌԴ ԱԳՆ

«Մեզ վստահեցրել են, որ Հայաստանում ԱՄՆ-ի աջակցությամբ հիմնված լաբորատորիաների գործունեությունը խաղաղ բնույթ կկրի». ՌԴ ԱԳՆ

«Կենսաբանական անվտանգության ապահովման խնդիրները, այդ թվում բնական կամ դիտավորությամբ տարածված ինֆեկցիոն հիվանդությունների հետ կապված ռիսկերի կառավարումը, առանձնահատուկ տեղ է զբաղեցնում ռուս-հայկական երկխոսությունում: Անցած տարի Երեւանում այդ թեմայի շուրջ անցկացվեցին երկկողմ խորհրդակցություններ, որոնց շրջանակում ռուսաստանյան փորձագետների համար կազմակերպվեցին այցելություններ ԱՄՆ-ի աջակցությամբ հիմնված հաստատություններ: Երախտապարտ ենք հայկական կողմին այդ քայլի համար»:

Այդ մասին հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից՝ պատասխանելով Հայաստանի կողմից ռուսաստանցի մասնագետներին կենսաբանական լաբորատորիաներ մուտք գործելու թույլտվություն տալու վերաբերյալ ԳԱԼԱ-ի հարցին:

«Խորհրդակցության ընթացքում տեղի ունեցավ կարծիքների օգտակար փոխանակություն՝ կապված բիոանվտանգության եւ այդ ոլորտում երկկողմ փոխգործակցության հնարավոր ուղղությունների հետ: Մեզ վստահեցրել են, որ Պենտագոնի մասնակցությամբ կառուցված լաբորատորիաների բազայի հիման վրա իրականացվածը բացառապես խաղաղ բնույթ կկրի եւ կհամապատասխանի կենսաբանական ու տոքսիկ զենքի արգելման մասին կոնվենցիայի նորմերին: Հաշվի առնելով Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ դաշնակցային հարաբերությունները՝ տրամադրված ենք բիոանվտանգության ոլորտում երկկողմ փոխգործակցության հետագա զարգացմանը»,-նշվում է ՌԴ ԱԳՆ-ի մեկնաբանությունում:

Հիշեցնենք, որ պաշտոնական Մոսկվան բազմիցս մտահոգություն է հայտնել Ռուսաստանի սահմանների մոտ ամերիկյան միջոցներով կառուցված կենսաբանական լաբորատորիաների գործունեության առիթով: Նման լաբորատորիաներ կան Ուկրաինայում, Վրաստանում, Ղազախստանում եւ Հայաստանում:

Այդ երկրներից Հայաստանն առաջինն էր, որ թույլատրեց ռուսաստանցի մասնագետների մուտքը լաբորատորիաներ:

Այս խորագրի վերջին նյութերը